Գագիկ Խաչատրյանը գույք է հանձնել պետությանը
Կառավարությունը որոշում է ընդունել պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցել Ավանի Աճառյան փողոցում գտնվող 16.013 քմ մակերեսով հողատարածքը, որով 2020 թվականից զբաղվում էր դատախազությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հաշտության համաձայնություն էր կնքվել 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով այդ գույքը պետությանը վերադարձնելու շուրջ, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի վճռով: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը: Գույքն այս պատկանում էր ՀՀ քաղաքացի Գալուստ Գրիգորյանին:
Դատախազությունը հաղորդում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք: ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք: Գալուստ Գրիգորյանը անցնում էր ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով: Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննություն Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է:
Կարծիքներ