Վրաստանի թուրքացումը

Վրաստանի թուրքացումը

Երեւում է, վրաց-ադրբեջանական սահմանային վեճը գնալով ստանում է քաղաքակրթական դիմակայության երանգ: Խնդրին անդրադառնալով` Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախայան ասել է, թե հույս ունի, որ Դավիթ-Գարեջի վանական համալիրի հարցը կկարգավորի ,,հօգուտ Վրաց ուղղափառ եկեղեցու,,:

Ենթատեքստը պարզ է. Վրաստանը Դավիթ-Գարեջի համալիրը համարում է սեփական ազգային ինքնության խորհրդանիշ եւ համարում, որ այն պետք է գտնվի իր սահմաններում: Ներկայումս վանական համալիրը գտնվում է ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության ներքո, որոնք ժամանակ առ ժամանակ ուխատովորների եւ զբողաշրջիկների մուտքը սահմանափակում են արհեստական պատրվակներով: Ադրբեջանում Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը դեռեւս պաշտոնական արձագանք չի հնչել: Փոխարենը մամուլը հեղեղվել է պատա-մշակութային թեմայով հրապարակումներով: Իշխող մոտեցումն այն է, որ Դավիթ-Գարեջի վանական համալիրը ,,վաղ միջնադարյան աղվանական քրիստոնեության կառույց է եւ որեւէ կապ չունի վրացական ինքնության հետ,,: Հոդվածներից մեկում այն տեսակետն է արտահայտված, որ հնագույն պատմագիտական աղբյուների վկայությամբ` ,,Սեւ եւ Կասպից ծովերի միջակայքը վաղնջական թյուրքախոս ցեղերի պատմական հայրենիքն է,,:

Հեղինակը վկայակոչում է Հարավային Վրաստանի կամ ինչպես ինքն է անվանում` ,,պատմական թյուրքական Բորչալուի,, մի շարք տեղանուններ, որոնք ,,ունեն թյուրքական ծագում,, եւ եզրահանգում, որ Ադրբեջանի ,,նկատմամբ Վրաստանի տարածքային հավակնությունները բացարձակապես անհիմն են,,: Տեղի է ունենում քարոզչական նախապատրաստություն, որպեսզի վիճելի շրջանում սահմանազատման հարցով բանակցություններում Ադրբեջանը դրսեւորի չափազանց կոշտ եւ անզիջում մոտեցում: Ակնհայտ է, որ դա հետապնդում է հեռահար նպատակներ: Տեղաշրջանը, որտեղ գտնվում է Դավիթ-Գարեջի վանական համալիրը, հիմնականում բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:

Դարերի ընթացքում այնտեղ ոչնչացվել են վրացական եւ առհասարակ քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները, փոխվել են տեղանունները: Դավիթ-Գարեջի վանական համալիրը վրացական ինքնության միակ վկայությունն է: Այս պարագայում խնդիրը ձեռք է բերում քաղաքական հնչեղություն եւ կապվում Վրաստանի ազգային անվտանգության հետ: Այդ է պատճառը, որ Վրաստանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վանական համալիրը ներառնի իր սահմաններում: Դա Վրաստանի համար կապահովի վտանգավոր տեղաշրջանում պահպանել եւ զարգացնել ազգային ինքնությունը: Իսկ եթե խնդիրը լուծվի հօգուտ Ադրբեջանի, ապա այսպես կոչված Բորչալուն կվերածվի միատարր թուրքական տեղաշրջանի: Ադրբեջանական աղբյուրները խանդավառությամբ արձանագրում են Բորչալուում ժողովրդագրական բումը: Խոսվում է այն մասին, որ տեղում էթնիկ ադրբեջանցիների թվաքանակը հասնում է կես միլիոնի: Եթե նման միտումները պահպանվեն, ապա Վրաստանը մոտակա երկու-երեք տասնամյակների ընթացքում ժողովրդագրական ճգնաժամ կապրի:

Ըստ երեւույթին, հենց նման հեռանկարի չեզոքացման նպատակն է Վրաստանի իշխանություններին մղում արագորեն կարգավորել Ադրբեջանի հետ սահամանազատման հարցերը եւ ճշտորոշել ազգային ինքնության եւ պետական ինքնիշխանության միջավայրը, որից հետո հնարավոր կլինի արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ հակակշռել Ադրբեջանի ,,փափուկ նվաճողականությունը,,: Վրաստանի նախորդ իշխանությունների համար այս խնդիրը երկրորդական էր: Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը նախապատվությունը տալիս էր Ադրբեջանի հետ տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերին: Դրանք դիտարկվում էին որպես Ռուսաստանի ազդեցությունը հաղթահարելու գործիքներ:

Արդյունքում ռուս-վրացական հարաբերությունները հիմնավորապես փչացել են, բայց Վրաստանը չի շահել, քանի որ ենթարկվել է այլ` արդեն քաղաքակրթական ագրեսիայի` երկրի աստիճանական թուրքացման տեսքով: Ներկայումս Վրաստանի իշխանությունը փորձում է շտկել իրավիճակը: Վրաց-ադրբեջանական հետագա հարաբերությունների համար իրավիճակը փորձաքարային է: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ադրբեջանը քաղաքակրթական մրցակցության հարցում չի գնալու զիջումների, եւ Բաքու-Թբիլիսի դիմակայությունն այս հողի վրա գնալով ավելի ցայտուն դրսեւորումներ է ունենալու: