Զանգեք Փաշինյանին կամ գրեք ինձ

Զանգեք Փաշինյանին կամ գրեք ինձ

ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ին, պետավտոտեսչությանն ու ստուգիչ-չափիչ-նկարիչ սարքերի պատասխանատուներին հայտնում եմ, որ օրերս նշանակվել եմ լրագրող վարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ և այսուհետ ավելի հաճախ եմ հանդիպելու իրենց հետ:

Ուրա՞խ եք:

Ես էլ եմ ուրախ, բայց պետք է ասեմ, որ այդ պաշտոնում իմ առաջին շփումը ձեզ հետ, մեղմ ասած, հաճելի չի լինելու: Եվ այսպես, օրեր առաջ վարչապետ Փաշինյանին էր զանգահարել ոստիկանության պետի ԺՊ-ն (մի ոստիկանապետն ի՞նչ է՝ չունեք) և հայտնել, որ իր ավտոտեսուչը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել: Փաշինյանն էլ, եթե հավատանք նրա ֆեյսբուքյան գրառմանը, ԺՊ-ին կարգադրել էր խրախուսել ավտոտեսուչին: Հիմա հարց՝ խրախուսե՞լ եք: Շատ ապրեք: Փորձեիք՝ չխրախուսել: ՀՀ ոստիկանապետի հարգելի ԺՊ, իսկ հիմա խնդում եմ զանգահարեք Փաշինյանին և ասեք, որ տուգանել եք ոմն լրագրողի, որն իր ավտոմեքենայով ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ հանդիպման էր բերել արտասահմանյան մի պատվիրակություն, որի կազմում կար նաև տեղաշարժման լուրջ խնդիրներ ունեցող մի բարձրաստիճան պաշտոնյա, որին օգնում էին քայլել նրան ուղեկցող թարգմանիչները՝ թևերն ընկած: Այս մանրամասները հայտնում եմ այն պատճառով, որ Դուք, լրագրողին տուգանելուց առաջ ավելի լավ ուսումնասիրեք ՃԵ կանոնների խախտման տեսանկարահանված հանգամանքները և առաջարկեք, որ նման դեպքերի համար հայտնի սպիտակ շենքում պահեն նաև հաշմանդամների համար նախատեսված սայլակեր: Այս դեպքում տուգանողը, կարծես, ավտոտեսուչը չէ, որն, ի դեպ, դեպքի վայրում էր և տեսնում էր այդ ամենը, այլ տեսանկարահանող սարքը: Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչպես կարձագանքի վարչապետ Փաշինյանը տեսանկարահանող սարքի «գործողություններին»:
Որպեսզի շատ չչարչարվեք՝ ստուգելու համար իմ հայտնած տեղեկությունները, ասեմ նաև, որ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն այդ պատվիրակությանն ընդունել է ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 17-30-ի սահմաններում, իսկ պատվիրակությունը ժամանել է 17:00-ին, որպեսզի պատվիրակության նշված անդամին (որ նաև ղեկավարն էր) կարողանան հասցնել մեծարգո արտգործնախարարի բարձր Դռանը:

Իսկ այժմ՝ մասնագիտական փոքրիկ լիկբեզ: Ճիշտն ասած՝ ես լավ չեմ հիշում թե այդ օրերին ով էր «ռուլիտ անում» տեսանկարահանող սարքերը, բայց մի բան հստակ է, որ Վազգեն Սարգսյան փողոցում երթևեկությունը միակողմանի է և նշագծման համաձայն այնտեղ ընդամենը երթևեկության 2 շարք է առկա: Տեսանյութից հստակ երևում է, որ լրագրողի ավտոմեքենայի կողքով բազմաթիվ ավտոմեքենաներ են սլանում, ինչից պետք էր ենթադրել, որ լրագրող-վարորդն ավտոմեքենան կանգնեցրել էր ոչ թե 2-րդ, այլ 1-ին շարքում և խոչընդոտ չէր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Այնպես որ, ՀՀ ոստիկանության պետի հարգելի ԺՊ, խնդրում եմ կարգադրեք՝ վերանայել «Ճանապարհային ոստիկանության» թիվ 1910319113 որոշումը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ լրագրող-վարորդի տրանսպորտային միջոցը տեղակայվել է երկրորդ շարքում: Այն էլ ասեմ, որ մեր զրույցի ժամանակ «օրինազանց» վարորդ-լրագրողն անկեղծացավ, որ մեքենան ավելի կմոտեցներ շենքին և կկայաներ շքամուտքի առջև, եթե այդ հատվածն ամբողջությամբ զբաղված չլիներ տարբեր նախարարությունների աշխատակիցների թանկարժեք և շքեղ ավտոմեքենաներով:
Եվ ավարտեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին  ուղղված մի քանի հարցով, որոնք ինձ՝ լրագրող վարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահիս, շատ են հետաքրքրում և ակնկալում եմ պաշտոնական պատասխան: Սկսեմ՝ Մնացականյանից: Պարոն Մնացականյան, համամիտ չե՞ք, արդյոք, որ ձեր ղեկավարած նախարարությունում, չնայած շենքային պայմանների բարելավմանը, լուրջ խնդիրներ կան պատվիրակությունների, այդ թվում և արտասահմանյան, ընդունելու և ճանապարհելու հարցում: Դեմ չե՞ք լինի, եթե ասեմ, որ գեղեցիկ շենքի և այնտեղ տեղավորված մարդկանց իմիջները մի տեսակ իրար չեն բռնում:

Պարոն վարչապետ, վերևում ես պատահաբար չնշեցի «իրավախախտման» մասին ՃՈ որոշման համարը: Դա ավելի շատ Ձեզ համար եմ արել, որ եթե հանկարծ ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ն Ձեզ այս հարցով չզանգի, ինքներդ բացեք և ձեր աչքով տեսնեք այս խայտառակությունը, որն, ի դեպ, ոչ թե Սերժի, այլ Ձեր տեսախցիկներով է ֆիքսվել: Տուգանքը մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ Դուք լրագրողների աշխատավարձը հասցրել եք 1.5 միլիոնի: Հինգ հազար դրամի համար ես հաստատ Ձեզ չէի անհանգստացնի, եթե չլիներ մի կարևոր հանգամանք: Լրագրող-վարորդը մեզ փոխանցեց նաև, որ այն ժամին, երբ ինքն այդ պատվիրակությանը բերել է արտգործնախարարություն, իր «2-րդ շարքում» չտեղակայված ավտոմեքենայի կողքով անցել են նաև մի քանի արտասովոր «քարշակներ»՝ «Հատուկ տարհանման ծառայություն» մակագրությամբ, որոնք, ըստերևույթին, ՃՈ հատուկ տուգանային հրապարակ» էին տեղափոխում ՀՀ քաղաքացիների տրանսպորտային միջոցները: Եվ ահա, լրագրող-վարորդի մոտ հարց է առաջացել՝ ո՞ւմ բիզնեսն է այդ «Հատուկ տարհանման ծառայություն» կոչվածը և, արդյոք, կա՞ որևէ վերահսկողություն այդ ծառայության նկատմամբ: Իսկապես լավ բան չի ստացվում, գիտե՞ք, պարոն վարչապետ, ծառայությունը կա, համալրվել է նորագույն տեխնիկայով, այսինքն ծաղկում է ապրում, բայց շատ վարորդներ անտեղյակ են և չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ, օրինակ, «Կանգառն արգելվում է» նշանի խախտման համար նախատեսված 5000 դրամի տուգանքի փոխարեն, պետք է վճարեն 20 հազար, որովհետև այդ վայրից, որտեղ բացակայում է «տարհանում» նշանը, իրենց ավտոմեքենան «առևանգել» և տարել են տուգանային հրապարակ:

Ահա և մի ամբողջ «լայվի» կամ ֆեյսբուքյան մի հետաքրքիր գրառման նյութ տվեցի  Ձեզ պարոն վարչապետ: Ուրախ կլինեմ իմ ղեկավարած ՀԿ-ի և Ձեր հետագա համագործակցության համար:

Հ.Գ. Իսկ լրագրող-վարորդին էլ խորհուրդ եմ տվել առայժմ չշտեպել տուգանքի վճարման հարցում: Ասել եմ՝ ոնց ուզում է լինի, կամ ոստիկանապետի ԺՊ-ն կզանգի Փաշինյանին, կամ Զոհրապ Մնացականյանը կամ էլ Փաշինյանը կկարդա մեր ՀԿ-ի այս հրապարակումը և մի բան կորոշի:

Հ.Գ. Լրագրող վարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի դռները բաց են բոլոր վարորդների համար: Գրեք մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին, եթե հավես ունեք: