Ադրբեջանի հետաքրքրությունն Ամուլսարի նկատմամբ պահպանվել է, փոխվել է միայն «մեսիջը»

Ադրբեջանի հետաքրքրությունն Ամուլսարի նկատմամբ պահպանվել է, փոխվել է միայն «մեսիջը»

Ամեն անգամ, երբ ադրբեջանական մամուլից ինչ-որ բան է մեջբերվում, Հայաստանում տարբեր շրջանակներ, հատկապես բոլոր ժամանակների իշխանամետները, մեղադրում են մամուլին «ադրբեջանական քարոզչություն» տարածելու մեջ: Ընդ որում՝ բոլորովին էական չէ, թե ինչ թեմա է արծարծվում: Հատկապես երբ դա արվում է քննադատություն հնչեցնող մամուլում, իշխանական քարոզիչները, բովանդակությանն անդրադառնալու փոխարեն, անմիջապես խաղացնում են «ինչո՞ւ եք ադրբեջանական մամուլից մեջբերում անում» խաղաքարտը: Հավանաբար, այս կոչը նշանակում է, որ գլուխներս մտցնենք ավազի մեջ ու չհետաքրքրվենք, թե ինչն է նրանց ուշադրության կենտրոնում, չէ որ դա այնքան հարմար է:

Անցյալ ամիս մի խումբ հայ լրագրողներ այցելել էին Ադրբեջան, ու, ըստ լրագրողների, առավել հաճախ հնչող հարցերից մեկը հենց Ամուլսարի հանգուցալուծմանն է վերաբերել։ Լրագրողի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները «կարծում են, որ եթե Ամուլսարը գործարկվի, Հայաստանը կկարողանա տնտեսապես ինչ-որ բեկում ունենալ, եւ դա կազդի նաեւ աշխարհաքաղաքական պրոցեսների վրա»: Ի դեպ, հետաքրքիր է, որ վերջին ամիսներին այն թեզը, որ եթե Ամուլսարը չգործարկվի, Հայաստան ներդրումներ չեն գա, մի քանի անգամ տարբեր հարթակներից հնչեցրել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները՝ ամենաբարձր մակարդակում: Հիմա հիշեք, թե երբ են վերջին անգամ կառավարությունում խոսել այս խնդրի հանգուցալուծման մասին: Վարչապետի մակարդակով հայտարարվեց, որ ծրագիրը կասեցնելու օրինական հիմք չկա, կոչ արվեց բացել ճանապարհները, ու մոռացվեց այդ մասին: Արդեն մոտ 3 ամիս կառավարությունը ձայն-ծպտուն չի հանում:

Տպավորություն է, որ կառավարությունը տեսավ, որ չի կարողանում բացել ճանապարհները, ու գերադասեց գլուխն ավազի մեջ թաքցնելու մարտավարությունը: Հետաքրքիր է, որ Ադրբեջան այցելած լրագրողի հայտարարությունից հետո նրա վրա հարձակում գործեցին «Սասնա ծռերը», էլի նույն փաստարկով՝ ինչո՞ւ եք ադրեբջանական կողմին մեջբերում: Իսկ ինչո՞ւ չմեջբերենք, եթե կա մի հարց, որը նախանձելի հետեւողականությամբ հետաքրքրում է մեր ռազմատենչ հարեւանին, ու այդ նույն հարցի որեւէ լուծումից նախանձելի հետեւողականությամբ խուսափում է ՀՀ կառավարությունը: Բա չիմանա՞նք, թե որն է ադրբեջանցիների փորացավը, եւ ինչպես է դրան արձագանքում մեր կառավարությունը՝ որեւէ որոշման հիմքում դնելով Հայաստանի շահը: Բայց որոշում, ինչպես հայտնի է, չկա․․․ արդեն 1,5 տարի:

Ահա, անցյալ շաբաթ եւս ադրբեջանական azernews.az-ը կրկին անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Պետք է արձանագրել, որ այս թեմայով հրապարակումները հարեւան երկրի մամուլում բազմաթիվ են, ընդ որում՝ Ամուլսարը Հայաստանի այն միակ տնտեսական ծրագիրն է, որը տարիներ շարունակ ադրբեջանական մամուլը պահել է ուշադրության կենտրոնում:
Ադրբեջանական կողմում Ամուլսարի տնտեսական ազդեցության մասին անհանգստությանը «Սասնա ծռերի» արձագանքն անցյալ շաբաթ այսպիսին էր, թե «բա հո ադրբեջանցիներն Ամուլսարի բնապահպանական խնդիրներից չէի՞ն խոսելու»: Հենց հետաքրքիրն էլ դա է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում ադրբեջանական հրապարակումներում Ամուլսարի թեմայով «մտահոգությունները» եւ բովանդակությունը խիստ տարբեր են եղել՝ կախված իրավիճակից: Օրինակ՝ մինչեւ Հայաստանում հեղափոխությունը եւ Ամուլսարի ծրագրի կասեցումը ադրբեջանական մամուլը, իրականում, խիստ «անհանգստացած» էր Հայաստանի եւ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրներով եւ ի լուր աշխարհի պատմում էր այն «բնապահպանական աղետների» մասին, որոնց հանգեցնելու է Ամուլսարը՝ մեջբերելով հայաստանցի բնապահպաններին: Սակայն հեղափոխությունից հետո Հայաստանի ամենախոշոր արեւմտյան ներդրումային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կտրուկ փոխեց ադրբեջանական մամուլում հրապարակումների բովանդակությունը:

Հիմա, փաստորեն, ադրբեջանական հատկապես անգլալեզու մամուլն արտաքին աշխարհին տեղեկացնում է ոչ թե այն մասին, որ Ամուլսարը կհանգեցնի բնապահպանական աղետի, այլ այն, թե Հայաստանում միջազգային ներդրողի իրավունքները պաշտպանված չեն, որ այդ մասին բարձրաձայնում են ԱՄՆ նախկին եւ ներկայիս դեսպանները, իսկ վարչապետ Փաշինյանը չի կարողանում որոշում կայացնել ու ի կատար ածել: Մի խոսքով, «Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ ձեր ներդրումները պաշտպանված կլինեն»․ ահա, սա է ադրբեջանական հրապարակումների ուղերձը միջազգային հանրությանը: Երբ նախորդ իշխանությունների օրոք թույլտվություն ստացած Ամուլսարը հավակնում էր դառնալ ներդրումների տեսանկյունից հաջողված օրինակ, այն ադրբեջանական մամուլում ներկայացվում էր որպես բնապահպանական աղետ: Այսօր Ամուլսարն ադրբեջանցիներն օգտագործում են որպես օրինակ, որ Հայաստանը ներդրումների համար լավ երկիր չէ: Այնպես որ՝ ադրբեջանական մամուլում Ամուլսարի հանդեպ հետաքրքրությունը կայուն է, փոխվել է միայն «մեսիջը»՝ ըստ իրավիճակի: Միակ անփոփոխ բանը վերջին 1,5 տարվա ընթացքում կառավարության անկարողությունն է՝ այս խնդրի շուրջ որոշում կայացնելու, եւ մամուլի հանդեպ կառավարության աջակիցների հոխորտանքը, թե ինչու եք ուշադրություն դարձնում նման «անհարմար» թեմաներին:

Հրանտ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ