Պետք է լինի առանձին կառույց, որտեղ շատ բաներ գաղտնի կլինեն

Պետք է լինի առանձին կառույց, որտեղ շատ բաներ գաղտնի կլինեն

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում, որի համաձայն՝ պետք է այսուհետ գործի 12 նախարարություն, նախապես նշված էր, որ վերակազմավորվող նախարություններից մեկը  լինելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն։ 

Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ վերակազմավորվող նախարարության անվան մեջ «ռազմարդյունաբերություն» բառը չի մնացել։ Նախարարը նշել է, որ դրանում չկա քաղաքական որոշում, եւ քաղաքական որոշումը ֆունկցիոնալ առումով այդ գերատեսչության ստեղծումն է, որն իրականացվում է։ Նաեւ հավելել է, որ անվանման կրճատումը ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա։ 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մեր երկրին պե՞տք չէ ռազմարդյունաբերության նախարարություն, ինչո՞ւ սկզբում օրենքի նախագծում ներառվեց ռազմարդյունաբերություն բառը, իսկ հետո հանվեց։ Վերակազմավորման դեպքում ի՞նչ խնդիր է լուծելու արդեն անվանափոխված նախարարությունը։ 

«Շատ կարեւոր է, թե ինչ ձեւով է ռազմարդյունաբերությունը մտնում այդ նախարարության մեջ։ Երբ հայտնի կլինի, թե ինչ ձեւով է ռազմարդյունաբերությունը մտնում այդ նախարարության մեջ, այն ժամանակ էլ կխոսենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ ռազմարդյունաբերությունը պետք է դուրս գար պաշտպանության նախարարությունից, կարեւոր է, որ հանել են։ Երկրորդը՝ որ նախարարությունում էլ գտնվի ռազմարդյունաբերությունը, պետք է այն ունենա շատ ինքնուրույն կառուցվածք եւ գործելաոճ։ Եթե, օրինակ, նոր նախարարությունում է լինելու, նրա փաստաթղթաշրջանառությունը պետք է լինի առանձին եւ գաղտնի, հաշվապահությունը պետք է լինի գաղտնի»,- ասաց Կարեն Վարդանյանը։ 

Նրա կարծիքով՝ խնդիրն այն չէ, որ անպայման լինի առանձին նախարարություն, պետք է լինի որոշակի անկախ կարգավիճակ ունեցող կառույց, քանի որ կա գաղտնիության, անվտանգության խնդիր։