Հաշվի առնելով  բնակչության եկամուտների կրճատումը՝ վարկերի պահանջարկը հնարավոր է մեծանա

Հաշվի առնելով  բնակչության եկամուտների կրճատումը՝ վարկերի պահանջարկը հնարավոր է մեծանա

 «Հրապարակի» հարցազրույցը Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ

-Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, արտաժույթի շուկայում իրավիճակն արդեն կայունանում է։ Նա ասել էր`մարդիկ արդեն խուճապային փոխանակում չեն իրականացնում․ Համամի՞տ եք։

-Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհի տարբեր երկրներում նկատվեց ազգային արժույթների արժեզրկման միտումներ: Այս միտումից չէր կարող անմասն մնալ նաև Հայաստանը, որտեղ անցնող տարում համավարակի հետևանքով առաջացած խնդիրներին գումարվեց նաև պատերազմական իրավիճակը: Բնական է, որ տնտեսության ընթացիկ վիճակի, բնակչության եկամուտների նվազման, ինչպես նաև հասարակության տնտեսական սպասումների փոփոխության ֆոնին նկատվեց ազգային արժույթով դրամական միջոցներն արտարժույթով փոխանակելու միտում: Գործընթացը, սակայն, ունեցավ կարճաժամկետ բնույթ՝ պայմանավորված ֆինանսական համակարգի կայունության և ընթացիկ մարտահրավերներին արագ ու արդյունավետ արձագանքման շնորհիվ: Ներկայումս իրապես նկատվում է արտարժույթի նկատմամբ պահանջարկի որոշակի նվազում և կայունություն: 

-Ուրեմն ինչու՞ էր տնտեսագետների հիմնական մասի կողմից կանխատեսվում փոխարժեքների բարձրացում՝ պայմանավորված տնտեսության վիճակով ու պատերազմի հետևանքներով։ 600 դրամ՝ մեկ դոլարի դիմաց և ավելին։ 

-Այսօր փոխարժեքի մասով ճշգրիտ կանխատեսում անելն իրատեսական չէ, քանի որ փոխարժեքի ձևավորման վրա ազդում են թե ներքին, և թե արտաքին բազամաթիվ գործոններ: Թե այդ գործոններից քանիսի ազդեցությունը կուժեղանա ու քանիսը կթուլանա՝ ևս դժվար է կանխատեսել: Կարծում եմ, որ այլ պայմանների չփոխվելու պարագայում տնտեսության ակտիվացմանը զուգահեռ բնակչության մոտ, սպառմանն ուղղված դրամային միջոցներ ձևավորելու նպատակով, անհրաժեշտություն կառաջանա դոլարային միջոցները փոխանակել դրամայինի, ինչը կնպաստի ազգային արժույթի դիրքերի լրացուցիչ ամրապնդմանը:

-ԿԲ-ն 50 միլիոն դոլարի ներարկում արեց շուկա՝ պահանջարկի նվազեցման համար։ Այնուամենայնիվ, կան տնտեսագետներ, որոնք պնդում են՝ սա անիմաստ է, միևնույն է՝ վիճակը չի փրկելու և այդ փողն ափսոս է, ավելի լավ է ծախսվի տնտեսության վրա։

-Կոնկրետ ժամանակահատավածում ձևավորվել էր հստակ պահանջարկ և վերջինս բավարարելու համար ձեռնարկվեցին համապատասխան քայլեր: ԿԲ որոշումը հիմնավորված միջամտություն էր, որը կանխեց արտարժութային շուկան մեծ ցնցումներից՝ ապահովելով որոշակի կայունություն և կանխատեսելիություն: Այս մասով ԿԲ-ն շարունակում է առաջնորդվել իր կողմից որդեգրած հստակ քաղաքականությամբ՝ ըստ անհրաժեշտության իրականացնելով համապատասխան միջամտություն: 

-Խուճապային տրամադրությունները, ըստ Ասատրյանի, ստեղծվել էին ոչ մեծ գումարներ ունեցողների կողմից, փոքր փողատերերը՝ 50, 100 հազար դրամատերերը, որոնք մտածեցին իրենց գումարն ավելի կայուն ձևով պահելու մասին։ 

-Փոքր չափով փոխարկումներն առաջին հերթին պայմանավորված են եղել բնակչության դրամային խնայողությունների բաշխումով։ Պետք է ամրագրել, որ փոխարկումները եղել են և՛ փոքր, և՛ մեծ գումարների շրջանակներում: Կարծում ենք մոտեցումը կախված էր նաև անհատի անորոշության ընկալման չափից: 

- Ավանդների ու վարկերի հետ կապված ինչ պատկեր ու դինամիկա կա ու սպասումներ․ բանկերում դրվելո՞ւ են՝ նվազելու, պակասելու ավանդները։ Եվ նաև վարկերը․ մեր ազգը վարկեր սիրող ազգ է, բայց կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով ծանր սոցիալական վիճակում հայտնված մեր բնակիչները շարունակելու՞ են վարկային պարտավորոթյուններ վերցնել։ Դուք ինչ խորհուրդ կտայիք որպես Բանկերի միության գործադիր տնօրեն:

-Ընթացիկ տարվա վերջին 10 ամսվա կտրվածքով ավանդների ծավալը ոչ էական չափերով ենթարկվել է փոփոխությունների, եղել են փոքր ծավալով կրճատման, ապա նորից վերականգնման միտումներ՝ միջին հաշվով 2020թ-ի մարտ ամսից մինչև հոկտեմբեր, ընդամենը ավանդների ամսական փոփոխություններով արձանագրում ենք նույնիսկ շուրջ 0.04% աճ: Ավանդների նվազում է արձանագրվել ապրիլ, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Այս մասով էական փոփոխություններ հետագայում ևս չենք ակնկալում: Իսկ վարկերի մասով, հաշվի առնելով ներկա պայմաններում տնտեսության վիճակը, բնակչության եկամուտների կրճատումը՝ կարելի է կանխատեսել, որ վարկերի նկատմամբ պահանջարկը հնարավոր է մեծանա: Որպես խորհուրդ՝ առաջարկում եմ խնայողությունները դիվերսիֆիկացնել. խնայողություններ կատարել մեկից ավելի բանկերում և խնայողական տարբեր գործիքների մեջ, ազատ դրամական միջոցների մի մասը պահել դրամով, մյուս մասն՝ արտարժույթով՝ դրանով իսկ զսպելով փոխանակման կուրսի տատանման հետ կապված հնարավոր ռիսկերը: