Հովհաննես Գալստյանը դադարեցրեց հացադուլը Մակունցի աշխատասենյակում

Հովհաննես Գալստյանը դադարեցրեց հացադուլը Մակունցի աշխատասենյակում

Դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր դադարեցրեց հացադուլը, այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, դրա համար բավարար հիմք ընդունելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Հովհաննես Գալստյանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, իրավաբանների, այդ թվում՝ ռեժիսորի շահերի պաշտպանի և ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանի, ինչպես նաև խնդրով մտահոգ այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ նախարարությունն ու Ազգային կինոկենտրոնն այս հարցում առաջնորդվելու են՝ հիմք ընդունելով միայն օրենքն ու խնդրին առնչվող փաստաթղթերի օրինականությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Գալստյանի ձեռքին գտնվող և Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրական գործընթացին առնչվող փաստաթղթերում, մասնավորապես՝ 2015-ին Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրված աջակցության վկայագրի հայերեն և անգլերեն տարբերակներում կան էական տարբերություններ, ինչը և դարձել է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի պատճառը, առաջարկում եմ՝ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերը ներառող աշխատանքային խումբ , որը կուսումնասիրի և երկօրյա ժամկետում կներկայացնի գործին առնչվող բոլոր փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացություն: ՀՀ օրենսդրությանը համապատասխանող իրավական անհրաժեշտ հիմքն ապահովելու դեպքում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կշարունակի իրականացնել «Տատիկիս վարսերը » ֆիլմի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները»:

Հովհաննես Գալստյանն ընդունեց առաջարկն ու ճաշակած քաղցրավենիքով վերջ դրեց 9 օր առաջ սկսած հացադուլին: Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ էր հայտարարել «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական համատեղ կինոնախագծի շուրջ ստեղծված խնդիրների պատճառով: