Իրական իրավապաշտպաններ

Իրական իրավապաշտպաններ

Այս օրերին մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման 15-ամյակն են նշում։ 2004-ի փետրվարի 19-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով առաջին ՄԻՊ դարձավ Լարիսա Ալավերդյանը։ Թվում էր՝ նրա ղարաբաղյան ծագումը պետք է նպաստի, որ ղարաբաղցի նախագահի հետ օմբուդսմենի «ջրերը» մի առվով հոսեն, սակայն ընդամենը 2 տարի անց՝ 2006-ի ապրիլին, նա իր տարեկան զեկույցում այնպիսի քննադատության ենթարկեց իշխանություններին ու հեռացվեց պաշտոնից։

Այդ օրերի մամուլը հեղեղված էր օմբուդսմենի եւ ՀՀ նախագահի հակասությունների մասին հոդվածներով։ Եվ երբ շատ տարիներ անց՝ 2018-ին, մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ու նրան կալանավորեցին, ամենաանսպասելին ՀՀ առաջին ՄԻՊ-ի պահվածքն էր, ով ամենից շատ իրավունք ուներ նեղացած լինելու Քոչարյանից եւ ուրախանալու նրա կալանավորմամբ, բայց իրավապաշտպանի, օմբուդսմենի իր կոչմանը հավատարիմ՝ տիկին Ալավերդյանը հստակ արտահայտվեց ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի։ Նրան հայհոյող ու քարկոծող մարդիկ թերեւս ունակ չեն հասկանալու, որ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ չի ճանաչում։ Այն քաղաքացու, մտավորականի, իրավապաշտպանի բարձր որակների դրսեւորում է պահանջում։ Երբ դու պաշտպանում ես անգամ քո քաղաքական հակառակորդին, անգամ մարդասպանին։ Դու իրավունքի եւ օրինականության կողքին ես կանգնում՝ առանց քաղաքական ու այսրոպեական շահերի։ Ի դեպ, Արման Թաթոյանը, Լարիսա Ալավերդյանի արժանի ժառանգորդն է։ Նա անաղմուկ եւ համեստորեն անում է իր գործը՝ հնարավորինս զերծ մնալով հանրային ու իշխանական ճնշումներից, համացանցի աղմուկից եւ մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհին հանդիպող բոլոր դժվարություններից։