«Մասիս» ԲԿ-ն հոգեվարքի մե՞ջ է

«Մասիս» ԲԿ-ն հոգեվարքի մե՞ջ է

Մեզ են դիմել «Մասիս» ԲԿ-ի մի քանի աշխատակիցներ եւ իրենց անհանգստությունն ու դժգոհությունն են հայտնել կենտրոնում ստեղծված իրավիճակի շուրջ: Նրանք կարծում են, որ հիվանդանոցը սնանկացման ու կործանման եզրին է: «Աշխատավարձերը չեն հասցնում ժամանակին վճարել, մեկ ամիս ուշացումով են վճարում՝ առանց տույժ-տուգանքները հաշվի առնելու: Ըստ Աշխատանքային օրենսգրքի, ուշացման դեպքում գործատուն պարտավոր է որպես տույժ աշխատողին հավելյալ վճարել 0,15 տոկոս: Նման բան մեզ մոտ չկա: Եթե մենք մի քանի րոպե ուշանանք աշխատանքից կամ մի բան թերի անենք, անմիջապես նկատողություն կստանանք: Իսկ որ մեր աշխատավարձերն են մեկ ամիս ուշացնում, ոչ ոք դրա համար պատասխանատու չէ: Չէ՞ որ բոլորս էլ վարկերի ու տոկոսների տակ կքած ենք, մեկ օր ուշացման համար տույժ ու տուգանքներ ենք վճարում: Ոչ ոքի մեր խնդիրը չի անհանգստացնում: Հիմա էլ տնօրենն այնպիսի դիրք է բռնել, որ ով իրեն մի բանում հակառակվում է, ասում է. «Չես ուզում աշխատել, դիմում գրի՝ դուրս արի», նկատողություն է անում: Մարդիկ, անգամ ովքեր տարիների ավանդ ունեն այս հիվանդանոցում, չեն կարողանում մի խորհուրդ տալ, մի բան ասել երիտասարդ տնօրենին: Մեզ մոտ խնդիրները շատ են, մնում են չլուծված եւ հիմնականում կապված են ֆինանսականի հետ»,- ասում են մեզ դիմած աշխատակիցները, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց անունները: 

«Հրապարակը» փետրվարին անդրադարձել է հիվանդանոցում ստեղծված իրավիճակին՝ ««Մասիս» ԲԿ-ում իրավիճակ չի փոխվել, շարունակում են «քերել» այցելուներին» հրապարակմամբ: Անդրադառնալով այդտեղ բարձրացված խնդրին, թե հիվանդանոցում աշխատակիցներն այցելուներից են պահանջում ներարկիչ, դեղորայք եւ այլ բժշկական պարագաներ, զրուցակիցներիցս մեկն ասաց․ «Այո, ստիպված այցելուներից ենք ուզում, քանի որ հիվանդանոցը չի տրամադրում մեզ նման բաներ, ասում են՝ փող չկա: Ինչ դեղ ու պարագա ուզում ենք, ասում են՝ չունենք, մենք էլ ստիպված՝ այցելուներից ենք ուզում, երբեմն էլ ստիպված՝ մեր միջոցների հաշվին ենք գնում, որպեսզի բողոքներ չլինեն մեզնից: Եղած ժամանակ էլ այնպիսի անորակ միջոցներ են տալիս, որ գերադասում ենք չօգտագործել իրենց տվածը, որպեսզի վաղը խնդիրների առաջ մե՛նք չկանգնենք: Մենք էլ ենք վատ զգում դրանից: Դա էլ դժգոհություն է առաջացնում այցելուների մոտ, սկսում են քիչ գալ մեզ մոտ: Վերջին շրջանում՝ մեկ-երկու ամսում, օրինակ, վճարովի ծառայությունների թիվը զգալիորեն նվազել է:

Գուցե դա այլ հանգամանքներով էլ է պայմանավորված, չգիտենք, բայց գնալով մեր հիվանդանոցի վիճակը վատանում է: Այս հիվանդանոցում աշխատելն ուղղակի դարձել է նվաստացուցիչ, առանց այն էլ մեր աշխատավարձերը շատ ցածր են՝ մեր կատարած աշխատանքի դիմաց, ամբողջ Մասիսի տարածաշրջանի ազգաբնակչությանը մենք ենք սպասարկում, իսկ ստացած գումարներն ուղղակի չնչին են մեր կատարած աշխատանքի դիմաց: Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ լավ է լինելու, անգամ նոր տնօրենին մեծ ուրախությամբ ընդունեցինք, մտածեցինք, որ երիտասարդ է, մաքուր, նոր շունչ կտա մեր հիվանդանոցին: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ հիվանդանոցի շունչն արդեն ուզում է կտրվի, հոգեվարքի մեջ է»: 

Դիտարկմանը, թե աշխատողները նախկին տնօրեն Նունե Ավանեսյանից էլ էին դժգոհ, ներկայիս տնօրենից էլ, եւ տնօրենից դժգոհելն այստեղ, կարծես թե, սովորույթ է, զրուցակիցներիցս մեկն ասաց. «Նախկինն էլ իր բարդություններն ուներ, նրա հետ էլ էր շատ դժվար աշխատել: Նա էլ, եկած-չեկած, իր համար բարենպաստ պայմաններ ստեղծեց, իր աշխատավարձը բարձրացրեց, հիվանդանոցի հաշվին թանկարժեք մեքենա գնեց՝ լիզինգով, իր ույուտը ստեղծեց, աշխատողների գլխին էր բաներ սարքում: Բայց նա գոնե կարողանում էր ֆինանսական հարցերը մի քիչ կարգավորել: Օրինակ՝ պայքարեց, որ նախկինում փոշիացած գումարների մի մասը մտնի հիվանդանոցի բյուջե: Նա պարզել էր, որ 2017 եւ 2018 թթ․ շատ հիվանդության պատմություններ չեն ներկայացվել Armed ծրագիր եւ համապատասխան ֆինանսավորում չեն ստացել, ինչի պատճառով էլ հիվանդանոցում ժամանակին առաջացել էին ֆինանսական խնդիրներ: 2018 թ․ գումարները նախարարությունը վերականգնել է, իսկ 2017-ինը՝ ոչ, քանի որ ֆինանսական տարին փակված էր, չէր կարող: Իսկ դա կազմում է 3 մլն 700 հազար դրամ: Խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին թույլ են տվել այդ ապօրինությունը կամ անփութությունը, այսօր հիվանդանոցում շարունակում են պաշտոնավարել»: 

Զրուցակիցներս ասացին նաեւ, որ երիտասարդ տնօրենը, չունենալով իրավունք, չարաշահում է իր պաշտոնեական դիրքը եւ վիրահատություններ է կատարում, որոնք ձեւակերպում է այլ բժիշկների անուններով: Տվյալ բժիշկներն էլ չեն համարձակվում հակառակվել եւ համաձայնում են, որ իրենց անուններով ձեւակերպվեն դրանք: Իսկ գումարը վերջում հասնում է տնօրենին: 

«Հրապարակը» զրուցեց նաեւ «Մասիս» ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ: Աշխատավարձերի ուշացման հետ կապված՝ տնօրենն ասաց. «Աշխատավարձի պարտքը, մեկ ամսվա ուշացումը նոր չի առաջացել, դա միշտ եղել է, անցած տարվա մարտ ամսից այդպես է: Աշխատողները միշտ ստանում են մեկ ամիս ուշացումով, ամեն ամիս ստանում են աշխատավարձ՝ մեկ ամսվա ուշացածը»: Վճարովի ծառայությունների թվի նվազեցման առնչությամբ տնօրենն ասաց. «Ոչ, ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ ավելացել են»: Իր կողմից վիրահատություններ կատարելու մասին հարցին Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Զարմանում եմ այն աշխատողներիս վրա, ովքեր նման բաներ են ասում: Իրենք էլ լավ գիտեն, որ ես դա անում եմ, որպեսզի հիվանդանոցում վճարովի ծառայությունները շատ լինեն, իմ հիմնական այցելուներին, իմ ծանոթներին, ովքեր ուզում են, որ ես վիրահատեմ, բերում եմ այստեղ, որ այդ գումարները մեր հիվանդանոցին վճարեն:

Իսկ վիրահատություններին ներկա եմ լինում ընդամենը որպես չվճարվող ասիստենտ: Դրա իրավունքը ունեմ: Կարո՞ղ է ես միլիոններ եմ առնում՝ իրենց չեմ տալիս, իրենք դա շատ լավ գիտեն: Ես դրանով գումար չեմ աշխատում»: Իսկ այցելուներից բժշկական պարագաներ պահանջելու հետ կապված խնդրին, որին անդրադարձել է նաեւ «Հրապարակը», ԲԿ-ի տնօրենն ասաց, որ նման բան հիմա չկա, միայն եղել է նոր տարվա օրերին՝ մանկական բաժանմունքում, եւ կապված է եղել հիվանդների թվի աճի հետ: