Նենգափոխության մեխանիկա
Lragir.am-ի մեկնաբանը մի հրապարակում է արել, որտեղ հանդիպում ենք այսպիսի ընդհանրացման. «Լեւոն Տեր-Պտերոսյանի օրոք Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Լեռնային Ղարաբաղի հետ միասին)՝ դրանով փակելով Հայաստանի ու Արցախի իրավական միավորման ճանապարհը եւ սկիզբ դնելով ուժասպառ անող բանակցություններին»:
Հայաստանի առաջին նախագահի եւ նրա կառավարությանը նման ծանրագույն մեղադրանք չեն ներկայացրել Տեր-Պետրոսյանի անգամ ամենաերդվյալ ընդդիմախոսները: Ոչ էլ ադրբեջանական կողմն է երբեւէ այդ մասին բարձրաձայնել: Հետեւաբար, ասվածը ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Հակառակ դեպքում պաշտոնական Բաքուն կվկայակոչեր այն իրավական ակտը, որով Հայաստանը «Լեռնային Ղարաբաղի հետ միասին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Միջնորդները դա կընդունեին հիմք եւ բանակցությունների անհրաժեշտություն պարզապես չէր լինի: Միջազգային հանրությունը կպարտադրեր, որ Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունը: Կամ իրավիճակը շտկելու համար Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանը կհայտարարեր, որ հրաժարվում է նախորդի «դավաճանակական ուղեգծից» եւ կպնդեր ամեն ինչ զրոյից սկսելու տարբերակը: Կամ կբացեր Հայաստանի ու Արցախի իրավական միավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «փակած» ճանապարհը: Այդ կարգի հայտարարություններ Տեր-Պետրոսյանին հաջորդած նախագահները, նրանց օրոք ընտրված խորհրդարանները, նույնիսկ առանձին քաղաքական ուժեր չեն արել:
Թերեւս կուզենային, բայց փաստերն, ինչպես ասում են, համառ են: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նրանց կազմավորած կոալիցիոն կառավարությունները, նրանց քաղաքական հենարան խորհրդարանական մեծամասնությունը չէին կարող իրենց դնել ծիծաղելի դրության մեջ: Իրականությունն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ՀՀՇ-ն քաղաքական մեծամասնություն էր, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որով անընդունելի է ճանաչված ցանկացած միջազգային կամ միջպետական համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը կդիտվի իբրեւ Ադրբեջանի մաս: Այդ որոշումն ընդունվել է պատերազմի ամենաճակատագրական օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսն օկուպացված էր, հակառակորդը բառիս բուն իմաստով բախում էր Ստեփանակերտի դարպասները:
Միջնորդներն այդ իրավիճակում ավելորդ էին համարում որեւէ բանակցային քննարկում նախաձեռնել, բոլորն սպասում էին, որ մոտակա մեկ-երկու ամսում Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնին՝ Ադրբեջանը կգրավի մնացած տարածքները, բնակչությունը կբռնատեղահանվի, եւ «միջադեպը կհարթվի»: Այդ պայմաններում քաղաքական հզոր կամք էր պետք՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ Հայաստանը մինչեւ վերջ պայքարելու է հանուն Լեռնային Ղարաբաղի եւ մերժելու է ցանկացած լուծում, որը կհակասի իր եւ Արցախի ազգային-պետական շահերին: Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի համար փորձություն էր ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ եւ անդամ երկրների բացարձակ մեծամասնության համաձայնությամբ պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարությամբ օժտելու մասին որոշում:
Հայաստանը, որի պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չենթարկվեց որեւէ հորդորի եւ ճնշման, սառնասրտորեն գործի դրեց վետոյի իրավունքը եւ փաստացի խափանեց գագաթնաժողովի աշխատանքները: Որպես «մխիթարություն»՝ Ադրբեջանը ստացավ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որը ոչ մի իրավական ուժ չունի: Սրանք են փաստերը: Եւ հակառակն ապացուցող որեւէ վկայություն պարզապես գոյություն չունի: Իսկ թե ինչու՞ կամ ու՞մ հորդորով է հայրենական լրատվամիջոցի մեկնաբանը նենգափոխում իրականությունը՝ մնում է բացարձակապես անհասկանալի:
Կարելի է չընդունել Տեր-Պետրոսյանի մոտեցումները, լինել նրա ընդդիմախոսը, ի հակակշիռ՝ բերել սեփական փաստարկները, հինավորումները: Նույնիսկ՝ ենթադրությունները կամ երազխաբությունից ծնված մտավարժանքները, բայց անթույլատրելի է նման, թող թույլ տրվի ասել, բութ սառնասրտությամբ նենգափոխել ոչ հեռավոր անցյալի իրողությունները: Դա վիրավորանք է Հայաստանի առաջին նախագահի, նրա կառավարության եւ Գերագույն խորհրդի հասցեին: Այն երկրի հասցեին առհասարակ, որ տառացիորեն վերջին ֆինանսական, նյութական, ռազմաքաղաքական, զուտ մարդկային ռեսուրսներն է ի սպաս դրել հանուն Արցախի եւ արցախահայության փրկության:
Կարծիքներ