«Սինգապուրյան վալս»

 «Սինգապուրյան վալս»

 

Փորձենք հասկանալ երրորդ աշխարհի հետամնաց երկրից թոփ 10 երկրների շարքը տեղափոխվելու սինգապուրյան գաղտնիքը։ Տեսեք թե ինչ է ասում այդ մասին անկախության պահին երկիրը ղեկավարող ու ընտրված վարչապետ Լի Կուան Յուն․

«Եթե ընտրելու լինեմ մի բառ, որը կբացատրի, թե որն է Սինգապուրի
հաջողության պատճառը, ապա այդ բառը կլինի Վստահությունը»
Լի Քուան Յու

Վստահությունը հենց այնպես օգտագործվող բառ չէ։  Դա նշանակում է հավանություն, համաձայնություն։ Հավանություն՝ կառավարության ղեկավարի գործունեության՝ քաղաքականության նկատմամբ։ Լի Կուան Յուն իր շուրջ հավաքում է իր նման Եվրոպական (հիմնականում Մեծ Բրիտանիայում) կրթություն ստացած համախոհներ։ Ինչից է սկսում իր աշխատանքը․

Գործող օրենքների լիակատար փոփոխություն. օրենքները պարզեցվեցին այն աստիճանի, որ բացառվեց դրանց որևէ տարընթերցում։

Թվարկել պետք չէ մնացած քայլերը, որոնք բխում են փոփոխված օրենքներից, հաստատվեց օրենքի գերակայություն բոլորի համար։

Ինչ արվեց Հայաստանում․ օրենքները մնացին նույնը, ոչ մի փոփոխություն։ Փոխվեցին միայն պաշտոնների տերերը։ Փոխվեց կառավարությունն ու օրենսդիրը, նույնը մնաց օրենքը։

Սա կոչվում է փոփոխությու՞ն, այն էլ հեղափոխական փոփոխությու՞ն․․․ Պաշտոնների նշանակվեցին մարդիկ, որոնք լուրջ կրթություն, փորձառություն չունեին, հետագա աշխատանքի ընթացքում դրսևորեցին իրենց անկարողությունը։ Ամենակարևորը՝ վստահությունը, որ պետք է պահվեր հանրության մեջ կադրային ռեզերվի միջոցով, ճեղքվեց։ Ինչպես կարելի է չվստահել  կադրերին, պետությունը պահող հենասյուններին և խոսել առաջնորդի վստահության, տնտեսական հրաշքների մասին։ Դա նույնն է, երբ առանց հիմքերի շենք կառուցես։ Կարևորություն չտրվեց, որ կադրերին պիտի վստահի հանրությունը և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքը վայելում ենք։

Մնացածը՝ երկրի դատավորների և ոստիկանության ծառայողների փոփոխություն (գրեթե 100 տոկոսով), կոռուպցիոն երևույթների դեմ անողոք պայքար և այլն․․․ և այլն,  կատարվեցին օրենքի փոփոխությունից հետո։ Այսինքն՝ օրենքը թույլ պիտի տա, որ դու դա անես։ Օրենքը գերակա է։

«Սինգապուրյան վալսը» թվում է հասանելի, բայց մի փոքրիկ բարդ պտույտ, եթե չես տիրապետում, փռվում ես գետնին․․․ Այնպես որ պարի մեջ մտնելուց հետո չեն սովորում պարելը։