ԵՄ-ն ԵԱՀԿ չէ, բայց Շառլ Միշելը Վլադիմիր Պուտին է    

ԵՄ-ն ԵԱՀԿ չէ, բայց Շառլ Միշելը Վլադիմիր Պուտին է    

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հանդիպումը Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանած Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման արդյունքների մասին հիմնական, չասելու համար` գրեթե միակ տեղեկությունն առայժմ Շարլ Միշելի անունից Բրյուսելից տարածված մամլո հաղորդագրությունն է, որով ըստ էության հայտարարվում է, թե ԵՄ-ն Արցախի խնդրին չի միջամտում, բայց ավելի լայն Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում Ռուսաստանին փոխարինելու հավակնություններ ունի եւ ապրիլի վերջից այդ ուղղությամբ անցնում է գործի: 

Հայտարարությունը փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների գոյության կամ ձեւավորման պատրանք ստեղծել, առանց հասցեագրելու Արցախի հարցի կարգավորումը: Դա համարյա նույն կարգի թեթեւամտությունն է, ինչ եթե մեկը փորձի այսօր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերություններ կարգավորել` առանց անդրադառնալու Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի ներկայությանն ու գործողություններին: 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չեն կարող հարաբերություններ կարգավորվել` առանց Արցախի հարցի կարգավորման: Թուրքիայի հետ հարաբերությունները այլ հարց են, քանի որ այդ երկրի տարածքում են գտնվում Ազգերի լիգայի կողմից Վերսալյան Վեհաժողովում Սեւրի դաշնագրով ճանաչված Հայաստանի տարածքները` 4000-ամյա հայկական մշակույթով եւ ժառանգությամբ, եւ Թուրքիայով է անցնում դեպի Միջերկրական ծով ճանապարհը: 

Մինչդեռ Ադրբեջանում, ի հակադրություն Թուրքիայի պարագայի, Հայաստանի համար արժեքավոր ոչինչ չկա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա ընդամենը Նախիջեւանում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության համար Ադբեջանին պատասխանատվության ենթարկելու խնդիր եւ Արցախի հայության` գոնե ԼՂԻՄ տարածքում սեփական պետականությամբ գոյատեւելու խնդիր: Դրանցից այն կողմ` Ադրբեջանին առնչվող երեւի թե ոչինչ Հայաստանին եւ հայաստանցիներին չի հետաքրքրում եւ չի գրավում` ոչ տնտեսական հարաբերություններ, ոչ մարդկային շփումներ, ոչ տրանսպորտային հաղորդակցություն, համարյա ոչինչ: 

Հետեւաբար անլուրջ է կարծել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է խաղաղության պայմանագիր բանակցվել եւ արդյունքի հանգեցնել` Արցախի խնդրի կարգավորվելուց առաջ: Դա նույնն է թե հավատաս, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կարող է հաշտություն կայանալ առանց Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերման եւ ռազմական գործողությունների դադարեցման: Դժվար թե Բրյուսելում այդքանը չեն գիտակցում: Իհարկե, գիտակցում են: Իսկ եթե գիտակցում են, ապա ինչ դատարկամտություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին խոսելը քանի դեռ կարգավորված չէ Արցախի հայության ինքնիշխանության, անվտանգության եւ կարգավիճակի հարցը: Եւ ինչն ավելի էական է, ինչու է նման դատարկախոսություն արվում ԵՄ խորհրդի նախագահի մակարդակով: 

Այն, ինչ օրնիբուն զառանցում է Նիկոլ Փաշինյանը, իբր Հայաստանի ժողովուրդը 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրեն խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել, Բրյուսելում որեւէ մեկին չի մոլորեցնի: Ամենքն էլ գիտեն, որ Փաշինյանը 2018-ի իշխանություն է զավթել եւ 2021-ին էլ իշխանության է մնացել միայն որովհետեւ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ղարաբաղյան կլանը ատում են եւ Փաշինյանին դիտում են դրանցից ազատման միջոց: Փաշինյանին մանդատ է տրվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, միայն նախկիններին իշխանությունից հեռու պահելու համար: Ուրիշ ոչինչ: 

Այդ դեպքում, թե Արցախի խնդրի հիմնարարությունն ու առաջնայնությունը, թե Փաշինյանի`նախկիններին մերժելու արդյունքում իշխանության մնալու հանգամանքը հաշվի առնելով, ինչու են ԵՄ-ն Հարավային Կովկասում արագ եւ վճռականորեն խաղի մեջ մտնելու հայտ ներկայացնում:

Կարծում եմ, երկու պատճառով: Առաջինը եւ էականը` Ռուսաստանը հեռացվում է համարյա բոլոր եվրոպական հարթակներից եւ Հարավային Կովկասում ոչ թե Իրանը կամ Թուրքիան, ինչպես շատերին թվում էր, այլ հենց Եվրոպան Միությունն էր գրավելու եւ գրավում է Ռուսաստանի տեղը: Քանի որ Արցախի խնդիրը մի քանի տասնամյակ ձգվող խնդիր է` եւ դրա արծարծման հարթությունը ԵԱՀԿ-ն է, գոնե ներկա պահին ԵՄ-ն չի կարող որեւէ կերպ այդ խնդրում ներգրավվել: Իսկ ահա ՌԴ-Հայաստան-Ադրբեջան տարերայնորեն ձեւավորված եռակողմ ձեւաչափը, որը իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների բացման, սահմանների ճշտման եւ չգիտես էլ ինչ առարկայականությունից զուրկ հարցերով էր զբաղվում, այժմ սահուն կերպով փոխարինվում է ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափի: Դրա համար կարելի է միայն ուրախ լինել, քանի որ այն վերջապես ազդարարում է ռուս-թուրքական տանդեմի ազդեցության ավարտվելը Հարավային Կովկասում եւ Հայաստանի համար:

Երկրորդ` ԵՄ-ին հարկավոր է որեւէ գործընթացի սկզբնավորում` Հարավային Կովկասում ակտիվորեն ներգրավվելու համար, հետագայում արդեն` հող նախապատրաստելու եւ ֆիզիկական ներկայություն հաստատելու համար (կարծում եմ` սահմանների դեմարկացիա-դելիմիտացիայի թեման էլ դրա համար է): Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հեղհեղուկ եռակողմ ձեւաչափն այղ ուղին բացում է: ԵՄ-ին դա էլ հարկավոր է: Իսկ թե քանի տարի կտեւեն խաղաղության բանակցությունների նախապատրաստումը, բուն բանակցությունները երբեւէ կսկսվեն կամ կավարտվեն` լրիվ երկրորդական է: 

Այդուհանդերձ, որքան էլ ԵՄ-ի մուտքը Հարավային Կովկաս` ՌԴ-Թուրքիա տանդեմին փոխարինելու համար ցանկալի եւ ողջունելի լինի, Հայաստանը պարտավոր է հստակ հայտարարել, որ առանց Արցախի խնդրի կարգավորման ոչ մի այլ պայմանագրի շուրջ բանակցություններ Ադրբեջանի հետ չեն լինի: