Աշխատանքից ազատեք ռեկտորին, բայց մի ստորացրեք․․․

Աշխատանքից ազատեք ռեկտորին, բայց մի ստորացրեք․․․

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն», մոռանում է ավելացնել, թե ՀՀ վարչապետը ինչ պիտի իմանա։ Պարտավո՞ր է տիրապետել տարրական էթիկայի,  դիվանագիտական էլեմենտների այբուբենը։ Մարդուն չնսեմացնելու, արժանապտվությունը չվիրավորելու լեզուները պիտի իմանա՞, թե բավարար է միայն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու դասերը։

Վերցնենք թեկուզ այս փոքրիկ օրինակը։  Նիկոլ Փաշինյանին դիմավորելու մասին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է․ «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Եթե օրինակ ասեր՝ Փաշինյանն ինձ չի կամեցել տեսնել, ո՞նց կդիտարկեիք։ Մարդը փորձում է այնպիսի պատասխան տալ, որը վիրավորական չլինի ոչ իր , ոչ վարչապետի համար։

Բայց այսօր արդեն մամուլում շրջանառվում է, որ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերեւա «սեւ շենքում»։

Սա ի՞նչ է նշանակում։ Ստորացնե՞լ, նսեմացնե՞լ  ԵՊՀ ռեկտորին, ի՞նչ իրավունքով։ Այն էլ Քաղաքացու օրվան ընդառաջ։ Ավելի լավ է լեզուներ սովորելու փոխարեն դա սովորեք, պարոն Փաշինյան։  Եթե օրենքի շրջանակներում է, աշխատանքից ազատեք ռեկտորին, բայց մի ստորացրեք։ Նրան են նայում իր բազմահազար շրջանավարտները, որոնց թվում են նաև իմ երեխաները։   

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին ԲՈՒՀ - ի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: