Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է

Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին առերևույթ անմիջական մասնակիցներից մեկը ձերբակալվել է:

Արդեն տեղեկացվել է, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո, իրականցվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է:

Մասնակից մյուս անձանց ինքնությունը լիարժեք պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Հ.Գ.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: