Բանակցային սեղա՞ն, թե՞ մարտադաշտ՝ ո՞րն է հանգուցալուծումը

Բանակցային սեղա՞ն, թե՞ մարտադաշտ՝ ո՞րն է հանգուցալուծումը

Որքան Նիկոլ Փաշինյանն արտաքուստ խաղաղասիրական տեքստեր է հնչեցնում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ներկայությամբ, այնքան մեծանում է կարճատեւ, բայց լայնածավալ պատերազմի սպառնալիքը մեր սահմաններին։ Սյունիքի ուղղությամբ սրացումը կարող է սկսվել ամենապարզ սադրանքից, ու ճիշտ է՝ նախկին պատերազմների պես կանոնավոր զորքեր կամ գործողություններ թերեւս չեն լինի, բայց կարճ ժամանակաընթացքում՝ 2-3 օրում, թշնամին կփորձի դիրքավորվել եւ ամրանալ Հայաստանի ամենանեղ հատվածի թիկունքում՝ կտրելու դեպի Նախիջեւան ճամփան։

Ադրբեջանը կենդանի ուժի մի քանի ռեզերվ ունի՝ սահմանապահ ծառայություն, որը մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծի երկայնքով, էլիտար զորքեր, որը սահմանափակ ռեսուրս է եւ նախատեսված է առավել բարդ խնդիրների կատարման համար, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ռեզերվ։ Նոյեմբերի 16-ի մեկօրյա սրացման պես՝ բացի հրետանուց, մարտի մեջ կարող է մտնել նաեւ հետեւակը, հասնել մեր դիրքեր եւ դիմահար մարտերի բռնվել մեր դիրքապահների հետ։ Կարելի է հիշել նաեւ, որ 44-օրյա պատերազմում թշնամական զինվորները խմբերով մտնում էին մեր ձորակներ եւ մարտավարական խնդիրներ լուծում։ Այլ կերպ ասած՝ թշնամու խնդիրը ոչ միայն մեր դիրքերը հեռվից ֆիզիկապես կործանելն է, այլեւ դրանք յուրացնելն ու ամրապնդվելը:

Մեր սպայակույտը կարծես առանձնապես խնդիր չի տեսնում, որ սահմանազատումը կսկսվի Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի պայմաններում՝ պարտադրված եւ նեղացող սահմանագծի տրամաբանությամբ։ Սիսիանի տարածաշրջանում դեպի թիկունք խորանալով՝ Բաքուն փորձելու է Սյունիքն ու Արցախը կտրել Հայաստանից։ Այս պարագայում անչափ կարեւոր է ոչ միայն Երեւան-Գորիս ավտոմայրուղու պահպանությունը կյանքի գնով, այլեւ դրա որեւէ հատվածում թշնամու՝ թեկուզ հեռավոր դիտարկման իրականացումը բացառելը։

Ժամանակին Արծրուն Հովհաննիսյանը պնդում էր, թե Նախիջեւանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը մեր դիտարկման տիրույթում է, եւ ըստ անհրաժեշտության՝ կարող ենք այն թիրախավորել։ Էլ չասած պատերազմի օրերին Գանձակի օդանավակայանի թռիչքուղու իբր ոչնչացման, թշնամուն հասցված բեկումնային հարվածների կասկածելի լուրերի մասին։ «Կհարվածենք Եվլախին», «Օմարի լեռնանցքով դուրս կգանք մինչեւ Ռուսաստանի սահման», «Կվերացնենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային հանգույցները», «Նավթամուղերը կառնենք մեր հսկողության ներքո, Ադրբեջանը կկտրենք Ռուսաստանից» եւ այլ անհեթեթություններ, որոնք հնչում էին կիսապաշտոնական անձանցից եւ աղբյուրներից, այսօր փոխարինվել են տարտամ ու գլխահակ արձանագրումներով՝ «թշնամին ինչ էլ պահանջի, պիտի տանք» ոճով։

ՌԴ նախագահի կամ Եվրամիության առաջնորդի ջանքերը գնահատելի են, բայց նրանք անձնապես հետեւողական չեն լինելու կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցում եւ գործնականում չեն միջամտելու սահմանային մարտերին, քանի դեռ Հայաստանը չի իրացնում ինքնապաշտպանության իրավունքը։ Աշխարհաքաղաքական ներկայիս վերադասավորումների փուլում ՀԱՊԿ-ի լռության մասին շարունակաբար հիշեցնելը կամ Ռուսաստանի դերի վկայակոչումն անարդյունք են եւ անհասկանալի մեր իսկ անգործության պայմաններում։ Ի վերջո, դրանք մեր անվտանգության միջազգային մեխանիզմներն են, որոնցից առաջ պետք է գործարկել ներպետականը՝ բանակը։

Դավիթ Սարգսյան