Գուցե այսօրվա իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ նախկինները լինեն ընդդիմություն 

Գուցե այսօրվա իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ նախկինները լինեն ընդդիմություն 

Հանգամանքների բերումով Նիկոլ Փաշինյանին որպես ընդդիմություն ներկայանում եւ նրան քննադատում են շուրջ երկու տասնամյակ երկիրը ղեկավարած, պետական-քաղաքական կյանքում ձախողումներ արձանագրած եւ դրանց համար որեւէ պատասխանատվություն չկրած ուժերը։ Իսկ Փաշինյանի  հետ համատեղ ճանապարհ անցած քաղաքական ուժերը կա՛մ լռելյայն սատարում են նրան, կա՛մ խուսափում որեւէ գնահատական հնչեցնել՝ սպասելով, թե անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը երբ կհասնի իր վերջնական հանգրվանին՝ անցումային արդարադատության եւ վեթինգի տեսքով։

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որը մինչեւ 2012թ․ Ազգային ժողովի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հետ հանդես էր գալիս «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կազմում, իր նախկին զինակից Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր գործը համարում է Հայաստանը նախկին ռեժիմից ազատագրելը։ Միաժամանակ նա կարծում է, որ պետք է փոխել սահմանադրական համակարգը, տնտեսական համակարգը։

«Ցավոք սրտի, այսօր իշխանությունները զբաղված են նախկիններից ազատվելով եւ անձերի փոփոխությամբ։ Իսկ դրա արդյունքում կա իշխանություն եւ իբր ընդդիմություն, որը նախկին իշխանությունն է։ Իսկ դա ամենեւին ձեռնտու չէ մեր պետությանն ու երկրին։ Գուցե այսօրվա իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ նախկինները լինեն ընդդիմություն, որովհետեւ նրանք շատ խոցելի են։ Նրանց թերություններին ու հանցագործություններին չափ ու սահման չկա։ Ես, իհարկե, չեմ սիրում խոսել նախկինների մասին, ես խոսում եմ գործող իշխանության սխալներից։ Եթե նախկին իշխանությունները չզբաղվեին քաղաքականությամբ, ապա ես կնախընտրեի մոռանալ նրանց, փակել նրանց էջը։ Բայց երբ նրանք զբաղվում են քաղաքականությամբ, պետք է խստագույնս վերաբերվել նախկին իշխանություններին եւ խստագույնս պատասխանատվության ենթարկել նրանց իրենց հանցագործությունների համար։ Նրանք ապացուցել են, որ իրենց գործունեության ընթացքում ոչնչացրել են երկրի տնտեսական, քաղաքական համակարգերը։ Եվ եթե զբաղվում են քաղաքականությամբ, ապա պետք է պատասխան տան իրենց նախկին արարքների համար։ Եթե արդարադատությունը կապացուցի, որ մեղավոր չեն, այն ժամանակ թող շարունակեն մնալ քաղաքականության մեջ։ Համոզված եմ, որ արդարադատության դեպքում նրանք կդատապարտվեն»,- ասաց Սոս Գիմիշյանը։

Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ում նկատի ունի նախկին իշխանություններից, երբ ասում է, որ կդատապարտվեն, Սոս Գիմիշյանն արձագանքեց․ «Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն եղել է այն ժամանակվա գործող կոալիցիան՝ չորս կուսակցություն՝ երկրի նախագահի հետ միասին։ Նրանք են՝ Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Իրենք եղել են Մարտի 1-ի իրականացման քաղաքական հենարանը։ Ես, օրինակ, հանրաքվե կանեի եւ այդ չորս կուսակցությունների գործունեությունը կդադարեցնեի, որպեսզի այդ համակարգը վերանար։ Դա կլիներ ամենալավ քաղաքական գնահատականը։ Հանրաքվեով ժողովուրդը թող որոշի՝ այդ կուսակցություններն իրավունք ունե՞ն իրենց գործունեությունը շարունակելու, թե՞ ոչ։

Գլխավոր խնդիրն այդ անձերին դատապարտելը չէ, այլ որ հետագայում մեր երկրում որեւէ մեկը տասն, հարյուր անգամ մտածի քայլ անելուց առաջ եւ մեր երկիրն ազատենք նման վտանգներից։ Այդ վճիռը կարեւոր է ապագայի համար, եւ կարծում եմ, որ պետք է գնալ այդ ճանապարհով։ Բացի նշված ուժերից չկա՞ն այլ քաղաքական ուժեր։ Կա՛ն, ես համոզված եմ, որ կան երիտասարդ, նոր քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք կարող են լինել իրական ընդդիմություն»։