Կոզակից նամակ չկա, բայց կան սպասումներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից

Կոզակից նամակ չկա, բայց կան սպասումներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի նամակը ՀՀ կառավարությանը, որով նա տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ռուսական գազի գինը ՀՀ սահմանին 150 դոլարից մինչեւ 215 դոլար 1000 խմ-ի համար բարձրացնելու մասին, ոչ ոք չի տեսել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հրապարակի» հարցին՝ եղե՞լ է, թե՞ չի եղել նման նամակ, պատասխանեց․ «Իհարկե, չի եղել։ Մենք արդեն հերքումը տարածել ենք»։
Իսկ Ավինյանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձեւաչափը եւ հետագա փուլերը: Հավելեմ նաեւ, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության եւ փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել եւ չեն կարող լինել»։ 
Այնուամենայնիվ, գազի գնի բարձրացման սպասում է օդում կախված։ Պատճառը թերեւս տագնապն է, որ «կայսրական» Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի հեղափոխական կառավարչի միջեւ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ձեւավորվում։ Համենայնդեպս, Պուտինը եւ ԵԱՏՄ մեր գործընկերները զգուշավորություն են ցուցաբերում Փաշինյանի նկատմամբ, իսկ ԵԱՏՄ ներսում արդեն ունենք բացահայտ լարվածություն Բելառուսի հետ։ Ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետն էլ լրանում է մի քանի օրից՝ դեկտեմբերի 31-ին։ Հնարավո՞ր է, որ ՌԴ-ից եկող տեղեկությունները՝ գազի թանկացման մասին, քաղաքական ենթատեքստ ունենան եւ տեղավորվեն ուժի ցուցադրության եւ ՀՀ-ին ավելի հնազանդ դարձնելու տրամաբանության մեջ։ Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ գազը միշտ էլ քաղաքականություն է ամբողջ աշխարհում, եւ հիմնականում Ռուսաստանն է այն օգտագործել որպես քաղաքական լծակ։ Բայց Հայաստանն էլ իր լծակներն ունի։ «Սպառողների համար սակագինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մենք հենց Ռուսաստանի սպառողներն ենք, երբ որ մենք գազօջախները միացնում ենք, մենք ծառայում ենք «Գազպրոմ Ռոսիային»։ Անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություն կլինի «Գազպրոմ»-ի հետ, նաեւ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիայի» հիմնավորող փաստաթղթերը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թող սահմանի սակագին։ Թե ինչքան են իրենք պահանջում, երկրորդական, երրորդական պետք է լինի»։ «Գազպրոմ Արմենիան» հնարավո՞ր է, որ չգնա թանկացման։ «Հնարավոր է, բայց ամեն դեպքում մենք գործ ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Նույնիսկ եթե 100 դոլար էլ լինի, նա կարող է շատ ավելի բարձր գին սահմանել ու ասել, որ տեսեք՝ մեր եկամուտները չեն բավարարի։ Նրա ցանկությունները պետք է տեղավորվեն մեր հնարավորությունների մեջ»։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետի նամակի վերաբերյալ լուրերը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց․ «Գազը չի թանկանա։ Եթե սակագնի փոփոխություն լինի, ապա ո՛չ դեպի բարձրացում»։