Ակնկալում եմ, որ կլինեմ ոչ միայն մեր կուսակցության, այլև ընդդիմության միասնական թեկնածուն․ Սուրենյանց

Ակնկալում եմ, որ կլինեմ ոչ միայն մեր կուսակցության, այլև ընդդիմության միասնական թեկնածուն․ Սուրենյանց

Այսօր տեղի ունեցավ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլըտրանք» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ Սուրենյանցը հայտնեց, որ սպասվելիք ՏԻՄ ընտրություններին ինքն առաջադրվելու է Նոր Հաճն համայնքում, իսկ մինչև այդ կուսակցությունը կսատարի «Հայրենիք» կուսակցությանը Դիլիջանի ընտրություններում և «Առուշանյան» դաշինքին՝ Գորիսում։ Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում ներկայացրեց այն պատճառները, որոնց համար կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրել․

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չհաղթահարեցին քաղաքական ճգնաժամը, մենք մի փոքր պաուզա տվեցինք՝ սպասելով, որ քաղաքական ճգնաժամը կհաղթահարվի, բայց տեսանք, որ չի հաղթահարվում։ Բացի այդ, մոտեցավ ՏԻՄ ընտրությունների հանգամանքը, բայց ամենակարևոր 2 գործոնը պայմանավորված են արտաքին ահագնացող ռիսկերի հետ, այսինքն՝ մենք ամեն օր տեսնում ենք անվտանգային նոր ռիսկեր, տեսնում ենք, որ Ադրբեջանն, ըստ էության, պնդում է իր ռազմատենչ օրակարգը, տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն դրան չի ընդդիմանում, այլև հաճախ, կամ երեք նախադասությունը՝ մեկ, տալիս է Սովետական Հայաստանի քարտեզի անունը, սա, ըստ էության, նշանակում է հասարակությանը պատրաստել նոր զիջումների՝ առնվազն անկլավների վերադարձի տեսքով, իսկ ներսում տեսնում ենք իշխանության ավտորիտար մեթոդների ակնհայտ ուժեղացում։ Օրինակ՝ ոստիկանական այն «բեսպրեդելը», որը կատարվում է նույնիսկ քաղաքական օրակարգ չունեցող ակցիաների ժամանակ, օրինակ՝ «ֆիզգորոդոկի» իրադարձությունները, էլ չեմ ասում Ազնավուրի հրապարակում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այդ վայրենությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է մեկ անձի իշխանության հաստատմանը, ընդ որում՝ նա շատ լավ գիտակցում է, որ ընտրություններում ստացած 53 տոկոսը իր վստահության ցուցիչը չեն, դա, ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգի դրսևորումն էր, և Պուտինի վկայաբերած «ցավոտ զիջումներին» ընդառաջ փորձում է այլախոհության ցանկացած դրսևորում ճնշել։ Այս բոլոր պատճառները, նաև ՏԻՄ ընտրությունները առիթ հանդիսացան, որ մենք հրավիրենք համագումար՝ գնահատականներ տալու համար, նաև հայտարարելու, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մենք՝ ինքներս պատրաստվում ենք մասնակցել Նոր Հաճնի ՏԻՄ ընտրություններին, ես ակնկալում եմ, որ ես կլինեմ ոչ միայն մեր կուսակցության, այլև ընդդիմության միասնական թեկնածուն։ Նաև հայտարարում եմ, որ Դիլիջանում պաշտպանում ենք «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը հոկտեմբերի 17-ի ընտրություններում, իսկ Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի համամասնական ցուցակը»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրենյանցը։ 

Սուրենյանցին հարցրինք՝ միանալո՞ւ է «Հայաստան» դաշինքի հայտարարած փողոցային պայքարին․

«Դուք գիտեք, որ մենք «17 կուսակցությունների» մաս ենք եղել, հետո ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով հեռացանք «17»-ից։ Ո՛չ միանալն է ինքնանպատակ եղել, ո՛չ էլ հեռանալը, այն վտանգները որ մենք տեսնում ենք, արդարացված էր մեր միանալը, բայց «17»-ի ֆորմատի այն սխալները, որոնք ի վերջո հանգեցրին ընդդիմադիր ռեսուրսի փոշիացմանը փողոցում, դա էլ ենք տեսել։ Ինձ համար շատ կարևոր է օրակարգը հասկանալն ու ճանապարհային քարտեզը․ եթե հետևություններ են արվել «Հայրենիքի փրկության շարժման» սխալ մարտավարությունից, ապա, իհարկե, կարող ենք քննարկել, կարող ենք համագործակցել։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որևէ կոմպլեքս չունի, մենք «նախկին- ներկա», «սև- սպիտակ» արհեստական հակադրության թեզով երբեք չենք առաջնորդվել, պատրաստ ենք ընդդիմադիր դաշտում ցանկացած ռացիոնալ, արդյունավետ համագործակցության, միայն թե չկրկնվեն այն սխալները, որոնք արդեն արել ենք, որովհետև այդ սխալների հետևանքը դարձավ այն 53 տոկոսը, որը, համոզված եմ, նոր պատուհաս է դառնալու այս ժողովրդի գլխին»։

Սուրենյանցին հարցրինք՝ «թեժ աշուն» լինելո՞ւ է՝ նկատի առնելով, որ այլ քաղաքական ուժեր էլ են հայտարարել փողոցային պայքարի մասին, բացի այդ էլ առջևում ՏԻՄ ընտրություններ են, ինչը նույնպես քաղաքական որոշակի լարվածություն է ենթադրում․

«Հայաստանում ամեն օր թեժ է լինելու, անկախ նրանից՝ աշո՞ւն է, թե՞ գարուն, մեր երկրի անկայունության անունը Նիկոլ Փաշինյան է, քանի դեռ նա իշխանության ղեկին է․․․, Նիկոլ Փաշինյան նշանակում է անվտանգային ռիսկեր, բարիկադ երկրի ներսում․ նրա տեղաշարժը, ոստիկանական պատերը բարիկադներ են։ Ես չեմ պնդում, որ ընտրությունները կեղծվել են, բայց ես պնդում եմ, որ 53 տոկոսը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չէ, դա մեր բոլորիս հակավարկանիշն է՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, վերջացրած ինձնով՝ որպես ավելի փոքր ընդդիմադիր կուսակցության ղեկավար։ Ես պնդում եմ, որ նա և՛ բավարար վստահություն չունի, և՛ բավարար կոմպետենտություն չունի, և՛ բավարար տեսական ու քաղաքական օրակարգ չունի։ Այսինքն՝ ճգնաժամի անունը հենց այս իշխանությունն է, մինչև այս իշխանությունը չհեռանա, պերմանենտ նման ցնցումներ լինելու են, լինելու են թե՛ արևմտամետ ընդդիմության կողմից, թե՛ խորհրդարանական ընդդիմության կողմից, թե մեր տիպի ընդդիմության կողմից, որը ձգտում է 3-րդ ուժի նիշին, որովհետև ինչքան էլ ես ու Ռոբերտ Քոչարյանը, ինչքան էլ ես ու Սերժ Սարգսյանը հակասություններ ունենանք, միևնույն է՝ մենք ընդհանուր գնահատական ունենք մեկ հարցում, որ 44-օրյա պատերազմը և Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ արտաքին քաղաքականությունը երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ երկրում որակական փոփոխություններ են պետք»։