Ռեքվիեմն իրականում

Ռեքվիեմն իրականում

Ես նույնպես  չեմ սիրում շատ խոսել լրագրությունից կամ դրա դասական սկզբունքներից, որովհետև, իրոք, կան մարդիկ, ովքեր ավելի շատ, ավելի լավ,  ավելի տեղին ու հիմնավոր կարող են խոսել։ Բայց ես  համոզված եմ, որ լրագրությունը կյանքն է, դրա ճշգրիտ արտացոլանքը, ընդ որում ոչ հայելային, և ինչպես կյանքը, լրագրությունն էլ է անընդհատ փոփոխվում, շնչում, նորանում։ Կաղապարներն, իմ ընկալմամաբ, ժուռնալիստիկային խորթ են, լրագրությունում չկան դոգմաներ, այն պետք է ազատ գործելու ու խոսելու հնարավորություն տա։ Միևնույն ժամանակ լրագրությունում, առավել քան որևէ այլ տեղ, կարևորվում են ամեն մի արտասանած հնչյունը, ամեն մի տառը, ամեն մի բառն ու միտքը։ Փաստերը լրագրության ողնաշարն են, լրագրողի ազատությունը՝ հոգին, լսարանը՝ սիրտը։ Այս 3-ի միասնության արդյունքում է միայն լրագրությունը ծառայում իր նպատակին։ Լրատվամիջոցներից շատ են դժգոհում, լրագրողներին հայհոյում են , ամեն ինչի մեղավորը լրագրողներն են, երկրի միակ չարիքը, գաղջ մթնոլորտ ապահովողը, կիսագրագետները․․․։ Առհասարակ լրագրողները ամեն ինչի համար են մեղավոր․ բանտում հացադուլից հետո  մա՞րդ է մահանում, իսկ ո՞ւր էին լրագրողները , պատգամավորը  հոդաբաշխ չի կարողանում խոսել, իսկ ինչո՞ւ են լրագրողները հարց տալիս նրան, հետո ի՞նչ, որ մեծ թվով մարդիկ նրա օգտին քվեարկել են։ 

Ասում են՝ լրագրություն չկա Հայաստանում, բոլորը 100 դոլարանոց պատվերով հոդվածագիրներ են, լրագրությունը սպանել են և այլն։ Դա ասում են հիմա, երբ լրագրողի հարցերին պատասխանողը իրենք են, երբ լրագրողի բարձրացրած խնդրի հասցետերը իրենք են, երբ լրագրողի խոշորացույցի տակ իրենք են հայտնվել։ Իսկ ամիսներ առա՞ջ․․․ լրագրողները հերոսներ էին, հեղափոխականներ, քայլում էին, քայլում էին ու  քայլում։ Լրագրողից բողոքում է  նա, ով թաքցնելու բան ունի, լրագրողին չի սիրում նա, ով վախենում է վերջինիցս, լրագրողի աշխատանքը սևացնում է նա, ում դա հարկավոր է, դասեր տալիս է նա, ով  չի ուզում լսել մամուլի քննադատությունը և ամեն կերպ փորձում է մամուլը հարամարեցնել իր քիմիքին։ 

Ստացվել է այնպես, որ դաշտը խառնողները խոսում են դաշտի կարգավորման մասին, գրաքննիչները՝ էթիկայի, անգրագետները՝ գրագիտության, ճամբարափոխները՝ սկզբունքների, խոսափողները՝ հավատարմության, բովանդակազուրկները՝ բովանդակության, անմիտները՝ գաղափարների մասին։ 

Իշխանություններն են փոխվում, լրագրողները փոխվելու կարիք չունեն, լրագրողներն իրավիճակին հարմարվելու խնդիր չունեն, լրագրողների համար իրավիճակը մեկն է՝ խոսքի ազատության ու ժողովրդավարության ապահովումը, հասարակության պահապան շան , իշխանություններին հսկողի ու սխալները ցույց տվողի դերը։ Լրագրողի համար պաշտոնյան՝ սուրբ, իսկ  նրա ասածները վերջին ճշմարտություններ չեն, թող դրանց հավատան դյուրահավատները, լրագրողը թերահավատ է։ 

Լրագրողն ազատ է, եթե ինքն է որոշում իր ազատության սահմանները, լրագրողն ազատ է, եթե տալիս է հարց, որը ուզում է տալ։ Չէ՞ որ լրագրության դասականներն ասում են, որ եթե հարցը քեզ հետաքրքրել է, մյուսներին էլ գուցե հետաքրքրի։ Ասում են՝ Լրագրությունը չի զարգանալու, քանի դեռ հարցը ձեւակերպվում է «ճի՞շտ եք համարում» բառակապակցությամբ։ Լրագրողը իրավունք ունի հարց տալու «ճի՞շտ եք համարում» ձևակերպմամբ, իր հարցի տերը ինքն է, ու գուցե պատասխանողի դիրքորոշումը՝ ճշտի ու սխալի վերաբերյալ, ասի ավելին, քան չոր փաստերը։ 

Լրագրությունը նահանջ չի ապրում, լրագրությունը Հայաստանում միակ կայացած ինստիտուտն է, ուղղակի մարդիկ սովորել են, որ իրենց գործը լրագրողները պիտի անեն։ Մամուլը պետք է լինի ոստիկանություն, քննչական ու դատախազություն, մամուլը պիտի լինի իրավապաշտպան կազմակերպություն, մամուլը պետք է ընտրախախատումներ ու կաշառքներ բացահայտի, կոռուպցիա բացահայտի, քաղաքական ընդդիմության դեր ստանձնի, երբ վերջինս չկա երկրում։ Բայց բոլոր նշվածներին բաժին հասնող թուքումուրն էլ ինքը ուտի։ Տարել ենք, հանոդուրժել ենք, դեռ պատրաստ ենք հանդուրժելու։

 Հ.Գ. Խորհուրդ գործընկերներիս` դասախոսիցս, ով հաճախ էր ասում, որ լրագրողները ամենաքիչն են ապրում։ Թեթև տարե՛ք։

Խորհուրդ պաշտոնյաներին, որ ավելի հաճախ են սկսել մեղադրել լրագրողներին` հանգիստ նստեք տեղներդ։