Բյուջեի մասին օրենքը ծախսերի մասով խախտվում է

Բյուջեի մասին օրենքը ծախսերի մասով խախտվում է

2019 թվականի պետբյուջեի մասին օրենքով՝ ծախսերը պետք է կազմեն 1,648 տրլն դրամ։ Սակայն պարզվում է, որ բյուջեն ծախսելն այնքան էլ հեշտ չէ։ 2019 թվականի ինն ամիսներին բյուջեի ծախսերի ընդհանուր թիվը ֆինանսների նախարարությունը դեռ չի հրապարակել։ Ծրագրված էր, որ այդ ժամանակահատվածում պետք է ծախսվի մոտ 1,2 տրլն դրամ։ Իրականում, սակայն, ըստ ֆինանսների նախարարության տվյալների, առաջին կիսամյակում ՀՀ ծախսերը կազմել են 777.2 մլրդ դրամ։

«Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 57.3%-ով, ծախսերի գծով` 45.8%-ով»,- գրված է ֆինանսների նախարարության վերլուծական ամփոփագրում։
Որպեսզի ծրագրված թվերից հետ չմնան, մինչեւ սեպտեմբերի վերջը պետք է հասցնեն ծախսել 4,2 մլրդ դրամ եւ մոտ այդքան էլ՝ վերջին եռամսյակում։

Ակնհայտ է, որ մեր պետական մարմինների կատարած ծախսերը որոշ չափով հետ են մնում պետբյուջեի ծրագրից։ Սա նշանակում է, որ պետական մարմինների հաշիվների վրա չծախսված գումարներ են կուտակվում։   
Մեր տեղեկություններով՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արդեն անհանգստություն է արտահայտել այս առիթով, քանի որ ֆինանսների նախարարության հաշիվներում, որոնք Կենտրոնական բանկում են, ահռելի չօգտագործված գումարներ են կուտակվել։

Նախարարությունները բյուջեով նախատեսված, բայց չծախսված գումարները  ներկայացնում են որպես խնայողություն, նույնիսկ աշխատավարձ են բարձրացնում այդ խնայողությունների հաշվին, ինչպես, օրինակ, առողջապահության նախարարությունում։
Դրանց մի մասը տարբեր պետական ծրագրերով գնումների իրականացման չկայացած տենդերների արդյունքում է կուտակվել։

Տենդերները չեն կայանում տարբեր պատճառներով։

Օրինակ, մայիսին ԱԺ ամբիոնից բարձրաձայնվեց, որ տարբեր շինարարական կազմակերպություններ բողոքել են, որ շինարարական մրցույթները չեն կայանում կամ հետաձգվում են, կամ արդեն իսկ կայացած տենդերների մրցույթների հաղթողները չեն հայտարարվում, քանի որ բարդացել է շինթույլտվությունների տրամադրումը։
Հուլիսին էլ հոգեկան խնամքի կենտրոններից մեկի ղեկավարը խոստովանեց, որ դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջված քանակը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին։

Սեպտեմբերի 12-ին կառավարությունը մեծ ժեստ կատարեց գործարարներին՝ հավանություն տալով ԱԱՀ-ի գծով 56 մլրդ դրամ պարտավորությունները տնտեսվարողներին վերադարձնելու օրենսդրական նախաձեռնությանը։ Իրականում էլ սա մեծահոգի ժեստ էր, քանի որ տարիներ շարունակ տարբեր կառավարիչներ ԱԱՀ-ի գծով պարտք էին կուտակում, իսկ վերադարձնելիս նախ հետ էին տալիս նոր դեբետային մնացորդները, իսկ ավելի հին պարտքերի մարումը հետ էին գցում։

Բայց նոր օրինագծով, ինչպես բացատրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը վերացավ։ «Ունենք միայն «ԱԱՀ-ի դեբետ» հասկացությունը, հետեւաբար, արդեն մարումների առաջնահերթության մեջ ունենալու ենք նաեւ հին դեբետներն առաջնահերթ պարտավորությունների մարմանն ուղղելու իրավակարգավորում»,- ասաց նախարարը, եւ սա եւս հնարավոր է դարձել պետական ծախսերից խուսափելու հաշվին։

Իրականում պետական ծախսերի թերի կատարումը բյուջեի մասին օրենքի կոպիտ խախտում է։ Առանց այդ օրենքում փոփոխություն մտցնելու, առանց ԱԺ թույլտվության, կառավարությունը բյուջեի խմբագրումներով է զբաղված։

Կառավարման համակարգում մեր աղբյուրը կոնֆիդենցիալ կարգով բացատրեց․ «Վտանգն այն է, որ եթե պետությունը որոշել է, որ այսինչ ծրագիրն ինքը կատարելու է 18 թվականին ու դրա հաշվին խնայողություն է անում, դա նշանակում է, որ տվյալ ծրագիրը կառավարությունը չի կատարելու։ Հիմա կարող են ասել՝ ոչինչ, որ չի կատարում։ Բայց կարո՞ղ է այս պետությունն ընդհանրապես ոչ մի ծրագիր չունենա, ու ասենք՝ ոչինչ։ Եթե տվյալ ծախսը չի կատարվում, դա կառավարման ոլորտի թերություն է, եւ ամեն նման թերություն պետք է բացատրվի։ Կարող է եւ օբյեկտիվ պատճառ լինի, օրինակ՝ նախարար է մեռնում, նոր նախարար է գալիս, տենդերը չի կայանում, բայց պետք է բացատրությունը տրվի, որ հանրությունը հասկանա»։

Կարծիք կա, որ նման խմբագրումներով կառավարությունն իրեն ապահովագրում է հաջորդ տարվա բյուջետային ճեղքերից։