Անկախ նրանից, թե ինչ է սահմանագծում Փաշինյանը, Հայաստանը 30 տարի միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրշների այրումը, այն համարելով «անպատասխանատու եւ անընդունելի քայլ, սադրիչ եւ հրահրող գործելակերպ»: Իսկ սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը Աստծուց ներում է խնդրել Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու համար, մոռանալով, որ Արցախում 2020 թվականին ադրբեջանցիները միզում էին իր եղբոր հուշարձանի վրա: Սա ի՞նչ մոտեցում է:
- Չեմ պատկերացնում, որ անկախ ժամանակից ՀՀ որևէ իշխանություն խրախուսեր Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշներն այրելը, անկախ այն բանից, որ այդ պետությունները մեր թշնամին ու մեր հակառակորդն են: Անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը, պետք է կարողանանք տարբերել օգտակարն անօգտակարից: Ցեղասպանության ճանաչման և առհասարակ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ն. Փաշինյանի քաղաքականությունն ունի շատ ավելի ծանրակշիռ և դիպուկ քննադատության տեղ, առիթ ու պատճառ: Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների ղեկավարների հայտարարություններին, կարծում եմ սա էլ մեկ այլ ծայրահեղություն է, երբ իշխանական կարգավիճակ չունեցող մարդիկ ինտենսիվ կերպով թիրախավորվում են դրոշներ այրելու ակցիան: Իմ համոզմամբ՝ այն էմոցիոնալ ակցիա է, սակայն հասկանալի էմոցիաներով ակցիա է, խոսքը ցեղասպանության ենթարկված ժողովրդի սերունդների արձագանքների մասին է: Եթե ինչ-որ շրջանակներ չեն միանում էմոցիաների արտահայտման այդ ձևին, ապա ճիշտ չեմ համարում, որ թիրախավորում են ակցիա իրականացնողներին: Ուղղակի պետք է այդ ամենն ընդունել ի գիտություն, հիմնավոր և արդարացված էմոցիայի դրսևորում, պատճառաբանված էմոցիաների մակարդակում տեղի ունեցող ակցիա է այն:
- Ասում եք, որ որևէ իշխանություն չի կարող խրախուսել դրոշ այրելու պրոցեսը, սակայն չեմ մտաբերում մի դեպք, երբ նախկին որևէ իշխանություն բացահայտ դատապարտեր Ադրբեջանի դրոշն այրելու հանգամանքը: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ ազերիները պղծում են հայկական մշակութային ժառանգությունը, հայկական գերեզմանները, բնակավայրեր են հիմնահատակ քանդում, նման բան պատկերացնելը փոքր ինչ բարդ է…. Ի վերջո չխրախուսելն ու դատապարտելը տարբեր բաներ են, իսկ մեր նորանկախ պատմությունը բաժանվել է պատերազմից առաջ-ի և պատերազմից հետո-ի:
- Եթե խոսում ենք Փաշինյանի արձագանքի մասին, ապա բոլորիս աչքի առաջ է եղել, որ նախքան 2020 թվականի նոյեմբերի 9-ը եղել է մի հռետորաբանություն, 2020 թվականից հետո մենք գործ ունենք բոլորովին այլ հռետորաբանությամբ Փաշինյանի հետ: Փաշինյանին ծանրակշիռ քննադատելու և թիրախավորելու այլ բազմաթիվ պատճառներ ու առիթներ կան: Նա մտքեր է շրջանառում Ցեղասպանության մասով, պետականության մասին է պնդումներ անում, կարծում եմ՝ սրանք առավել կարևոր հարցեր են: Նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ եթե նախկին նախագահներից որևէ մեկին, օրինակ՝ Քոչարյանին նման հարց հնչեր, պատասխանը կարող էր էապես տարբերվել: Իհարկե, գուցե ձևակերպումների առումով լինեին տարբեր մոտեցումներ, սակայն ընդհանուր գնահատականը չեմ կարծում, թե սկզբունքորեն տարբեր կարող էր լինել: Չեմ հիշում առաջներում եղե՞լ են դեպքեր, որ այս առնչությամբ հարցեր հնչեին նախկին ղեկավարներին:
- Առաջ Արցախում հայերի գերեզմաններն ու արձանները չէին պղծվում, այ սա է առաջվա և այսօրվա տարբերությունը: Առաջ Ալիևը Հայաստանը չէր համարում «Արևմտյան Ադրբեջան»:
- Շատ բարի, բայց Նիկոլ Փաշինյանին կան թիրախավորելու առավել հիմնավոր ու առանցքային պատճառներ, հանգամանքներ: Օրինակ՝ Փաշինյանը ցեղասպանության վերաբերյալ բավականին տարօրինակ հայտարարություններ է անում, ասում է, որ մենք էլ մեր սխալները պետք է գիտակցենք, հետո հարց է հնչեցնում՝ մենք արե՞լ ենք ամեն անհրաժեշտ բան ցեղասպանության չենթարկվելու համար, թե՞ ոչ: Երբ պետության առաջին դեմքը նման հայտարարություններով է հանդես գալիս, առաջանում են բազմաթիվ խնդրահարույց հարցեր: Փաստացի Փաշինյանը մեղավորին արդարացնում է, իսկ զոհին մեղավորի դիրքում է դնում: Իհարկե, շատ կարևոր է, որ ինքներս մեզ կարողանանք քննել և հասկանալ նաև մեր սխալները, սակայն շատ կարևոր է, որ այն արվի լռելյայն ինստիտուտների մակարդակով, այլ ոչ թե քաղաքական իշխանության առաջին դեմքի հրապարակային հայտարարություններում: Այս հայտարարությունները կարող են ցեղասպանություն իրականացնող պետության համար հետագայում հիմք հանդիսանալ, նոր քաղաքական խաղաքարտեր ձեռքբերելու համար: Շատ կարևոր խնդիր է, թե պաշտոնական Երևանն ինչպես է պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ անելիքները, էլ չենք խոսում Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին, որ այն թոկ էր մեր պետականության վզին և այլն:
- Այսօր էլ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի իր ուղերձում նա անդրադարձել է սահմանազատմանն ու սահմանագծմանը: Խոսել է դրա կարևորության մասին, պնդել, որ հետագայում ցեղասպանության չենթարկվելու երաշխաիքը սահմանազատումն ու սահմանագծումն են:
- Նա մեծ հաշվով ուղերձում պետության ինքնիշխանության, անվտանգության հարցը դարձյալ կապեց սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, ասելով, որ դրա բացակայությունն է, որ կարող է նախադեպ հանդիսանալ ցեղասպանության ողբերգությունը վերապրելու: Սա էլ շատ վտանգավոր հայտարարություն է: Փաստացի այս խոսքերի տողատակում, կամ նույնիսկ բաց իմաստով Փաշինյանն ասում է, որ եթե Հայաստանը սահմանազատված և սահմանագծված սահմաններ չունենա, ապա չի ունենա պաշտպանվածության լեգիտիմ իրավունք: Բայց անկախ այն բանից, թե ինչ է սահմանագծում Փաշինյանը, Հայաստանն արդեն երեք տասնամյակ է միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է և Հայաստանի անվտանգությունը չի կարելի կասկածի տակ դնել: Այդ ամենն իրար կապելը, այն դեպքում, երբ պրոցեսները միայն Հայաստանից չեն կախված, նույնպես քաղաքական վտանգներ է ներկայացնում, որն արժանի է մեծ ուշադրության:
Կարծիքներ