Չարենցավանում ՔՊ-ի թեկնածուն լռության օրով «նախընտրական ասֆալտ» է փռում

Չարենցավանում ՔՊ-ի թեկնածուն լռության օրով «նախընտրական ասֆալտ» է փռում

Չարենցավան համայնքում վաղը` սեպտեմբերի 25-ին, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ: Այսօր լռության օր է, սակայն ՔՊ-ն` ի դեմս ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արթուր Գալստյանի, որոշել է խախտել լռության օրը` հին մեթոդներով փորձելով վերջին ճիգերով շահագրգռել Չարենցավան համայնքի բնակիչներին: Մեզ պատմեցին, որ այսօր ցերեկը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն որոշել է «ասֆալտ» փռել Չարենցավանից Ալափարս տանող ճանապարհին:

Ճանապարհին մի քանի տեղ փոս էր գոյացել, և ՔՊ-ի թեկնածուն կազմակերպել է, որ լռության օրով գան փոսալցում անեն` ցույց տալով, թե ասֆալտ են անում Չարենցավանի բնակիչների համար, ինքն էլ կողքը կանգնած` անցնող-դարձողին ցույց էր տալիս, թե իբրև ինքը ասֆալտ է անում: Ասել է թե` նորերը նախկիններից մնացած «ավանդույթով» նախընտրական ասֆալտ են անում:

Նկատենք, սակայն, որ տվյալ ճանապարհը Չարենցավան համայնքի պատասխանատվության գոտում չէ` համարվում է հանրապետական նշանակության ճանապարհ: Դա նշանակում է, որ տվյալ ճանապարհը սպասարկում է ոչ թե համայնքը, այլ մարզպետարանը: Բայց ՔՊ-ի թեկնածուն որոշել է ոչ համայնքային նշանակության ճանապարհը «ասֆալտապատել», ընդ որում` ականատեսներն ասացին, որ փոսալցում արել են առանց նախնական մշակման, առանց նորմատիվների պահպանման, կարեւորը` ցույց տան, որ բնակիչների համար ասֆալտ են անում, որը պետք է ՔՊ-ի նշանակած մարզպետն աներ: 

Այս ամենը ֆեյսբուքյան տարբեր էջերում ակտիվորեն տարածում են նաև ՔՊ-ական թեկնածուի համակիրները` դա ներկայացնելով որպես  «լուրջ աշխատանք» դեռևս չընտրված քաղաքապետի կողմից:

Օրինակ, «Charencavan Lusavan» անունով բացված խմբում Գև Անն Խոջայան անունով մի օգտատեր այսպիսի գրառում է արել. «Ասաց ռուսու глазам не верю Ալապարս տանող ճանապարհի փոսերը այսօր ասֆալտապատում են։ Շնորհակալություն Արտուր Գալստյանին կազմակերպելու և անձամբ ներկա գտնվելու համար»: Թեկնածուի անունն էլ ուղղագրական սխալով  է գրել` «Արտուր»: Ալափարս գյուղի անունն էլ գրել է «Ալապարս»: