Mezzo TV-ն կհեռարձակի Խաչատրյանի և Տերտերյանի սիմֆոնիաները

Mezzo TV-ն կհեռարձակի Խաչատրյանի և Տերտերյանի սիմֆոնիաները

Mezzo հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեծանուն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի Երկրորդ եւ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սիմֆոնիաների կատարումները կհեռարձակվեն հունիս եւ հուլիս ամիսներին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կներկայացվի 10 անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ Mezzo TV-ի հետ նման համաձայնության հասել են ամիսների բանակցությունների արդյունքում‚ եւ այս նախաձեռնությունը հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում հանրայնացնելու իրենց առաքելության շրջանակում է։ Ըստ նրա՝ նվագախումբը կարեւորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ գործակցությունը‚ քանի որ այդպիսով աշխարհին ներկայացվում են հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստները՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակին, այնպես էլ մասնագետներին, երաժշտական մենեջերներին։

Ֆրանսիական Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է եւ հիմնադրվել է երաժշտասերների համար, ովքեր հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։