Պուշկինի դպրոցի նախկին տնօրենը դատի կտա ԿԳՄՍ-ի հանձնաժողովին

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կրքերը չեն հանդարտվում․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը մերժում ստանալուց հետո պատրաստվում է դիմել դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական հանձնաժողովի։
Նշենք, որ Նատալյա Ստեփանյանը վերջին փուլը չանցնելու որոշումն էր բողոքարկել։
Շուրջ 10 տարի Երեւանում հայտնի այս դպրոցը ղեկավարած Նատալյա Ստեփանյանը «Հրապարակ»-ին ասաց ՝ ըստ ամենայնի, տնօրենի համար նոր մրցույթ կհայտարարվի։ Մասնակցելո՞ւ է, ասաց՝ պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով։ Նա նաեւ նշեց՝ դատարանին միջնորդելու է հայցի ապահովման միջոց կիրառել՝ մրցույթը կասեցնել։ Նատալյա Ստեփանյանն անդրադառնալով դասադուլին, ասաց՝ ծնողներին ասել է՝ երեխաներին բերել դպրոց, իսկ ազատման դիմում գրած ուսուցիչներին՝ շարունակել աշխատել․ նրանc դիմումին դեռ ընթացք չէր տրվել։
Հիշեցնենք՝ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցչական կոլեկտիվն անցած հինգշաբթի օրվանից դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։
Կարծիքներ