Ինչո՞ւ են աղմկում հայ բնապահպանները, ո՞վ է ոտնահարել նրանց իրավունքները

Ինչո՞ւ են աղմկում հայ բնապահպանները, ո՞վ է ոտնահարել նրանց իրավունքները

Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, ոչ միայն ամեն ինչ զիջելու, սեփական սահմանների անձեռնմխելիությունից հրաժարվելու, այլեւ օրվա հաց վաստակելու, պետություն ունենալու ու տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները փակելու պահանջով։

Այսօր բնապահպանները հերթական հայտարարությունն են տարածել, որտեղ մեջբերում են ոմն Միշել Ֆորստի, որը ներկայացվում է, որպես ՄԱԿ-ի բնապահպանական հարցերով հատուկ զեկուցող։ 
«ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի դիրքորոշումը, որով նա պետություններին հորդորում է չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրության դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք...Հիշեցնում ենք, որ Հատուկ զեկուցողը նաև հետևում է Հայաստանում բնապահպաններին զրպարտության դատերի միջոցով հետապնդումներին, գրասենյակի կայքում Հայաստանի իշխանություններին հղված մտահոգություններն են և Արտգործնախարարության ոչինչ չասող արձագանքը դրանց»։  

Իրականում Միշել Ֆորստն այդ պաշտոնը չի զբաղեցնում արդեն 4 տարի եւ ըստ էության այս պահին շարքային ֆրանսիացի ակտիվիստ է, բայց նրան հայաստանցի ակիտիվիստները մեջբերում են, որպես ՄԱԿ-ի պաշտոնյա, որը կոչ է անում «դադարեցնել Հայաստանում ճնշումները բնապահպանների վրա»։

Բայց թողնենք Ֆորստի հարցը եւ փորձենք հասկանալ, թե այդ ի՞նչ ճնշումներ են եղել Հայաստանում բնապահպանների վրա։ Մի քանի լրատվամիջոց գրել է այն մասին, որ հայ բնապահպանների ասածները լիուլի օգտագործում են ադրբեջանցիները՝ Հայաստանի դեմ։ Մի բան, որ անհերքելի փաստ է։ Բայց պարզվում է՝ փաստերի արձանագրումն այս պարագայում՝ ճնշում է։ Բնապահպանները բողոքում են նաեւ իրենց դեմ «զրպարտության դատական հայցերից»։ Բայց դատարան դիմելու փաստերը նույնպես նորմալ երեւույթ է եւ ինչու պետք է լրատվամիջոցներին դատի տային, իսկ, ասենք, տարբեր ընկերությունների մասին հայտարարություններ տարածող, նրանց գործարար համբավին դիպչող ՀԿ-ներին` ոչ: Փորձեք արեւմտյան որեւէ երկրում որեւէ կորպորացիայի մասին չճշտված տեղեկություն տարածել, եւ տեսեք, թե քանի հայց կներկայացվի դատարան։ Հայաստանում անթիվ անհամար հայցեր են ներկայացվել մամուլի դեմ՝ ընդ որում, շատ դեպքերում դիմողները, ովքեր հաճախ պետական պաշտոնյաներ են, պարտվել են, բայց լրատվամիջոցները գրեթե չեն խոսում այն մասին, որ ազատ խոսքը ճնշվում է Հայաստանում։ Եւ մենք ինչ որ չենք տեսնում, թե միջազգային կառույցները, գոնե` 2018-ից հետո, մամուլի պաշտպանության համար այսքան ջանք գործադրեն, որքան գործադրում են բնապահպանների համար։ Բնապահպանները, պարզվում է, Հայաստանում պետք է անձեռնմխելի լինեն, եւ նրանցից չի կարելի պահանջել, որ ապացուցեն, հիմնավորեն իրենց ասածները։ Հատկանշական է, որ այս ֆրանսիացի ակտիվիստը, ինչպես նաեւ հայ բնապահպանների «ոտնահարված» իրավունքները պաշտպանող տարբեր միջազգային կառույցներ, մի օր չմտահոգվեցին Ադրբեջանում որեւէ բնապահպանական պայքարի, ակտիվիստի, կամ կազմակերպության իսպառ բացակայությամբ։ 

Հայաստանում բնապահպան ակտիվիստները այն միակ ամենապաշտպանված «շերտն» են, որոնց մշտապես ՀՀ կառավարությունները թույլ են տվել անարգել պիկետներ եւ բարիկադներ կազմակերպել, բողոքի ակցիաներ անել, ի դեպ, նաեւ տապալելով մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումը Ամուլսարի ծրագրում։ Անկախ այն հանգամանքից, բնապահպանական մտահոգություններն արդարացի էին, թե ոչ մեր երկրում ոչ մի ուրիշ շերտ այդքան մեծ ազատություններ չի վայելել, քան բնապահպանները: Ուրեմն որտե՞ղ է ֆրանսիացի պարոնը ճնշումներ տեսել հայ բնապահպանների նկատմամբ, եթե, իհարկե, այլ՝ թաքնված օրակարգ չկա այս հայտարարությունների հետեւում։
Տեսնենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի ընդդիմադիր ցույց ու ակցիա է ցրել իշխանությունը` բիրտ ուժ կիրառելով եւ քանի բնապահպանական ցույց ու ակցիա է ցրվել աշխարհի շատ երկրներում, երբեմն նաեւ՝ դաժան ծեծի ու ձերբակալությունների միջոցով։ Անցյալ տարի Լոնդոնում ցրվել է մի քանի բնապահպանական ցույց՝ ընդդեմ նավթի արդյունահանման, որի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 630 անձ։

Երկու շաբաթ առաջ Հոլանդիայում ավելի քան 1000 ակտիվիստ է բերման ենթարկվել՝ երկրում նավթա-գազային արդյունաբերության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

2021-ին Կանադայում ամենազանգվածային բնապահպանկան ցույցներից մեկը՝ ընդդեմ ծառահատումների ավարտվել է ոստիկանության կողմից ցուցարարների դաժան ծեծով, արցունքաբեր գազի կիրառմամբ եւ ավելի քան 880 անձի ձերբակալությամբ։ 

Պարոն Միշել Ֆորստի հայրենիք Ֆրանսիայում ընդամենը մի քանի ամիս առաջ ոստիկանությունը բախումներով ցրել է նոր մայրուղու կառուցման դեմ բնապահպանական ցույցը՝ կիրառելով զրահատեխնիկա եւ արցունքաբեր գազ։ 7 ակտիվիստ ձերբակալվել է։

Օրինակները հարյուրավոր են։ Թեեւ մենք չենք ասում, որ սա նորմալ է եւ Հայաստանում էլ պետք է ակցիաները բռնությամբ ցրեն ու ակտիվիստներին ձերբակալեն, մանավանդ, որ մեր բնապահպանները վաղուց արդեն ակցիաներ չեն էլ անում, նրանք ուղղակի իրենց զեկույցներով ու հայտարարություններով են հանդես գալիս: Բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի բնապահպանների իրավունքները մեզանում շատ ավելի հարգված են, քան նույն քաղաքական կամ սոցիալական խնդիրների դեմ բողոքող անձանց իրավունքները: Ամիսներ շարունակ Ամուլսարում ակցիա անող ակտիվիստների գլխից մազ չպակասեց՝ իսկ ներդրումը գոնե մինչ օրս կասեցված է։ 

Ուրեմն ինչո՞ւ են հայ բնապահպանները տարբեր կոչեր հղում միջազգային կառույցներին եւ փակում իրենց քննադատողների բերանը: Այն բերանը, որ նրանց ընդամենը զգուշացնում է` դուք նպաստում եք, որ Ադրբեջանը բարձրացնի հայկական հանքավայրերը փակելու խնդիրը, ինչը կործանարար հարված է հասցնելու ՀՀ տնտեսությանը: Չէ որ բնապահպանական մտահոգությունների պատրվակի տակ ադրբեջանցիները ամենակոպիտ ձեւով՝ խախտելով բոլոր միջազգային օրենքները, տապալեցին Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Ձեր օգնությամբ ադրբեջանցիները փորձելու են այլեւս երբեք թույլ չտալ, որ Հայաստանում որեւէ խոշոր արդյունաբերական գործարան կառուցվի կամ շարունակի աշխատել։ 

Միգուցե հենց այս նպատակին է ծառայում Հայաստանում բնապահպանների վրա իբր գործադրվող «ճնշումների» շինծու պատմությունը, որը առատորեն տարածում են նաեւ ադրբեջանական մամուլում։ Իրավունք ունի՞ Հայաստանում ազատ մամուլը նման հարց բարձրացնել։ Թե՞ դա նույնպես ճնշում է եւ բոլորս պետք է լծվենք բնապահպանների իրավունքների պաշտպանությանը, որոնք Հայաստանում ամենապաշտպանվածն են։

Արեգ Մարգարյան