«Հրապարակ». Նախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել

«Հրապարակ». Նախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել

Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ

- Նախ, Ձեր կարծիքը լսենք՝ Երեւանի ամանորյա զարդարանքի մասին, որի վրա 1.3 մլն դոլար է ծախսվել, եւ հրապարակի շենքերը վնասելու մասով։

- Ոչ միայն մտահոգված եմ, այլեւ վրդովված եմ, վիրավորված եմ՝ որպես երեւանցի։ Առաջինը, որ էսօրվա դրությամբ ունենք քաղաքի ոչ պրոֆեսիոնալ ղեկավար թիմ։ Ոչ մի տեղ քաղաքապետարանի պատասխանատուների պաշտոնի անձնագրում գրված չէ, որ պետք է պարտադիր գեղարվեստական ճաշակ ունենա։ Բայց պետք է լինեն պրոֆեսիոնալներ, կամ գոնե, որ մարդկանց խելքը չի հասնում, դիմեն պրոֆեսիոնալների։ Երբ որ մենք աշխատում էինք քաղաքապետարանում, տնտեսվարողներից մեկն ասաց՝ ուզում եմ հրապարակի համար մի բան անեմ, բայց մենք հասկացանք, որ էդ ծակերն անխուսափելի են, եւ, ի պատիվ Հայկ Մարությանի, հրաժարվեց դրանից։ Քաղաքում առաջին հերթին պետք է լուսավորեն ոչ թե փողոցները, որտեղ մեքենաները գոնե լուսարձակներ ունեն, այլ՝ մայթերը։ Այսինքն՝ եթե դու չունես հայեցակարգ, արագացված ընթացակարգով մտցնել ու լուսավորել՝ ճիշտ չէ, հատկապես՝ պատմամշակութային շենքերի մասով։

- Տիգրան Ավինյանն ասում էր, որ այդ շենքերի վրա դեռ նախկինում են ծակեր արվել, հիմա իրենք ավելի զգուշավոր ու անվնաս են ծակել։ Ստացվում է՝ էլի նախկիննե՞րն են մեղավոր։

- Նախկին-ներկա դիսկուրսի մեջ շատ չեմ ուզենա մտնել, բայց կարող եմ ասել․ նախկինում, անգամ սովետական շրջանում, հնարավոր է՝ եղել է այդպիսի բան, բայց մարդիկ պատասխանատվության են ենթարկվել։ Այսինքն՝ դա չի եղել էսպես տոտալ ու գրանդիոզ մասշտաբների։ Երբ ես աշխատում էի քաղաքապետարանում, մենք կապվեցինք նախկին ԱԳՆ շենքի սեփականատիրոջ հետ, որ խնդրենք՝ լուսավորի շենքը, ասաց՝ օկ, բայց դուք ձեր մշակույթի նախարարությունից ստացեք թույլտվություն։ Դա էնքան բարդ պրոցես թվաց, որ ստիպված հրաժարվեցինք դրանից։
Այդ ասուլիսից իմ տպավորությունն այն էր, որ ցանկացել են պտիչկա լրացնել, որ հարգեցինք ժողովրդին։ Բայց կեսից թողեցին գնացին, շատ հարցեր չհնչեցին, մոդերատորն ասում էր՝ հերիք է հարց տաք, սա բանավեճ չի․․․ Ընկերներ, մենք պատրաստ ենք մտնել բանավեճի մեջ՝ ճարտարապետներ, տարբեր մասնագետներ, սրտացավ երեւանցիներ, խնդրում եմ՝ հնարավորություն ստեղծեք բանավեճի։ Ամենակարեւորը՝ մենք այդ ասուլիսում պետք է լսեինք պատասխանատուների անուններ, չլսեցինք։ Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչություն կա, Պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի պահպանության ծառայություն կա։ Գնացեք՝ մասնագետների հետ խոսեք, վերջապես՝ Թամանյանի ժառանգի՝ Հայկի հետ խոսեք, հասկանո՞ւմ եք՝ էդ մարդը հիմա ինչ ցավ է ապրում ու նաեւ հիմնական պատասխանատուներից է էդ շենքի։ Դուք առանց էդ մարդուն հարցնելու՝ գնում շենքերը ծակում եք։ Հասկացանք՝ կառավարությունն է, բայց դա միայն կառավարության կամ պետգույքի սեփականությունը չէ, բոլոր երեւանցիների ժառանգությունն է։ Մենք նույն խնդիրը 2012-ին ունեցանք, երբ Զվարթնոց տաճարում ինչ-որ բարձրախոս էին կախել․ էս բարձրացած աղմուկի կեսի կեսն էլ չեղավ, բայց պատասխանատուին աշխատանքից հեռացրին։

- Փաստացի Ավինյանն ասաց՝ նախկիններն են մեղավոր։

- Ես էդպես չեմ համարում, նախկինները թող մեղավոր լինեն 100 ծակի համար, իսկ էն մնացած 5-8 հազար ծակն ո՞վ է արել։ Խնդիրը միայն ծակը չէ, ամբողջ շենքն է պատմամշակութային արժեք, իրենք չեն հասկանում դա։ Այսինքն՝ էդ սրբատաշ քարի մի կտորն էլ ինձ համար արժեք է։ Եթե ուսումնասիրեք, թե ինչ դժվարությամբ է Թամանյանը կարողացել քարի հանքը բացել տալ, հիմնավորել է, թե ինչու պետք է հենց էդ քարը լինի։ Եթե Դուք ասում եք՝ Ավինյան, բա ո՞ւր է էն մյուս տեղակալը, որը պատասխանատու է քաղաքաշինության հարցերում, ո՞ւր է քաղաքապետը։ Անգամ իրենք իրար մեջ չգիտեն՝ ով ով է, որովհետեւ սարքել են «բարդակ», որը քաղաքապետարանում երբեւէ չի եղել։

- Մեր նախորդ զրույցի ժամանակ գովում էիք Ավինյանին, որ էֆեկտիվ մենեջեր է։

- Ես ասել եմ, որ Ավինյանն իրենց թիմի ամենաէֆեկտիվ մենեջերներից մեկն է։

- Փոշմանե՞լ եք այդ գնահատականների համար։

- Ես մեծարման խոսքեր չեմ ասել, կարծում եմ, որ մենք պետք է մարդկանց հնարավորություն տանք 1 կամ 3 ամիս, որ ցույց տան, թե ոնց են կարողանում աշխատել։ Բայց հասկանում եմ, որ էդ 1 կամ 3 ամիսն ընդամենը ծառայում է նրան, որ ինչ-որ բակային հանդիպումներ անեն։ Ու էդ հանդիպումներում ավելի շատ մարդ է լինում քաղաքապետարանից կամ թաղապետարաններից, քան հենց էդ բակերից։ Բայց լավ է, որ իրենք վերջապես դուրս են գալիս փողոց՝ ողջունելի է։ Աբսուրդը հասել է նրան, որ մի բակում 2 հատ երկաթից նստարան են դնում, ու թաղապետը կամ փոխթաղապետը կարմիր ժապավեն է կտրում ու հայտարարում, թե բարեկարգվեց։ Այ ախպեր, դա ձեր գործն է՝ դա մեզ լավություն մի համարեք։