Ամեն անցնող օրը ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է ինքնակործանման
Թե մինչ այս պահը Հայաստանի իշխանությունը եւ ժողովուրդն ինչպես են իրականացնում իրենց հարաբերություններն Ադրբեջան պետության հետ, այսպես թե այնպես, համարյա բոլորին է հայտնի, սակայն զարմանալիորեն մեր «հայրենասեր» ժողովուրդը լիովին անտարբեր է այս ամենի նկատմամբ՝ թքած ունենա, թե Հայաստանն օր-օրի կորցնում է իր «սուվերեն» հողերը, իսկ ժողովուրդն անվրդով «իր բիզնեսն է անում»։
Այս պահին այսպես է, սակայն ես լրջորեն կասկածում եմ, որ հետագա շարունակության ժամանակ նա կկարողանա իր բիզնեսը շարունակել... Ընթացող իրադարձությունները վկայում են, որ այդ բիզնեսները եւ դրանց հետագա արդյունքները կարող են անցնել մեր հարեւան Ադրբեջանին, եւ, առհասարակ՝ Հայաստանը կարող է ամբողջությամբ անցնել Ադրբեջանի ենթակայության տակ, եւ ամեն ինչ կվերջանա: Ահա՝ այս ճանապարհն է ընտրել Հայաստանը:
Հայաստանի իշխանություններին մի ճանապարհ է մնացել. ոչինչ չխնայելով եւ ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ համոզել հատկապես որոշ մարզերի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ հերթական պատերազմից խուսափելու ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար կա լոկ մեկ ճանապարհ. ցանկալի է, որ իրենց համաձայնությամբ, առանց դիմադրության, այդ գյուղերը հանձնվեն Ադրբեջանին։ Այստեղ ամենաահավորն այն է, որ մշտապես նրանց ներարկում են հերթական պատերազմից սպասվող վախը, եւ այդ վախն այնքան մեծ է, իսկ մեր կառավարիչներն այնքան տկար եւ անօգնական են, որ, ամենայն հավանականությամբ, այդ գյուղերի բնակիչները կտան իրենց համաձայնությունը, եւ այդ տարածքներն էլ այս իշխանությունը կհանձնի:
Իսկ հակառակ պարագայում՝ եթե անգամ դիմադրություն լինի, թեկուզ դժվարությամբ եւ բռնությամբ, կարծում եմ՝ հարցն ուժային ճանապարհով կլուծի իշխանությունը՝ արհամարհելով քաղաքացիների ցանկությունը: Այս վիճակից փրկվելու միակ տարբերակը ժողովրդի ոտքի կանգնելն է, որը, ելնելով անցյալի դառը փորձից եւ երկրում տիրող տրամադրություններից, այս պահին կարծես բացառված է: Փաստացի, այսօր իրավիճակն այսպիսին է. կա հողերը հոժարակամ հանձնող իշխանություն, ժողովրդի սրտացավ՝ հայրենասեր ոչ մեծաթիվ, ակտիվ զանգված եւ անտարբերների մի մեծաթիվ զանգված, որի համար միեւնույն է՝ Տավուշից հողեր կհանձվե՞ն, թե՞ ոչ...
Ահա, հենց այս հանրային բաշխվածությունն է միակ պատճառը, որը թույլ չի տալիս ժողովրդին ոտքի կանգնել, որից էլ ամբողջապես օգտվում է Ադրբեջանը, որն արդեն քանի տարի է՝ իր լկտի կամքն է թելադրում Հայաստանի վախեցած իշխանությանը։ Բայց սա ոչ միայն վախի ու թուլության դրսեւորում է, այլ դավաճանություն է սեփական ժողովրդի եւ երկրի հանդեպ։ Հանրահայտ է, որ վախկոտները միշտ էլ պարտվում են, հավանաբար՝ այդպես կլինի նաեւ այս դեպքում։
Այս տարիների ընթացքում հայ ժողովրդին համարյա ամեն ինչ բացատրվել է, սակայն մեր ժողովուրդը կարծես անդրդվելի է, կարծես իր համար միեւնույն է՝ Հայաստանը կմնա՞ որպես անկախ պետություն, թե՞ կբռնակցվի Ադրբեջանին։ Սա ավելին է, քան ցանկացած տիեզերական աբսուրդ։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ