Մտորումներ հաղթանակի օրը

Մտորումներ հաղթանակի օրը

Երկու օր առաջ, մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ, Մոսկվայից ցուցադրվում էր տոնական համերգ։ Համերգին հնչում էին պատերազմական, խորհրդային, հայրենասիրական, «Катюша», «Синий платочек», «Тёмная ночь», «Десятый наш десантный батальон» և այլ հանրահայտ երգեր։ Տարիներ անց, հատկապես 2020թ․ պարտությունից հետո,  միանգամայն այլ զգացմունքներով էի լսում համերգը։ 

Նախ, այս բոլոր երգերն, ի տարբերություն ԽՍՀՄ  ընդհանուր կոմունիստական քարոզչության, բացարձակապես իրենց մեջ քաղաքական երանգ չեն պարունակում։ Չեն պարունակում նաև ռուս ազգայնական երանգ։ Երգերի և՛ բառերը, և՛ երաժշտությունը մարդկանց մեջ առաջացնում է հուզմունք, սեր հայրենիքի, հայրենակիցների, հարազատների նկատմամբ։ Համոզված եմ, թե ինչպես են այս երգերը հուզել և ոգևորել զինվորներին, թիկունքին՝ պայքարել, նաև կյանքը տալ հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի։ Բայց, այդ բազմաթիվ երգերը չեն ստեղծվել միայն  առանձին նվիրյալ անհատների կողմից։ Այդ ամենը՝ ամեն գնով հաղթանակի հասնելու, հայրենիքը պաշտպանելու,  այո՛ պետական գաղափարախոսության  ընդհանուր մթնոլորտի արդյունք է եղել։
Համերգը լսելիս այս մտորումների մեջ էի, և բնականաբար այս ամենը համեմատեցի մեր, անկախ Հայաստանի, որը ստեղծման օրից գտնվում էր և է պատերազմական վիճակում, տարվող քաղաքականության և ընդհանուր հոգեբանական մթնոլորտի հետ։ Չէ՞ որ մենք էլ շուրջ 30 տարի պատերազմի մեջ էինք և այժմ էլ՝ ենք։ Ի տարբերություն հաղթանակի տենչող և հաղթանակի համար գին չվճարող ԽՍՀՄ-ի «И значит, нам нужна одна победа,
Одна на всех - мы за ценой не постоим» («Десятый наш десантный батальон», Բուլատ Օկուջավա), մեր մեջ հենց պատերազմի օրերից սերմանվեց պարտության հոգեբանությունը։ Հատկապես հրադադարից հետո, ՀՀ առաջին նախագահի կողմից, ով ի դեպ իշխանության էր եկել Արցախը Հայաստանին միացնելու կարգախոսով, սկսվեց շրջանառվել «հաղթանակի գինը»՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու»։ Երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին, հասարակության մեջ նույնպես շարունակվում էին ազատ քննարկումները Արցախը հանձնելու և «լավ ապրելու» մասին։ Չստեղծվեց պետական քաղաքականություն, այո՛ քարոզչություն, որ Արցախի, այն է՝ հայրենիքի, հաղթանակի  հարցը գին չունի։  Չստեղծվեցին զգացմունքային, հայրենասիրական կինոնկարներ, երգեր՝ նվիրված Արցախին, հաղթանակին։ Ո՛չ, սա խոսքի ազատության սահմանափակում չէ։

Մեր թշնամի Ադրբեջանը, որն ինչպես Հայաստանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ, նաև ԵՄ արևելյան գործընկերության անդամ է, չէր խորշում հակահայկական ատելություն սերմանելով իր քաղաքացիների մեջ։ Եվ  ոչ մի միջազգային կառույց Ադրբեջանին չդատապարտեց, պատժամիջոցներ  չկիրառեց նույնիսկ Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանողին հերոսացնելու համար։ Չեմ ասում, որ մենք էլ պետք է հակաադրբեջանական հիստերիա ստեղծեինք, բայց և՛ օրենքներով, և՛ բարոյապես, ոչ-ոք իրավունք չպետք է ունենար Արցախը Ադրբեջանի մաս անվանելու։ Սա ժողովրդավարության և խոսքի ազատության սահմանափակում չի, այլ ազգային անվտանգության հարց։ ԽՍՀՄ պատերազմական  երգերից մեկում  նշվում է մոլդովուհին․ Там смуглянка-молдованка собирала виноград (Смуглянка), որպես ԽՍՀՄ ազգերի միասնություն։  Իսկ մե՞նք․  «է՛լ ղարաբաղցի տականքներ, է՛լ ղարաբաղյան կլան, է՛լ Հայաստանի քաղաքացիները չպետք է ծառայեն Ղարաբաղում, Ղարաբաղի հարցը վերաբերում է ղարաբաղցիներին» և այլ սրիկայական, անհայրենիք խոսքեր։ Բա Ռուբեն Հախվերդյա՞նը․․․ Եվ այդ, այսպես կոչված «ազատ խոսքը», և «լավ ապրելու» և «խաղաղասիրություն»  քարոզողները, իհարկե, ստով և կեղծիքով եկան իշխանության։ Եվ սկսվեց․ «նրանք զոհվել են հանուն ոչնչի», իսկ պարտությունից հետո ավելի բացահայտ․ «Շուշին ադրբեջանական քաղաք է, Շուռնուխում ադրբեջանցիներն իրենց տուն են գնում, Արցախի հարցում զգացմունքային չլինենք և այլն»։

Արդյո՞ք 90-ականների արցախյան հաղթանակները պատահական էին և մենք հաղթանակ և հայրենիք սիրող և գնահատող ազգ չենք, թե՞ լավատեսները կասեն, որ այս պարտությունն էր պատահական։ Հուսանք, որ լավատեսները ճիշտ կլինեն։

Ավետիք Իշխանյան