Ասֆալտի հայրենասերները

Ասֆալտի հայրենասերները

Մենք ազգովի հայտնվել ենք ծանր վիճակում․ առանց այն էլ բարդ իրավիճակին գումարվել է համաճարակը, որը բազմապատկել-հարյուրապատկել է մեր խնդիրները։ Մենք կարող էինք մեր պարփակվածության, լեռների մեջ ծվարած, աշխարհի հետ առանձնապես սերտ շփումներ չունենալու շնորհիվ խուսափել համաշխարհային պանդեմիայի զոհը դառնալուց, սակայն այստեղ էլ «հայի բախտը» չբերեց, եւ մենք հայտնվեցինք մսաղացում։ Տնտեսական ու ֆինանսական խնդիրներ, Արցախի չլուծված հարց, հարեւանների հետ բարդ հարաբերություններ, սառեցված պատերազմ եւ գումարած պանդեմիա։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ են վարակվում, տասնյակ զոհեր ունենք արդեն։ Բնական է, որ այս խնդիրների առկայությունը դժվարացնում է մեր կացությունը, եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա հարցազրույցը, որը փոթորկել է համացանցը, հենց այդ դժվարությունների վերլուծությանն է ուղղված։ «Եթե ես Ալիեւի տեղը լինեի, 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա» արտահայտությունն այնպիսի հոգեխանգարմունքի է հասցրել ֆեյսբուքյան հայրենասերներին, որ անգամ ասում էին՝ «Բագրատյանն իշմար է տալիս Ալիեւին, որ հարձակվի Հայաստանի վրա»։ Եվ սա ասում են մարդիկ, որոնք պատերազմի մասին ուրիշների պատմածներով գիտեն, կինոներում են տեսել, եւ եթե պատերազմ լինի, միեւնույն է՝ համակարգչի կողքից մի մետր չեն հեռանալու։ Իսկ Հրանտ Բագրատյանը պատերազմող եւ հաղթանակած երկրի վարչապետն է եղել, բազմիցս ապացուցել է իր սերն ու սրտացավությունը հայրենիքի հանդեպ։ Եվ հիմա էլ խոսում է-բարկանում է, քանի որ անհանգիստ է եւ զգում է, հասկանում է, որ երկիրը դեպի անդունդն է գնում։ Եթե նրա առաջարկները՝ տնտեսության, վարակի հաղթահարման հետ կապված, ժամանակին ուշադրության արժանանային, հաստատապես մենք այս վիճակում չէինք հայտնվի այսօր։