«Հրապարակ». Բուլկի Արամը՝ հետախուզման մեջ, շարունակում է փող աշխատել պետության հաշվին

«Հրապարակ». Բուլկի Արամը՝ հետախուզման մեջ, շարունակում է փող աշխատել պետության հաշվին

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որն արդեն երեք տարի է՝ գտնվում է փախուստի ու հետախուզման մեջ, շարունակում է տնօրինել ժամանակին իր կողմից սեփականաշնորհված «Հայարդնախագծի» շենքը, որը տարիներ շարունակ տրամադրել է պետական որոշ մարմինների, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը։ Այսինքն՝ քրեական հետապնդման եւ հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ, շարունակում է պետության հաշվին գումար ստանալ։ Մենք տեղեկացանք, որ ժամանակին պետությունից սեփականաշնորհված շենքն այս պահին տիրություն է անում Արամ Հարությունյանի եղբայրը, որն անգամ որոշ խնդիրներ է առաջացնում՝ շենքի դիմացի ավտոկայանատեղիում այլ պետական կառույցների աշխատակիցների մեքենաների կայանման հետ կապված։ 

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այժմ այս շենքի հարցում, ում է պատկանում այն եւ ինչ ճակատագիր է ունենալու։ «Էնտեղ սեփականատիրոջ փոփոխություն, որքանով ես տեղյակ եմ, տեղի չի ունեցել։ Էս մասով, եթե չեմ սխալվում, կա նաեւ հարուցված քրեական գործ, այսինքն՝ այստեղ հարցն իրենց է ուղղված, մեր մասով չէ»,- ասաց Առնակ Ավետիսյանը։ Փորձեցինք ճշտել՝ այսինքն, հիմա Արամ Հարությունյանը շարունակո՞ւմ է տնօրինել այդ շենքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությանն է պատկանում դեռ, բայց կան իրավական գործընթացներ, որոնց վերաբերյալ հիմա չեմ կարող ինֆորմացիա փոխանցել»,- ասաց նա։

Իսկ ինչո՞ւ չկարողացան Արամ Հարությունյանից այդ շենքը հետ վերցնել, որը պետական է եղել, եւ, թվում է, ապօրինի ձեռք բերված գույքերի ցանկում ամենահեշտ ու առաջնակարգը հենց դա պետք է վերցվեր, մինչդեռ, օրինակ, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանից կարողացան վերցնել իր իսկ կառուցած մասնավոր հյուրանոցը՝ «Գոլդեն փելեսը»։ Ավետիսյանը դժվարացավ պատասխանել այս հարցին՝ նշելով, որ դա իրավական բլոկին վերաբերող հարց է։ 
Առնակ Ավետիսյանին հուշենք, որ ոչ թե իրավական, այլ, ավելի շատ՝ քաղաքական տիրույթում գտնվող հարց է, այսինքն՝ անձամբ  Նիկոլ Փաշինյանի որոշումների տիրույթում․ նա է որոշում՝ ում գույքը խլի, ումը թողնի, ումը վերցնի, հետո իր մտերիմներին վաճառի կամ ում թույլ տա՝ կալանավորվելուց ժամեր առաջ լքի երկիրն ու ազատ ապրի օտար ափերում՝ գտնվելով իբրեւ թե հետախուզման մեջ։ 

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ Արամ Հարությունյանին պատկանող շենքի բոլոր վարձակալները շարունակում են օգտագործել այդ գույքը եւ դրա դիմաց վճարել պայմանագրային հիմունքներով սահմանված վարձավճարները, սակայն այդ գումարների վրա իրավապահները կալանք են դրել, եւ հաշվեհամարներից գումարների շարժն արգելված է։ Բայց չի բացառվում, որ վարձակալներից ոմանք նաեւ կանխիկ հարաբերությունների մեջ են սեփականատիրոջ հետ, որն իրավապահների կարգավորման տիրույթից դուրս է։