Տոմսային գնի փոփոխություններ

Տոմսային գնի փոփոխություններ

Օգոստոսի 12-ից մի քանի պատմամշակութային արգելոց-թանգարաններում տոմսային գնի փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով, ս. թ. օգոստոսի 12-ից «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաեւ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: Այս փոփոխությունը, ըստ ՊՈԱԿ-ի, արվել է ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի էջից տեղեկանում ենք, որ գների բարձրացման հետեւանքները մեղմելու համար սահմանվել են նաեւ լրացուցիչ արտոնություններ «Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար»։

Ըստ նոր սակագնի՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ oտարերկրյա քաղաքացիների համար սահմանվել է տոմսի գումար` 1500 ՀՀ դրամ։ ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար տոմսը կարժենա 250 դրամ։ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների համար՝ 125 դրամ։ Դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100 դրամ։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանում թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ oտարերկրյա քաղաքացիների համար սահմանվել է տոմսի գումար` 1300 դրամ, իսկ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ 1000 դրամ։ Նկատենք միայն, որ նախկինում ՀՀ քաղաքացիների համար տոմսի արժեքը նույնչափ չէր եւ գրեթե կիսով չափ պակաս տուրիստների համար սահմանված գումարից, մի հանգամանք, որը չի կարող դժգոհությունների ալիք չբարձրացնել։