Ֆեյսբուքում հայտնված նկարը զայրացրել է եզդիներին

Ֆեյսբուքում հայտնված նկարը զայրացրել է եզդիներին

Օրերս Ֆեյսբուքում հայտնվեց մի նկար, որում երեւում էր, թե ինչպես են նշանադրում եզդի աղջնակին։ Մեկնաբանությունն էլ աղջիկ-երեխայի դեմքի տխուր եւ ծնողների՝ երջանիկ արտահայտության մասին էր։ Նկարն իր մեկնաբանությամբ զայրացրել է եզդի համայնքին։

«Հանուն ժողովրդի բարեկեցության, մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, «Մալա էզդիա» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը լուսանկարը տեղադրողին ժամանակ է տալիս պատասխանելու՝ ո՞ր երկրում է արված լուսանկարը, ո՞ր ազգին են պատկանում լուսանկարում երեւացողները, եւ արդյո՞ք նշանադրվող աղջիկն անչափահաս է։ 

«Շատ տգեղ երեւույթ է՝ սոցկայքում ծաղրել ավանդույթները։ Այո, մեզանում կան ավանդույթներ, որոնք պահպանվում են եւ պահպանվելու են՝ ուզեք, թե չուզեք։ Ես կարծում եմ, որ սա ինչ-որ մարդկանց կողմից եզդիների դեմ կազմակերպված սեւ փիառ է, որն ավելի շատ պատվերի է նման»,- ասաց իրավապաշտպանը։ Նա համոզված է, որ դրա հեղինակը(ները) թուրքական ծրագրեր իրականացնողներ են, որոնց համար անընդունելի է հայերի ու եզդիների բարեկամությունը, որը հերթական անգամ ամրապնդվեց 44-օրյա պատերազնով։ 

«Չդիմացան եզդիների նվիրվածությանը։ Չուզեցին տեսնել, որ երկու ազգ ենք, մեկ ժողովուրդ։ Չէ՞ որ աշխարհին ապացուցեցինք, որ մենք Հայաստանում ոչ թե տնվոր ենք, այլ՝ ընտանիքի անդամ, Հայաստանը մեզ համար ոչ թե երկրորդ երկիր է, այլ՝ հայրենիք։ Որ Հայաստանի եւ Արցախի պետական սահմանները մեզ համար սրբորեն ընդգծված տարածքներ են, ու մեր եղբայրությունը դարերից է գալիս։ Մենք աշխարհին ապացուցեցինք, որ սահմանը պահող եզդին վարձկան չէ․ նա տան տղերքից մեկն է, որ պաշտպանում է իր ընտանիքի թասիբն ու անվտանգությունը։ Չնայած, ուրիշի գրանտներով սնվողն ու ուրիշի թելադրանքը կատարողը դա ո՞նց կհասկանա»։

Անդրադառնալով աղմուկ հանած լուսանկարը տարածող(ներ)ին` Այսեր Իսայանը խորհուրդ տվեց՝ եզդիների ավանդույթները փորփրելու փոխարեն հետեւել իրենց, որ կուլ չգնան ներմուծվող վտանգավոր բարքերին։ «Ես ամբողջ հայ ազգին նկատի չունեմ, որովհետեւ գիտեմ, որ հայի թասիբը չի կարող հանդուրժել էդ ներմուծվող զիբիլը (նկատի ունի սեռական փոքրամասնություններին)… Ես նկատի ունեմ այն «ուռոդ(ներ)ին», որոնք արատավորում են ընտանիքի անունն ու պատիվը»։
Եզդի իրավապաշտպանը գոհ ու շնորհակալ է, որ ավանդապաշտ են։ Ասում է՝ ավանդույթները պահում ենք, բայց փորձում ենք հետ չմնալ նաեւ ժամանակից։ Եթե նախկինում եզդիները կրթությունը ստորադասել են ամուսնությանը եւ իրենց զավակներին վաղ տարիքից պարտադրել ընտանիքի ծանր «լուծը», հիմա ավելի լայնախոհ են։ Բազմաթիվ եզդի երիտասարդներ բարձրագույն կրթություն են ստանում ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի տարբեր կրթական հաստատություններում, մասնագիտանում ամենատարբեր ոլորտներում, սեփական գործը դնում, բիզնեսներ անում։ 

Իսկ ինչ վերաբերում է ամուսնությանը՝ նոր սերունդը չի շտապում։ «Ես 4 երեխա ունեմ, որոնցից երկուսը բժշկական կրթություն են ստանում, մեկը դիմահարդար է, իսկ փոքր տղաս, ավարտելուց հետո, կհետեւի բժշկությունն ընտրած ավագներին։ Կամուսնանան, երբ կուզեն, ում հետ կուզեն»։ 
Ավանդույթները պետք է պահել, ոչ թե գերի լինել դրանց՝ ասում է իրավապաշտպանը։ Ավանդույթներն օգնում են ոտնատակ չտալ ազգային արժեքներն ու պահպանել դիմագիծը։

 «Ժամանակակից եզդի ընտանիքներում աղջիկը ձայնի իրավունք ունի։ Ինքս բազմաթիվ անգամներ գնացել եմ աղջկա ձեռք խնդրելու։ 99 տոկոսի դեպքում ծնողները հաշվի են նստել նրա կարծիքի հետ։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ պապիկներն ասել են՝ մինչեւ չսովորի, ոչ մի ամուսնություն։ Սա նշանակում է, որ վերափոխվող սերունդն իր հետեւից տանում է նաեւ ավագներին։ Ես էլ եմ դեմ վաղ ամուսնություններին, բայց ընտանիքները, որոնք իրենց երեխաներին շուտ են ամուսնացնում, որեւէ կերպ չպետք է պարսավվեն։ Մի կարեւոր բան էլ կա․ եզդիները որ տարիքում էլ ամուսնանան, ամուր ընտանիք են կազմում, դրա համար էլ բաժանություններ գրեթե չեն լինում։ Հենց դա է ավանդույթի ուժը, որի պահպանման համար միշտ պետք է պայքարել»։

Եզդիական ավանդույթներից է նաեւ երիտասարդ կանանց՝ տղամարդկանց մոտ հարսնություն անելը։ Իրավապաշտպանը շոյված է, որ իր բարեկամության հարսները չխոսկան են։ Ասում է՝ հարսնություն անող կնոջ բարձր ձայնը չես լսի․ նա չի վիճում, չի հակաճառում, խոնարհ է, համեստ ու առաքինի։