Հինգ ռազմագերիների վերադարձը, ռուսական միջնորդությունն ու կրոնական առաջնորդների մոսկովյան հանդիպումը 

Հինգ ռազմագերիների վերադարձը, ռուսական միջնորդությունն ու կրոնական առաջնորդների մոսկովյան հանդիպումը 

Նախօրեին Հայաստան վերադարձվեցին հինգ հայ ռազմագերիներ։ Պաշտոնական Բաքուն, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, այս քայլը որակեց որպես «մարդասիրական կամ հումանիտար ժեստ»։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլը գերիների վերադարձի մասին լուրին անդրադարձել էր հայկական մեդիառեսուրսներին հղում տալով։ Մյուս հետաքրքիր փաստը, որն արձանագրվեց ադրբեջանական մեդիայում` գերիների վերադարձի հետ կապված, այն էր, որ որպես մարդասիրական ժեստի հիմնավորում նշվում էր, որ վերադարձվող գերիները ծանր հանցագործություններ չեն իրականացրել ընդդեմ Ադրբեջան պետության եւ ադրբեջանցի ժողովրդի, այն դեպքում, երբ ընդամենը երկու-երեք ամիս առաջ, հենց նրանք էին` ռազմագերիների ընդհանուր խմբի մեջ, ադրբեջանական դատարանի կողմից, «հորինված» քրեական գործի շրջանակներում դատապարտվել տեւական բանտարկությունների։ 

Սա կարող է նշանակել, որ գերիների վերադարձումը եղել է որոշակի միջնորդության արդյունքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական որոշման հիման վրա, իսկ արդեն ներադրբեջանական շրջանակները՝ մեդիա, փորձագետներ, պաշտոնական կառույցներ, փորձում են այդ որոշումը փաթեթավորել ու հրամցնել ադրբեջանական հասարակությանն այնպես, որ նաեւ ալիեւյան ռեժիմի «արժանապատվությունը պահպանեն»։ Արդեն այսօր, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմի «հումանիտար ժեստն» իրականում ռուսական կողմի միջնորդության արդյունքում է եղել, իսկ եթե ավելի լայն հայացքով նայենք, ապա սիմվոլիկ է, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների` Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումից հաշված օրեր անց 5 հոգանոց գերիների խումբ է վերադառնում։ 

Ասել կուզի, հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ տեղ գտած՝ գերիների ազատ արձակման մասին կոչ-պարբերությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հեղինակությունն այս առումով որոշակի դեր խաղացել է, եւ ռուսական կողմի միջնորդությունն է դրդել, որ Բաքուն «մարդասիրական ժեստ» կատարի: Հիշեցնենք, որ երեք կրոնական առաջնորդների հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է եղել գերիների վերադարձի խնդրին եւ ռուսական կողմը հետամուտ է, որ եւ քաղաքական, եւ կրոնական հարթակներում հարցը «տաք պահի» ու հասնի արդյունքի:

Հատկապես, որ կրոնական առաջնորդների հանդիպման ժամանակ ադրբեջանական պատվիրակության կազմում եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի դոլարային միլիարդատեր, Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի առանցքային դերակատար, եւ ռուսական քաղաքական բարձրագույն էլիտայում ընդունված Գոդ Նիսանովը /նա «Ֆուդ սիթիի» տերն է, եւ հայ հասարակությունը նրան կհիշի 44-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած «ծիրանային պատերազմներից»/: Հանգամանք, որ չի կարելի աչքաթող անել` նա բավականին հեղինակություն ունի Ադրբեջանում եւ Ադրբեջանում իշխող վարչակարգը նրա խոսքի հետ հաշվի նստում է։ Անկախ ամեն ինչից, պետք է հուսալ, որ ռուսական միջնորդությամբ վերսկսված գերիների վերադարձը կշարունակվի, եթե նույնիսկ այն համարվի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցմանը եւ նրանց միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված մարդասիրական քայլ, որոնց մասին նույնպես արձանագրված դրույթներ կան` երեք կրոնական առաջնորդների հանդիպումից հետո տարածած համատեղ հայտարարության մեջ։