Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հերթական փուլը

Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հերթական փուլը

Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում մինչեւ տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգեւորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել: Միայն 2018թ. տնկվել է շուրջ 5 000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաեւ փորձնական ծրագիրն իրականացնողները. փակ եղանակով, տարածքի սերմերից ջերմոցներում աճեցված տնկիները հետագայում հարմարվելու եւ խիստ առանձնահատուկ խնամքի կարիք չեն ունենում: 

Ծառատունկն իրականացվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։  Ծրագրի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող Գնիշիկ բնակավայրում ծառատունկն ու շրջակա միջավայրի պահպանությունն անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում, այլեւ համայնքի զարգացում են ենթադրում: Կա նաեւ ծրագրի ոչ պակաս կարեւոր առանձնահատկություն. իրականացվող աշխատանքներին բնակիչների ակտիվ մասնակցությունը: Համայնքի եւ վարչական տարածքի ղեկավարների կարծիքով, դա շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավության ու հետագա խնամքի ապահովման երաշխիքներից կարող է լինել:

Ծառատունկի վերջնարդյունքում, մի քանի տարի հետո, ակնկալվում է ունենալ «ուտելի անտառներ»՝ լուծելով բնապահպանական եւս մեկ խնդիր: «Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը եւ անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել՝ կենդանական աշխարհի համար։ Նախորդ տարի տնկված 5000 ծառերին այս տարի կավելանան եւս 12 000-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով տեղադրվել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ՝ շարժական «էլեկտրական հովիվներ»: Ծառատունկի այս տեխնոլոգիան գնահատվել եւ հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) եւ գործի գիտակ՝ Օրեգոնի անտառագիտության եւ անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեյվիսի կողմից: