Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը պաշտպանական խումբը կշարունակի ներկայացնել վաղը

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը պաշտպանական խումբը կշարունակի ներկայացնել վաղը

 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:

Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին:
Իսկ մինչ այդ՝ այսօրվա դատական նիստում դատարանը նախ մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ գործով նախաքննությունն իրականացվել է ուղղորդված: Բայց այդ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց՝ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է տեսնում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացրեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից անձնական երաշխավորություն` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:
Հարցի վերաբերյալ նախագահողը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն, ուստիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանից ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:

Այդ ամենից հետո պաշտպանական խումբը սկսեց ներկայացնել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Վաղը կայանալիք նիստում միջնորդության ներկայացումը կշարունակվի: