Ինչպես գողանալ միլիոն

Ինչպես գողանալ միլիոն

«Այդ կտավն արժե 1 միլիոն դոլար: -Այո, բայց այն պահպանում է մեկ միլիոն ոստիկան. ամեն դոլարը՝ մեկ ոստիկան»,- հանրահայտ գեղանկարը գողանալու արգելքներն էին քննարկում ամերիկյան հայտնի «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմի հերոսները:
ՀՀ պետական բյուջեի բախտը չի բերում. այն կողոպտում էին թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ նախկինները, թե՛ ներկաները, թե՛ հեղափոխականները, թե՛ հակահեղափոխականները: Մանավանդ որ, Հայաստանում պետական բյուջեն կողոպտելու որեւէ իրական արգելք չկա. չհաշված ԶԼՄ-ները: 

Ըստ 2019թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի՝ ՀՀ բյուջեն, առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, կազմում է․ 
ա. եկամուտների մասով` 1տրիլիոն 539.5 միլիարդ դրամ, 
բ. ծախսերի մասով` 1 տրիլիոն 691.1 միլիարդ դրամ, 
գ. պակասուրդը` 151.6 մլրդ դրամ: 
2019թ. ՀՀ համայնքային բյուջեն եկամուտների մասով կազմել է 139.6 մլրդ դրամ, ծախսերի մասով` 139.6 մլրդ դրամ:

Այդ գումարների եւ ոչ մի լուման չի վերահսկվում. ո՛չ բյուջեի կատարողականը վերահսկելու կոչված խորհրդարանը, որն ընդամենը կառավարության նախաձեռնությունների դակիչի դեր է իրականացնում, ո՛չ էլ երեկվա «քաղաքացիական հասարակությունը», որը հեղափոխությունից հետո քաղակտիվիստից քաղաքական իշխանություն դառնալու թավշյա երանությանն է տրվել եւ արթնանում է միայն «սորոսականներ»-«հակասորոսականներ» աղաղակներից:

ՀՀ պետական բյուջեի գողությունն իրականացվում է թեպետ օրը ցերեկով, սակայն «հույժ գաղտնի» դրոշմագրմամբ: Իրականում գողությունն ի լուր աշխարհի իրականացնում են կա՛մ միամիտները, կա՛մ ցինիկները, կա՛մ էլ՝ Ռոբին Հուդը, որը Շերվուդյան անտառում կողոպտում էր հարուստներին՝ կողոպուտը բաժանելով աղքատներին: Նոր Հայաստանի իշխանությունը Ռոբին Հուդ չէ, միամիտ չէ, իսկ ցինիկ երեւալ չի ուզում: Այդ իսկ պատճառով էլ նոր իշխանությունները պետական բյուջեն փորձում են մսխել լռելյայն:

Վերջին աղմկահարույց բացահայտումների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով, որ տրվել է դեռ հուլիսին, կրկնապատկվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը. 

- նախարարների աշխատավարձը 793 հազ. 680 դրամից դարձել 1.5 միլիոն դրամ, 
- փոխնախարարներինը՝ 562 հազ. 160 դրամից՝ 1 միլիոն 60 հազար դրամ, 
- գլխ. քարտուղարինը՝ 595 հազար 260 դրամից՝ 870 հազար դրամ։ 

«Հետքի» հարցմանն ի պատասխան, թե «ինչու է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել», վարչապետի աշխատակազմից պատասխանել են. «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Կարճ, կոնկրետ, նախահեղափոխական: Հանգիստ նստեք տեղներդ: 

Հանրային աղմուկին ի պատասխան՝ վարչապետի մամլո քարտուղարը, այնուամենայնիվ, ստիպված է եղել բացատրություն տալ, ինչից նաեւ պարզ է դարձել, որ մարզպետների աշխատավարձն այժմ կազմում է 900 հազար դրամ: «Նախորդ տարի, այսպես կոչված, «պարգեւավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը», «նա հռչակել է քաղաքական կուրս», «փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով»,- նկատել է մամլո քարտուղարը:

Հեղափոխական «թափանցիկ» վարչապետը դարձել է անթափանց, կիլոմետրերով քայլող Նիկոլը սկսել է երթեւեկել 300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ զրահապատ մեքենայով:  ԱՄՆ կատարած նրա վերջին այցի վրա ծախսվել 165 մլն դրամ՝ անհայտ քաղաքական արդյունքներով: Նրա պետական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 միլիոն դրամ: Պետական բյուջեի այսօրինակ մսխմանն ի պաշտպանություն՝ պետական գերատեսչություններում Փաշինյանի աջակիցները սոցցանցերում հռետորական հարցեր են տալիս. իսկ ինչ է՝ Սերժի նման օլիգարխների՞ց փող ուզեր եւ նրանցից կախվածությո՞ւն ձեռք բերեր: Օլիգարխներից փող ուզում է վարչապետի տիկինը՝ իր մի քանի հիմնադրամների համար:

«Հայրի՛կ, բավական է զբաղվես կեղծված կտավների վաճառքով. դա «մաքուր քրեական է»: -Մի՞թե ես աղքատներին եմ կողոպտում. իմ հաճախորդները հարուստ մարդիկ են»,- ի պատասխան՝ զարմանում էր վերոհիշյալ ֆիլմի հերոսներից մեկը:
ՀՀ վարչապետի «հաճախորդները» ՀՀ քաղաքացիներն են՝ պետության հարկատուները:

Փաստորեն, վարչապետը նոր «քաղաքական կուրս է» որդեգրել. շարքային քաղաքացիներից գումարը վերցնում է եւ հատկացնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Կարճ, կոնկրետ, հետհեղափոխական:

Ի սկզբանե Նոր Հայաստանի հեղափոխական իշխանությունը եւ հեղափոխական կարգախոսները շատ թանկ արժեցան ՀՀ քաղաքացիների վրա: Հայաստանը «սեւերի եւ սպիտակների» բաժանած Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր Հայաստանին՝ նոր տոնածառ» կարգախոսի իրականացման համար մայրաքաղաքի բյուջեից ծախսեց 71 մլն դրամ՝ ռուսական արտադրության անհրապույր տոնածառի համար: Քաղաքացիների գումարով գնված տոնածառը մատուցվեց որպես հեղափոխական իշխանության Ամանորի նվեր հանրությանը, իսկ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում, ուր մնաց՝ Նոր տարվա տոնածառինը: 

Մինչեւ Ամանոր եւ դրանից անմիջապես հետո ՀՀ նոր իշխանությունը լծվեց «հեղափոխության պահպանման»՝ պարգեւատրումների եւ ինքնապարգեւատրումների սուրբ գործին: Դա էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի նվերն էր հեղափոխական իշխանությանը: Կոռումպացված նախկին իշխանություններից դեռ նոր ազատագրված Հայաստանի հանրությունը վրդովվեց, եւ իշխանության պարգեւատրումները, աշխատավարձերի բարձրացումը հաստատվեցին «հույժ գաղտնի» չզեկուցվող դրոշմագրով: 

Կառավարության ծախսային հատվածներն ավելի շատ են «հույժ գաղտնի» դրոշմագիրը կրում: Ուսումնասիրելով այդ ծախսերը՝ պարզ է դառնում, որ կառավարության պահուստային ֆոնդերի վերաբաշխումը եւս իրականացվում է «հույժ գաղտնի»: Օրինակ, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով 2019թ. կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատակազմին 2019թ. հատկացվել է 19,000.0 հազ. դրամ: 
Եթե սրան էլ ավելացնենք թանկարժեք ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումը, պետական պաշտոնյաների թանկարժեք եւ պարբերական արտասահմանյան գործուղումները, ապա պարզ կդառնա, որ արագորեն մսխվող ՀՀ պետական բյուջեն դուրս է հանրային վերահսկողությունից: ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձինք բյուջեն տնօրինում են անգամ ոչ թե սեփական ընտանեկան բյուջեի պես (այդ դեպքում առավել խնայողաբար եւ ողջամիտ կծախսեին), այլ դրան վերաբերվում են ինչպես «թշնամու բերքին», որը սովորաբար եթե չեն հրկիզում, ապա գողանում են անխնա:

Մինչդեռ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝  Հայաստանում. 
1. 2019թ. առաջին կիսամյակում բնակչության թիվը նվազել է 3,700-ով՝ կազմելով 2 մլն 961 հազար մարդ:
2. Աղքատությունը կազմում է շուրջ 30 տոկոս: 
3. Բնակչության 30 տոկոսն աղքատ է, աշխատողների շրջանում աղքատ է շուրջ 25 տոկոսը, իսկ աշխատողների 35 տոկոսը (շուրջ 200 հազ. մարդ) շարունակում է ստանալ նվազագույն աշխատավարձ:
4. 2020թ. հունվարից նվազագույն կենսաթոշակը կկազմի 25․500 դրամ:
5. 2018թ. տարեվերջին կենսաթոշակառուների թիվը 463.072 է՝ բնակչության շուրջ 15 տոկոսը:
6. 2019թ. հունիսի դրությամբ Հայաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 176 հազ. 783 ՀՀ դրամ: 
7. Գործազրկությունը շուրջ 20 տոկոս է:

Հետհեղափոխական Հայաստանում սոցիալական բեւեռացումը շարունակվում է խորանալ, սոցիալական անհավասարության հետեւանքով գաղտնի, անաղմուկ իջեցվում են թավշյա հեղափոխության երեկվա կարգախոսները: Հայկական հայտնի եւ ցավալիորեն կրկնվող իրականության մեջ հանրային բարիքը շարունակվում է անհավասարաչափ բաշխվել,  բյուջեի ծախսային հատվածի փոփոխություններն իրականացվում են վարչապետի որոշումներով, այլ ոչ թե

ԱԺ ընթացակարգով՝ օրենսդրական փոփոխություններով: Հայաստանում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարն արագորեն արժեզրկվում է, մանավանդ որ պետական եւ համայնքային բյուջեի հանդեպ այսօրինակ կամայական վերաբերմունքով կոռուպցիան փաստացի օրինականացվում է:

«Դուք ընդամենը վերջերս եք սկսել ստել եւ այնպես ինքնավստահորեն եք ստում. դուք տաղանդավոր եք»,-նկատում էր «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմի հերոսներից մեկը: «Շնորհակալությո՜ւն»,- ի պատասխան ցնծում է հերոսուհին:

Հետհեղափոխական Հայաստանի իշխանությունները նույնքան տաղանդավոր են: Մնում է, որ նրանք, ի պատասխան՝ ցնծալով շնորհակալություն հայտնեն: