28 ընկերություն զրկվել է լիցենզիայից

28 ընկերություն զրկվել է լիցենզիայից

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ ասուլիսում որպես տարվա ձեռքբերում նշեց, որ 2019-ին 28 ընդերքօգտագործող ընկերություններ զրկվել են լիցենզիայից։ Մենք դիմեցինք նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին, որ հասկանանք, թե որ ընկերություններն են զրկվել եւ ինչու։ Ի դեպ, Շուշանյանը կողմ է պատասխանատու հանքարդյունաբերությանը եւ ասում է, որ լիցենզիաներից զրկումը հենց այդ նպատակին է ուղղված։

- Այս ընկերությունների մեջ կա՞ն այնպիսիք, որոնց սեփականատերերը նախկին իշխանության ներկայացուցիչներ են կամ հանրությանը հայտնի անձինք։

- Այդ ցանկից ես առանձնացրել եմ մետաղական հանքերը, որոնք համարվում են խոշոր ընկերություններ ոլորտում՝ «Մարջան մայնինգ քոմփանի», «Մեգո գոլդ» ՍՊԸ եւ «Վայք գոլդ» ՍՊԸ, եւ այս երեքից երկուսի դեպքում ապառքների հետ կապված զգուշացումներ են տրվել, բայց սահմանված 90-օրյա ժամկետում չեն վերացրել հիմքերը։ Եվ մյուսը՝ պայմանագրային պարտավորությունների հատուկ կետ կար, որի համար նույնպես տրվել էր զգուշացում, որից հետո արդեն լիցենզիայից զրկման հրաման է ստորագրվել։ Սեփականատերերի մասով կարող եմ ասել, որ նախարարությունն ընդհանրապես նման գործառույթ չունի՝ սեփականատերերին բացահայտել եւ հրապարակել, սակայն մենք կարող ենք ասել, որ նախարարությունն այս տարի նախաձեռնեց իրական սեփականատերերի հետ կապված օրենսդրական բարեփոխումներ, որին ներգրավվել են թե՛ քաղհասարակության ներկայացուցիչներ, թե՛ նույն ընդերքօգտագործողներ եւ թե՛ տարբեր գերատեսչություններ։ Այսինքն՝ բաց, հրապարակային ռեգիստր է լինելու, եւ սեփականատերերի համար այնտեղ մի քանի հայտանիշներ են սահմանված, որոնց բավարարելու պայմանով իրենք պետք է հրապարակեն անուններ։ Մենք հաջորդ տարվա հունվարի 30-ից կսկսենք առաջին հայտարարագրերի ստացումը։

- Դուք ասացիք, որ մի մասը ապառքներ չվճարելու պատճառով է զրկվել լիցենզիայից, իսկ կա՞ն այնպիսիք, որ բնապահպանական խնդիրների պատճառով են զրկվել։

- Էկոլոգիական չափանիշներին բավարարել-չբավարարելու հետ կապված՝ տեսչական մարմինն է ստուգումներ իրականացնում եւ արձանագրում, բայց կարող եմ ասել, որ այս տարի տնտեսվարողների 50 տոկոսն ստացել է զգուշացումներ հենց ապառքների մասով, եւ այս մի քանի ամսվա ընթացքում շուրջ 600 մլն դրամ է վճարվել պետբյուջե եւ համապատասխան ռեկուլտիվացիայի համար նախատեսված դրամագլուխ։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք վճարել են եւ վերացրել խախտման հիմքերը, լիցենզիայից չեն զրկվել, իսկ այս 28 ընկերություններն արդեն կորցրել են այդ հնարավորությունը՝ զրկվել են եւ այլեւս չեն կարող վերականգնել լիցենզիան։

- Իսկ ի՞նչ է լինելու այդ հանքերի ճակատագիրը։

- Մենք ունենք բազմաթիվ հանքավայրեր, որոնք շահագործման հանձնված չեն, ուստի, այս հանքերն էլ, մյուսների նման, լինելու են ազատ։ Եթե կլինի նոր տնտեսվարող, որը կդիմի եւ օրենքի բոլոր պահանջները կապահովի, կարող ենք տալ շահագործման։

- Վերադառնանք մետաղական հանքերին՝ Թեղուտ, Քաջարան, Կապան․ այսօր ի՞նչ գնահատական կարող եք տալ՝ կա՞ այդ հանքերում այնպիսի էկոլոգիական ռիսկ, որը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկման։

- Էկոլոգիական առումով, այսինքն՝ պայմանագրային պարտավորությունների առումով եւ այլն, որեւէ նման խախտում մեզ հայտնի չէ, որպեսզի մենք որեւէ պրոցես սկսենք։ Տեսչական մարմինը պետք է մեզ նման ինֆորմացիա փոխանցի, եթե այդպիսիք հայտնի դառնան։ Մի բան հստակ է, որ ցանկացած տնտեսվարող պետք է իմանա, որ պատասխանատվություն է կրելու դրա համար։ Եվ այս պարագայում մենք ինքներս էլ խնդիր ունենք բարեփոխումներ իրականացնելու օրենսդրության մեջ։ Բնապահպանական առումով ես չեմ տա գնահատական, դա իմ գործը չէ, սակայն կնշեմ մեր անելիքը։ Կարծում եմ՝ նույն տեսչական մարմնի աշխատանքները պետք է փորձենք կազմակերպել շուրջօրյա, ունենա թեժ գիծ միգուցե, սակայն այն, որ այդ մարմինը չի կարող աշխատել որոշակի ժամերով, եւ հետո ուղղակի մարմին չլինի, ում կարելի է դիմել։ Կարծում եմ՝ առաջնային հարցերից մեկը, օրինակ, դա է, որպեսզի սահմանված նորմերի կիրառումն ապահովվի պրակտիկ դաշտում։

- 2 օր առաջ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարց ուղղեցինք ICMM ընկերության նամակի մասին, որտեղ ահազանգ էր հնչեցվում Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատվարի վատ վիճակի մասին եւ հորդոր կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել, որ վաղը էկոլոգիական աղետի առաջ չկանգնենք։ Նախարարն ասաց, որ գրությունն ուղարկել են ձեր նախարարություն։ Ստացե՞լ եք, ի՞նչ ընթացք եք տվել դրան։

- Ստացել ենք այդ նամակը․ խոսքը մետաղական հանքագործության ոլորտի ընկերությունների միջազգային ասոցիացիայի նամակի մասին է, որտեղ ոչ թե հենց էկոլոգիական, այլ պատվարի ամրության հետ կապված հարցն է բարձրացվում։ Քանի որ հիմնականում իրենք հետաքրքրված են հենց այս հարցով՝ հաշվի առնելով, որ ICMM-ն այս պահին մշակում է միջազգային ստանդարտ՝ պոչամբարների ամրության, կայունության հետ կապված, եւ մենք, նույնիսկ մինչեւ իրենց նամակը, տեղյակ էինք այդ գործունեության մասին։ Պատասխան նամակում, իհարկե, գրվել է, որ այս պահի դրությամբ, քանի որ Թեղուտն ունի օրենքով սահմանված իր փորձաքննությունները, դրական եզրակացությունները, շահագործման ենթակա է, սակայն, հաշվի առնելով նաեւ պետության անհանգստությունը բարձրացված հարցերի վերաբերյալ, թե որքանով են հիմնավոր կամ ոչ, առաջարկվել է, եւ ընկերությունն այժմ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն՝ պայմանագիր է կնքել բուլղարական ընկերության հետ՝ պոչամբարի հետ կապված։ Ուսումնասիրությունը հաջորդ տարվա առաջիկա ամիսներին հենց պատրաստ լինի, մենք կստանանք արդյունքները, թե ինչպիսի վիճակում է պատվարը։ Դրանից հետո արդեն միջոցառումների ծրագիր կամ համապատասխան մոտեցում կորդեգրենք։