Ունենք նկարներ, որոնց վրա ինքներս ենք կասկածում՝ օրիգինա՞լն են, թե՞ ոչ

Ունենք նկարներ, որոնց վրա ինքներս ենք կասկածում՝ օրիգինա՞լն են, թե՞ ոչ
Արման Ծատուրյան

Հարցազրույց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ

- Պարոն Ծատուրյան, նախօրեին իրավապահ մարմինները հաղորդագրություն տարածեցին, որ բերման են ենթարկել երկու քաղաքացիների, ովքեր ցանկացել են վաճառել Հայաստանի ազգային պատկերասրահից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» եւ Իսահակ Լեւիտանի «Էտյուդ. գարնանային բնանկար»՝ առանձնակի արժեք ներկայացնող կտավները: Նշված է, որ, ընդհանուր առմամբ, տասը թանգարանային առարկա է կորել պատկերասրահի ցուցասրահից եւ տնօրենի աշխատասենյակից։ 

- Մեզ մոտից միայն երկուսն է կորել, բայց որ տասն էլ մեզ վերադարձնեն, շատ շնորհակալ կլինենք։ 2-ն էլ նշանավոր, թանկարժեք նկարներ են, եւ շատ ուրախ ենք, որ դա վերադառնում է Ազգային պատկերասրահ։ Մենք ԱԱԾ-ի հետ սերտ աշխատում ենք, իրենք տեղեկություն ունեին, որ որոշ նկարներ փորձում են վաճառել, եւ խոսակցության մեջ այդ մարդիկ ասել էին, որ այդ աշխատանքներից մի քանիսը թանգարանից է գողացված, բայց հստակ թանգարանի անուն չէր ասվել։ ԱԱԾ աշխատակիցներն ինձ մոտ բերեցին 8-10 աշխատանքի լուսանկարներ, եւ ես՝ ինքս, այդ որոշարկումն արեցի՝ ասելով, որ այդ նկարներից 2-ը մերն են, եւ Ազգային պատկերասրահից են գողացել՝ 84 թ․-ին։ 

- Գողության դեպքերի հիմքով հարուցված քրեական գործեր շա՞տ կան, որ մնացել են չբացահայտված։ 

- Բազմաթիվ, 50-ականներից սկսած՝ այս տարիների ընթացքում մոտ 100 գործ է գողացվել պատկերասրահից, այդ թվում՝ նկար, քանդակ, արվեստի աշխատանքներ։ Եղել է, որ 90-ականներին գողացել են Այվազովսկու նկար, եւ հետո ոստիկաններն այն վերադարձրել են պատկերասրահ։ Ասեմ նաեւ, որ զարմանալու բան չկա, որովհետեւ անցած տարի, երբ ԱՄՆ-ում վերապատրաստվում էի, իմացա, որ նշանավոր թանգարաններից մեկից Վան Գոգի 3 կտավ էին գողացել։ Ընդ որում՝ ունեին ժամանակակից անվտանգության միջոցներ, այսինքն՝ նման դեպքեր բոլոր թանգարաններում են լինում։ Հարցն այն է, որ մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որ անվտանգության համակարգերը միշտ զարգացնենք՝ մարդկային գործոնը բացառելու համար։ Հիմա մեզ մոտ՝ պատկերասրահում, 80-ից ավելի տեսախցիկներ, անվտանգության կոճակներ կան, թող փորձեն մոտենալ որեւէ նկարի․ խորհուրդ չեմ տալիս։ 

- Իսկ պահոցներից գողության դեպքեր որքանո՞վ են հնարավոր։ 

- Բոլոր պահոցներում կան գիշերային, ցերեկային տեսախցիկներ, որպեսզի բացառենք որեւէ նման դեպք։ Դա տեղադրել ենք 3 տարի առաջ։ Ես միշտ զարմանում էի, թե ոնց կարող է տեսախցիկներ չլինեն թանգարանում, որտեղից գոնե մեկ նկար է կորել։ Աշխատողները մի քիչ բողոքում են, որովհետեւ չափից դուրս ենք վերահսկում, անձնական տիրույթ ենք ներխուժում, բայց ինձ թվում է՝ սա այն կառույցն է, որտեղ այսպես պետք է լինի։

- Մի քանի ամիս առաջ դարձյալ տեղեկություն հրապարակվեց, որ լուծարված եւ պատկերասրահին միացված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ։ Ի՞նչ ընթացքի մեջ է այս գործը։ 

- Նախ ասեմ, որ շատ դեմ էի այդ միավորմանը։ Մեր դաշտում բոլորս գիտեինք, որ «Ցուցահանդեսային կենտրոնը» խնդրահարույց կառույց է, եւ այնտեղից նկարներ են պակասում։ Եվ երբ ինձ ասացին, որ այդ կառույցն ուզում են միացնել պատկերասրահին, ամեն ինչ անում էի, որ դա չլինի, բայց նախկին նախարար Արմեն Ամիրյանը նման որոշում կայացրեց, եւ մենք ընկանք կրակը։ Ես ասացի, որ ոչ մի թուղթ չեմ ստորագրի, մինչեւ մենք ստուգում չիրականացնենք։ Եվ հենց մե՛նք ահազանգեցինք, որ 600-ից ավելի աշխատանքներ պակասում են։ Ասեմ, որ հակահիգիենիկ պայմաններում էին պահվում այդ գործերը․ առնետներ կային, սնկեր, մենք 2-3 ամիս ծախսել ենք, որ մաքրենք այդ ամեն ինչը։ Մինչ օրս, գրեթե ամեն օր գալիս հարցեր են տալիս այն կառույցից, որը մենք չենք ղեկավարել, այլ միայն ընդունել ենք։ Եվ փոխանակ մեր աշխատանքը կատարենք, ամեն օր զբաղված ենք քննչական մարմինների հետ աշխատանքով։

- Օդափոխության խնդիրը միշտ առկա է եղել պատկերասրահի թե՛ սրահներում, թե՛ պահոցներում․ ի՞նչ լուծում եք տվել այդ խնդրին։       

- Գրեթե բոլոր տնօրենների փափագն է եղել, որ օդափոխության կենտրոնացված համակարգ լինի պատկերասրահում, ինչպես աշխարհի բոլոր թանգարաններում է։ Այդ համակարգը կար պատկերասրահում, բայց 50-ականներին շարքից դուրս եկավ։ Մենք ինչ-որ ձեւ բարելավեցինք պայմանները օդորակիչներով, բայց դրանք խոնավության այն մակարդակը չեն պահում, որը պետք է լինի թանգարանում։ Մի անգամ մի սփյուռքահայ ինձ ասաց՝ դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում վերին սրահներում, ասացի՝ այո, ասաց՝ դուք բարբարոսներ ենք։ Շատ վատ զգացի ինձ, բայց մենք մեր ուժերով չէինք կարող այդ հարցը լուծել։ Վերջապես մի քանի օր առաջ մեր փափագն իրականացավ․ փոխնախարարն ինձ ասաց, որ հաստատվել է գումարի չափը, եւ մենք կունենանք կենտրոնացված օդափոխության համակարգ եւ, ի վերջո, կլուծենք 40-50 տարիների ընթացքում ծանրացած հարցը, որը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ ջերմային ռեժիմը պետք է կայուն լինի թանգարանում, այդ թվում՝ պահոցներում։ Դեռ չգիտեմ՝ ինչքան են հատկացրել, բայց կարող եմ ասել, որ 300-350 մլն դրամ է պետք՝ նման համակարգ տեղադրելու համար, որը տասնյակ տարիներ կծառայի։ 

- Ամիսներ առաջ վարչապետ Ն․ Փաշինյանն առաջարկով հանդես եկավ՝ ասելով, որ արվեստի գործերը թանգարաններից պետք է հանվեն եւ տարվեն դպրոցներ՝ այդպես աշակերտներին հաղորդակից դարձնելով բարձր արվեստին։ Ի տարբերություն մասնագիտական դաշտի բացասական արձագանքին, այդ ժամանակ պատկերասրահի փոխտնօրենը դրական արձագանքեց գաղափարին՝ նշելով, որ խնդիր չի տեսնում, եթե բոլոր նորմերը պահպանվեն։ 

- Երբ պատկերասրահի փոխտնօրենը հարցազրույց է տվել, ես այստեղ չէի։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Մուհամեդը պետք է գնա սարի մոտ եւ ոչ թե սարը գնա Մուհամեդի մոտ։ Երեխաներին բերելով թանգարան՝ մենք նրանց ուղղակի նկար ցույց չենք տալիս, այլ նաեւ թանգարան այցելելու մշակույթ ենք ձեւավորում։ Ազգային պատկերասրահը միայն նկարները չեն, մենք ունենք մանկական գեղագիտական կենտրոն, որը լեփ-լեցուն է, եւ մարզի դպրոցականի համար եւս մեկ առիթ է՝ մայրաքաղաք բերելու։ Ես այդ ժամանակ կարծիք չհայտնեցի, որովհետեւ վստահ էի, որ այն կյանքի չի կոչվելու, եւ հասարակությունը դեմ է լինելու։ Ի դեպ, սեպտեմբերին մենք Հայաստան կբերենք կենդանի Վան Գոգի պրոյեկցիան։ 

- Գրեթե բոլոր թանգարանների մարզային մասնաճյուղերը վատ վիճակում են, ի՞նչ վիճակում են պատկերասրահի մասնաճյուղերը, դրանց ֆոնդերը, կորուստների դեպքեր որքա՞ն հաճախ են արձանագրվում։

- Որպես կառավարիչ՝ ինքս ի սկզբանե դեմ եմ եղել պատկերասրահի մասնաճյուղերին, նախ՝ որ բուն մայր թանգարանում բազմաթիվ խնդիրներ կան, եւ մեր աշխատած գումարները թեպետ 3 անգամ աճել են, բայց մեր պահանջներն էլ են աճել։ Մեր աշխատած գումարները հազիվ հերիքում են մեր կարիքները հոգալու համար, ուր մնաց 13 մասնաճյուղ պահելուն։ Հետո՝ կառավարման խնդիր էլ կա, մենք Սիսիանում մասնաճյուղ ունենք, բայց նորմալ մեքենա չունենք, որ Սիսիան հասնենք, թեպետ մասնաճյուղի ղեկավարը շատ լավն է։ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի թանգարանը շատ վատ վիճակում է՝ գրեթե փլվում է, եւ մոտ 80 մլն դրամ է պետք՝ վերակենդանացնելու այդ թանգարանը։ Այդպիսի խնդիր ունեն մեր գրեթե բոլոր մասնաճյուղ-թանգարանները։ Այսօր այդ մասնաճյուղերի համար գումար է պետք հատկացնել, որ իրենք դառնան մարզային մշակութային կենտրոններ, որտեղ ոչ միայն ուղղակի նկարներ կախված լինեն, այլեւ լինի երիտասարդ արվեստագետների հավաքատեղի, որտեղ տարբեր մշակութային ծրագրեր իրականացվեն։ 

- Իսկ կորուստներ, գողության դեպքեր մարզային մասնաճյուղերից լինո՞ւմ են։

- Ոչ, նույն անվտանգության համակարգերը նաեւ այնտեղ կան, բայց, իհարկե, մայր թանգարանի հետ համեմատած՝ ավելի խոցելի են։ Մենք ամեն ամիս ստուգումներ ենք իրականացնում, հաշվառում ենք։ Բայց շատ դժվար է ամեն անգամ մարդ ուղարկել Մարտունի, Սիսիան․ իմ կարծիքով՝ դրանց ֆորմատը պետք է մի քիչ փոխել։

- Ժամանակ առ ժամանակ խոսվում է, որ պատկերասրահում շատ նկարներ օրիգինալը չեն։ Ժամանակին նույնիսկ գրվեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ նվիրում է բնօրինակ նկարներ հենց պատկերասրահի հավաքածուից։ Ի՞նչ կասեք դրա մասին։

- Դրանք ծիծաղելի խոսակցություններ են։ Հետո՝ մենք այստեղ վախկոտ ստրուկներ չենք, բոլոր նախարարներին, ովքեր գալիս էին պատկերասրահ, ամրացնում էինք այդ կրծքանշանը․ դրանով մտնում էին եւ համապատասխան թղթերով դուրս գալիս։ Եվ այդ ռեժիմը վերաբերում է նույնիսկ պատկերասրահի տնօրենին։ Այստեղ այդքան հեշտ չէ ելումուտ անելը։ Բացի այդ, Հայաստանում գրեթե չկան մասնագետներ, որ նայեն ու ասեն՝ Այվազովսկին օրիգինա՞լն է, թե՞ ոչ, ավելին՝ չկան նաեւ այնպիսի մասնագետներ, որ կարողանան նկար կեղծել։ Շատերը հոլիվուդյան ֆիլմեր են նայում, բայց իրականությունն այլ է։ Մենք ուլտրասարքավորումներ ունենք ու միանգամից տեսնում ենք՝ երբ է նկարը նկարված, ունենք նաեւ այդ նկարների քիմիական անալիզները եւ նույնիսկ քննչական մարմիններին դրանք չենք տալիս։ Այսինքն՝ պետք է իմանաս նախ նկարի քիմիական բաղադրությունը, որ կարողանաս այն կեղծել։ Այո, ունենք նաեւ նկարներ, որոնց վրա ինքներս ենք կասկածում՝ օրիգինա՞լն են, թե՞ ոչ։ Այդ խնդիրը բոլոր թանգարաններում կա, օրինակ՝ մի աշխատանք ունենք Այվազովսկուց, որը նվիրաբերված է եւ զուտ իմ անձնական կարծիքով՝ օրիգինալը չէ, բայց Այվազովսկու պարագայում պետք է իմանալ, որ ինքը դեռ իր կյանքի օրոք արդեն խրախուսում էր, որ իր նկարների կոպիաներն անեն, եւ եթե ինքը մոտ 6-7 հազար նկար է նկարել, այդ նույն չափի էլ կոպիաներ կան, որոնք շատ դժվար է որոշարկել։