Տնտեսական ակտիվության ցուցանիշը քվազի ցուցանիշ է, թող ՀՆԱ-ից խոսեն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը քվազի ցուցանիշ է, թող ՀՆԱ-ից խոսեն

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ


- Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը չի հավատում ԱՎԿ 2019-ի հունվար-հուլիսի տնտեսական ակտիվության 6.8% ցուցանիշին, նշում է, թե ինչու է այն գրված առանց գյուղատնտեսության։ Դուք ի՞նչ կարող եք ասել այս ցուցանիշների վերաբերյալ։

- Սա բոլորիս հայտնի է՝ Բագրատյանը գրեր կամ չգրեր։ Հետո՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունական դիցաբանության մեջ, լսած կլինես, սիզիփոսյան աշխատանք է։ Ուրեմն իմացեք՝ տնտեսական զարգացումը երբեւիցե ՏԱՑ-ով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշով, չի չափագրվում։ Էս քվազի ցուցանիշը երբեք չի կարա ցույց տալ իրական տնտեսական զարգացումը։ Ամբողջ աշխարհում մի ցուցանիշ կա․ դա ՀՆԱ-ի ցուցանիշն է, թող դրա մասին խոսեն՝ մեկ շնչին ընկնող։ Հիմա այդ կտրվածքով համեմատության եզր չկա աշխարհի մի շարք երկրների կտրվածքների հետ։ Թող էդ մասին խոսեն՝ ո՛չ ՏԱՑ-ի, էն էլ՝ առանց գյուղատնտեսության։

- Կա՞ նման մեթոդոլոգիա, որ հաշվարկը լինի առանց գյուղատնտեսության։

- Դրանք բստրվում են։ Ամենատարբեր մեթոդաբանություններ են կիրառվում։ Երբ ձեռնտու է, ամիսը նախորդ ամսվա վրա են հաշվում, երբ ձեռնտու է, էս ամիսը նախորդ տարվա այդ ամսվա հետ են համեմատում։ Մի խոսքով, որ պահին որտեղ որ ստացվում է, երբ կա մի ցուցանիշ, որը կարող է մի կերպ, մի կերպ, իբր, դրական բան ցույց տալ, էդ ցուցանիշներն են դնում։ Իսկ իրականում չեն անում ոչ մի ներառական բան, որ քաղաքացին զգա, ասի, որ այսօր ես սկսել եմ հարմար ապրել։ Կամ՝ ասում են․ տեսեք՝ գնաճը սարսափելի ցածր է։ Նեուժելի՞ էդքան դժվար է հասկանալ՝ եթե գնաճը ցածր է, նշանակում է, որ տնտեսությունը չի զարգանում։ Մենակ դա արդեն հերիք է։ Եվ կա գնաճի որոշակի մակարդակ, դա նշան է տնտեսության զարգացման։ Այսինքն՝ եթե գնաճ չկա, ուրեմն նշանակում է՝ վճարունակ պահանջարկ չկա։ Որ վճարունակ պահանջարկ չկա, նշանակում է՝ սպառման մակարդակն է ցածր։ Էնքան հասարակ բան է, որ մինչեւ անգամ ոչ մասնագետը հասկանում է։

- Պարոն Բոստանջյան, այն ճյուղերը, որտեղ եղել է աճ, մեքենաների առեւտուրն ու խաղային բիզնեսն են։

- Էդ մեքենաների ընդհանուր առեւտուրն այս Եվրասիական տնտեսական միության սահմաններում գտնվելու պարագայում Հայաստան ներմուծված մեքենաներն են, որոնց վաճառքի արտոնությունը մինչեւ տարվա վերջ է։ Ուրեմն այս առաջին կես տարվա ընթացքում 67 հազար մեքենա է բերվել, որի ամեն մի մաքսատուրքը մոտավորապես 1000-1500 դոլար է։ Այսինքն, դրանով պայմանավորված՝ մուտք է ապահովվել, բայց այն, ըստ էության, աշխատանքային հիմքեր չունի ու ժամանակավոր բնույթ է կրում։ Այսինքն՝ տարվա վերջին դա կավարտվի, եւ մենք նորից աշխատատեղ չենք ունենա, մենք չենք ունենա նոր ստեղծված արժեք։ Մեկ էլ՝ խաղերը․․․ սաղ երկիրը․․․ ամոթ չի՞, էս ի՞նչ ա․․․ աշխատելու փոխարեն երկիրը խաղատուն են դարձրել։

- Նախկիննե՞րը չէին դարձրել։

- Նախկինի գլուխը լվանո՞ւմ եմ ես։

- Չէ, ուզում եմ ասել՝ կա՞ն ցուցանիշներ, որոնք կարելի է համեմատել։

- Չէ, ես չեմ ուզում համեմատել, որովհետեւ այդ հեղափոխություն ասվածը, որը ես հասկանում եմ, որ հեղափոխություն չէր, պռոստը հասարակության զզվանքն էր, որ կուտակվել էր։ Հիմա ժողովուրդը, հասարակությունը սպասում էր փոփոխությունների, ու դա չկա։ Դրա համար ես ոչ թե նախկինին լավ եմ ասում կամ վատ, ես առաջարկում եմ դադարեցնել նախկինի մասին խոսելը։

- Նախաքննական մարմնի հադորդագրության համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը վերականգնել է 800 միլիոն դրամ։ Մենք պարբերաբար լսում ենք՝ վերականգնվել է այսքան, վերականգնվել է այնքան։ Արդյոք Հայաստանում կա՞ այդ գումարների հետ կապված թափանցիկություն։

- Դուք ինձ գիտեք առնվազն շատ երկար տարիներ, գիտեք՝ ո՛չ մխրճված եմ եղել, ո՛չ էլ թալանողի դերում եմ եղել, 800 միլիոն, 800 միլիարդ, բայց պարզ չէ՞, որ սուտի-մուտի զարգացումների հերթական դրսեւորումն է ու մինչեւ անգամ՝ շատ զազիր երեւույթ։ Մեկին բռնեցին, մեկին բաց թողեցին, մեկին ասացին՝ ինչքա՞ն ես տալիս, եթե չես տալիս, նստիր, տալիս ես, դուրս արի։

- Դե, ինչո՞ւ է զազիր, վա՞տ է, որ բյուջե գումարներ են գալիս, բայց արդյոք գալի՞ս են։

- Դե լավ, էլի։ Էդ ձեւով ոչ մի հարց չի լուծվում։ Պետք է կարողանալ երկիր պահել, պետք է կարողանալ ծրագիր ունենալ, հիմա, խոշոր առումով, անտերությունը հիմա սերմացել է, լցվել է ամբողջ հասարակության մեջ։ Այս ի՜նչ է կատարվում, ու էս ամեն ինչը գալիս է կառավարումից։ Դրա համար մեր երկրում ես այլեւս ոչ մի բանի մեջ տրամաբանություն չեմ փնտրում։ Որովհետեւ պարզապես չկա, ոչ թե ես չեմ փնտրում։

- Դուք Սլավոնականի, նաեւ ՀՏՊՀ երկարամյա դասախոս եք, կոչումներ ունեք, Դուք, Ձեր սերնդակիցներն ինչո՞ւ չեն մտածում առաջադրվելու մասին, օրինակ՝ ՀՏՊՀ ռեկտոր։

- Մեծ եմ ես եւ, բոլոր դեպքերում, հանրապետությունում ընդհանրապես չեմ տեսնում որեւիցե կադրի, նկատի չունեմ միայն ինձ։ Ընդհանրապես, շատ հետաքրքիր է էս կադրային քաղաքականությունը։ Եվ իմ նման մարդիկ չեն կարող հայտնվել հանկարծակի ըտենց աշխատանքներում՝ պայմանավորված այն մոտեցումներով, որոնք այս 1․5 տարում դրսեւորվել են։ Դու տես, թե ինչ խայտառակություն է․ իմ կողմից ստեղծված Ազգային ժողովի տնտեսագիտական ծառայության, մեծ պոտենցիալ ունեցող, քաղաքական որեւէ ուժի չպատկանող մարդկանց՝ բոլորին, հանեցին-գցեցին դուրս, եւ մոտիվացիան այն չէ, որ կան օրենքի խախտումներ, այլ մի ողորմելի մոտեցում, որ «քաղաքական որոշում է դա»։ Այդ մարդիկ 20-ից ավելի տարիներ աշխատում են, հիմա նրանց հանել-շպրտել են դուրս, Դուք եկել եք՝ ի՞նչ եք հարցնում։