Բոլորը դժգոհ են

Մենք մեծ պահանջներ ունենք իշխանություններից եւ մեր չարդարացված հույսերի ու վերջին տարիների կորուստների համար մեղադրում ենք Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին եւ ճիշտ ենք անում: Բայց ոչ պակաս պահանջներ ու ակնկալիքներ ունենք նաեւ ընդդիմությունից, եւ դա նույնքան լեգիտիմ է, որքան իշխանությունից պահանջներ ունենալը: Հանրությանը որքան չի հետաքրքրում, թե ինչ մեթոդներով պետք է իշխանությունն ապահովի երկրի անվտանգությունը, կենսագործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծի, նույնքան չի մտահոգում, թե ինչ մեթոդներ է բանեցնելու ընդդիմությունը` իշխանությանն աշխատեցնելու, իսկ չաշխատղ իշխանություններին` հեռացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի լիարժեք իրավունք ունի ասելու` ես ձեզ ընտրել եմ, որ դուք բավարարեք իմ պահանջները, կատարեք իմ պատվերը, եթե չեք կարողանում, հեռացեք, թող ուրիշներն աշխատեն` իշխանություն կամ ընդդիմություն, որովհետեւ դա ծանր եւ պատասխանատու աշխատանք է:
Իհարկե, իշխանությունների պատասխանատվությունը բազմապատիկ ավելի մեծ է, եւ ձախողված իշխանություններին տուն ճանապարհելու հրամայականն ավելի սուր է, քան իր պարտականությունները չկատարած ընդդիմությանը: Բայց քաղաքական կուսակցություն ձեւավորած եւ իշխանություն դառնալու հայտ ներկայացրած ցանկացած ուժ եւ անձ պետք է գիտակցի, որ իրեն էլ կարող են գահընկեց անել եւ իրենից էլ կարող են դժգոհ լինել: Մեզանում, սակայն, բավականին օրիգինալ իրավիճակ է ստեղծվել` բոլորը բոլորից դժգոհ են: Հասարակությունը դժգոհ է իշխանությունից եւ ընդդիմությունից, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը` հասարակությունից: Առաջինը լավ ղեկավարներ, համարձակ ու նպատակասլաց անհատներ է երազում, երկրորդը` հնազանդ, լսող, ամեն ինչից գոհ ու շնորհակալ հասարակություն:
Կարծիքներ