Ինչու՞ էր անձայն լացում ծաղկավաճառուհին

 Ինչու՞ էր անձայն լացում ծաղկավաճառուհին
Շատ հետաքրքիր գրառում է։ Եռաբլուրը,  իրոք, կենդանի քաղաք է, որտեղ ապրում են հավերժ երիտասարդներ։ Այնտեղ, ովքեր ապրում են, յուրաքանչյուր հայ իր ընտանիքի անդամն է համարում՝ մեր զինվորը․․․Այս փոքրիկ պատմությունը վկայություն է հենց այդ մասին։  
Կարեն Հովհաննիսյան

Եռաբլուր պետք է գնայի, ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն էր... Ծաղկի սրահից մի փունջ վարդ գնեցի, դե հայերը գիտեն կենտ ու զույգ ծաղիկների նշանակությունը... Վաճառողուհին ցանկացավ մեկ վարդ էլ ավելացնել փնջին, որպեսզի այն կենտ թիվ լինի, չուզեցի... Հասկացավ, որ ֆիզիկապես մեզ հետ չգտնվող մարդու մոտ եմ գնում, փորձեց սև ժապավենով փունջը կապել, չթողեցի: Ասեցի կարմիրով կապեք... Զարմացած նայեց վրաս.
- Եռաբլուր եմ գնում, այնտեղ մահացած մարդ չկա, - հասկանալով հարցական հայացքում առկա հարցերը, պատասխանեցի ես...
Նա սկսեց կապել՝ վարդերի վրա կռացած, իսկ երբ փունջը պարզեց ինձ նոր տեսա... Այդ ողջ ընթացքում անձայն լացում էր վաճառողուհին, աչքերն արցունիք մեջ կորած, և մեկ փունջ ծաղիկ էլ իր կողմից տվեց, որ իր անունից դնեմ տղերքի շիրիմին... Կուզեի տալ այդ ծաղկի սրահի անունը, բայց գիտեմ, կան չար մարդիկ, որ կփորձեն այս պատմության մեջ ինչ որ մեկի բիզնեսի գովազդը գտնեն...
Շնորհակալ եմ Բագրատ ջան քեզ ու բոլոր նրանցից, ովքեր արեցին անհնարն ու հնարավորը, որպեսզի Հայրենի հողը չհայտնվի ոսոխի ձեռքում...