Իմ խնդրանքը այն է, որ ես աշխատեմ

Իմ խնդրանքը այն է, որ ես աշխատեմ

Էջմիածնի բնակիչ Լիլիկ Թադևոսյանը դիմել է «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն։

Քաղաքացին, որը 67 տարեկան է,  նշում է, որ արդեն մեծ է, բայց ուզում է աշխատել, առանց աշխատանքի չի կարող։

«Ես աշխատում էի Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոցում, դաշնամուրի ուսուցչուհի էի։ Կարեն Կարապետյանի 63 տարեկանից թոշակի գնալու հրամանից հետո, Մանվել Գրիգորյանի տղան՝ Կարեն Գրիգորյանը մեզ ասել էր՝ ես ձեզ ոչ մի անգամ, ոչ մի դեպքում չեմ հանի աշխատանքից։

Այդպես էլ եղավ, մենք աշխատանք ունեինք այնքան ժամանակ մինչև եկավ էս նոր քաղաքապետուհին՝ Դիանան։ Ինքը մեկ տարի էլ թողեց, որ աշխատենք, իսկ այս տարի արդեն մեզ հանեց։ Ինքը կարող էր դա չանել, բայց արեց։ Երեկ էլ արդեն ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանը   աշխատանքային օրենսգրքում տարիքային և մի շարք այլ սահմանափակումներ արգելող օրինագիծ ներկայացրեց, որը միաձայն ընդունվեց»,- պատմեց դաշնամուրի ուսուցչուհին։

Լիլիկ Թադևոսյանի խոսքով՝ ամենավատ հիվանդությունը միայնություն է․ «Ես դրանով եմ տառապում։ Ես ոչ մեկ չունեմ։ Իմ ապրելու նպատակը իմ աշխատանքն է։ Քաղաքապետուհին՝ Դիանա Գասպարյանը, էն բանով, որ արդեն պայմանագիրը ավարտվել է, հանեց աշխատանքից, բայց ես գիտեմ, որ, անկախ տարիքից, գործատուին է տրված էդ իրավունքը՝ հանի, թե ոչ։ Կարելի է ասել՝ կուզի կպահի, կուզի չի պահի։ Երեկ Տիգրան Ուրիխանյանը այս իմ խոսքերը կրկնեց, որ չաշխատել, նշանակում է մեռնել։ Ես հիմա ամողջ օրը տան մեջ ի՞նչ եմ անելու, մեռնելու եմ»։

Լիլիթ Թադևոսյանը նշում է նաև, որ Դիանա Գասպարյանը վատ ընդունելությամբ է աչքի ընկել․ «Վատ բաներ է անում։ Ընդունելությունների ժամանակ կոպիտ, անտաշ խոսում է, կիսապառկած վիճակում։ Իրան ուզում էին հանեին, բայց հետո հասկացան, որ ուրիշ թեկնածու չկա, ասել են՝ թող մնա։Դրանից ինքը ավելի կատաղեց»։

Քաղաքացու խոսքով՝ դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և ԱԺ։

«Բաթոյանը ասեց՝ ես կաշխատեմ միջնորդել, բայց ասեց նաև՝ եթե չստացվի, ես մեղավոր չեմ։ Իսկ երբ դիմեցի ԱԺ նախագահին, մի աղջիկ եկավ՝ Շուշանիկը։ Ինքը իմ գործը սկսեց քնացնել, մինչև ինքը գնաց Ամերիկա։ Ես ուղղակի դիմել էի իրենց, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարացնեն, քանի որ հուլիսին արդեն լրանում էր։ Երբ գնացի Դիանա Գասպարյանի մոտ, ինքը ինձ տեսավ ու ասեց՝ ձեզ լավ գիտեմ, այսինքն նախարարությունից և ԱԺ-ից զանգել ասել էին, բայց բան չփոխվեց, ինքը պրինցիպ էր ընկել։ Մի քանի մարդիկ գնացել էին ինքնակամ դիմում էին գրել աշխատանքից ազատվելու համար, որովհետև իրոք առաողջական խնդիրներ ունեին, չէին կարող աշխատել, բայց ես կարող եմ։ Դիանա Գրիգորյանի մասին չգիտեմ՝ լսել եք, թե չէ, բոլորը դժգոհ են իրանից։ Ինչ ուզում է թող անի, միայն թող սենց չվարվի մեր հետ, ասի՝ գնացեք մեռեք։ Իմ խնդրանը այն է, որ ես աշխատեմ, գոնե կես դրույքով աշխատեմ։ Ես ասեցի՝ գոնե պահակ տվեք աշխատեմ, ասեց՝ ոչ»,-նշեց ուսուցչուհին։


Հիշեցնենք, որ երեկ վերջնականապես ընդունվեց աշխատանքային օրենսգրում տարիքային և մի շարք այլ սահմանափակումներ արգելող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրինագիծը։

«Մարդկանց, քաղաքացիներին, ովքեր կարող են, ունակ են աշխատելու, տարիքի պատճառով չի կարելի չընդունել աշխատանքի կամ ազատել աշախատանքից»,- նշել էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Հրապարակի» հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշեց․ «Ինչպես կարող եմ ես քաղաքացուն կիսապառկած վիճակում ընդունել, երբ ընդունելությունները ձայնագրվում են։ Բնականաբար դա իրականությանը չի համապատասխանում»։

Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի երեկվա օրինագծից հետո վերանայվի որոշումը, քաղաքապետը արձագանքեց․ «Մենք ունենք միատեսակ դիրքորոշում, որ թոշակառուների հետ պայմանագրերը այս տարվանից չեն երկարաձգվում, տարիներ շարունակ երկարաձգվել են։ Սա, ըստ էության, գործատուի հայացողությանն է։ Մեկ հոգու պատճառով ես չեմ կարող բոլոր թոշակառուների հետ պայմանագրերը երկարաձգել, իսկ միայն իրեն բացառություն անելն արդեն անարդար կլինի մյուսների հանդեպ։ Լիլիկ Թադևորսյանը ուներ 4 երեխա, իր մոտ առանձնապես մեծ թվով երեխաներ չէին հաճախում։ Ես ենթադրում եմ, որ դա նաև իր հոգեկան ոչ ստաբիլ վիճակով է պայմանավորված։ Մենք դրա ականատեսն ենք եղել, երևի սա ձեզ համար նորություն է։ Կարծում եմ՝ նման մարդուն թողել երեխաների հետ աշխատել այդքան էլ անվտանգ չէ»։