Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վրա հատուկ պատասխանատվություն է դրված, քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը վստահել վերահսկել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալությունը՝ գրելով, որ կիրակի ֆրանսիական «LSI» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի մասին։
«Որպես Մինսկի խմբի համանախագահներ, մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Երեք անգամ մեկ շաբաթվա ընթացքում նախաձեռնություններ գործադրվեցին ռազմական գործողությունների դադարեցման համար, մասնավորապես իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ից՝ Մայքլ Պոմպեոյի կողմից, բայց այդ պահին դա արդյունք չտվեց»,- հավելել է Լը Դրիանը։
«Մենք կրում ենք միջազգային հանրության կողմից մեզ վստահված պատասխանատվությունը: Եվ Հայաստանն ինքը ցանկանում է, որ մենք այդ պատասխանատվությունը պահենք մեր կողմից: Այս ամենը մեզանից պահանջում է հավասարակշռված դիրքորոշում պահպանել», - նշել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Վերջինիս խոսքերով՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական ղեկավարությունների կողմից շեշտվել է Մինսկի խմբի դերը պահպանելու կարևորությունը, որը սակայն չի խանգարում Ֆրանսիային այժմ օգնություն տրամադրել Հայաստանին. հումանիտար բեռներով ինքնաթիռ է ժամանում Երևան, հաջորդ շաբաթ այնտեղ մեկնելու է ևս մեկը։ «Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ ժողովուրդ է»,- շեշտել է Ժան-Իվ Լը Դրիանը։
«Սակայն պետք է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի հարցում անորոշություն կա, և մենք ուզում ենք, որ այս կապակցությամբ մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանվածներին, քանի որ Լեռնային Ղարաբաղում շատ հայեր կան, և մենք ձգտում ենք ապահովել, որ այդ հայերը, ովքեր վտարվել էին իրենց բնակության վայրերից, վերադարձան այնտեղ», - շարունակել է ֆրանսիացի նախարարը:
Ֆրանսիայի ԱԳՆ նախարարը նաև անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորքերի կազմում մարտնչած վարձկանների թեմային. «Պետք է հասնել նրանց դուրսբերմանը, և Մինսկի խմբի համանախագահող բոլոր երեք երկրները համաձայն են դրա անհրաժեշտության հետ»:
Բարձրաստիճան դիվանագետը նաև խոսել է կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության խնդրի մասին՝ նշելով, որ այս առումով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ գործադրել է նախաձեռնություններ, որոնք շաբաթ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
«Միայն այս խնդիրների կարգավորումից հետո մենք կարող ենք անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այս պահին հնարավոր չէ քննարկել դա, և Հայաստանի ղեկավարությունը համաձայն է դրան», - շարունակել է Լը Դրիանը:
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման քննարկվել է իր կողմից ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի՝ վերջերս Փարիզ կատարած այցի ընթացքում, իսկ կողմերը «պայմանավորվել են իրավիճակի վերլուծության շուրջ»։