Սև ցուցակ 2020

Սև ցուցակ 2020

Այս գերատեսչությունների ղեկավարները 2020 թվականի ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումները։ Որպես դրական ցուցանիշ նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2019 թվականի Սև ցուցակում հայտնված 5 պաշտոնյայից միայն մեկն է շարունակում պաշտոնավարել: Կոչ ենք անում նոր ղեկավարներին ավելի թափանցիկ ու հաշվետու գործել։ Նշենք, որ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների համաձայն։ 

• Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ․ հունվարի 9-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներից մեկի վերաբերյալ։ ՀՀ Վարչապետը Կառավարության՝ 2019թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ նշել էր․ «Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»։ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք «որոշ շրջանակներ»-ը հանձնարարականի մեջ հստակ նշված են, թե ոչ և եթե այո, ապա որոնք են այդ շրջանակները։ ԻԱԿ-ը հարցմամբ խնդրել էր նաև մանրամասնել, թե ինչ փուլում է Վարչապետի հանձնարարականի կատարումը։ 2020թ. հունվարի 15-ին ԱԱԾ-ն տրամադրել է անօրինական մերժում՝ նշելով, որ Վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ ԱԱԾ-ն հրաժարվել էր տրամադրել տեղեկություններ մյուս հարցերի վերաբերյալ ևս՝ որպես հիմք նշելով ՏԱ մասին ՀՀ օրենքի 8-րդ 1-ին և 2-րդ կետերը։ ԻԱԿ-ը մերժումը համարել է անհիմն: 

 • ՀՀ նախկին ոստիկանապետ Վահե Գասպարյան
2020թ. հունիսի 10-ին «168 ժամ» պարբերականի լրագրող Աքսաննա Հայրապետյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն պարգևատրել է զենքով, և եթե այո, ապա ինչ զենքով։ Ոստիկանությունը 2020 թ․ հունիսի 15-ին պատասխան գրությամբ հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե տեղեկությունը անձնական տվյալներ է պարունակում։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: 

• ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի դեկտեմբերի 23-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել քանակական տվյալներ արցախյան պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած զինվորների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ նշելով, որ տվյալները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ նույն ժամանակահատվածում «Փաստինֆո»-ի (www.pastinfo.am) նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան Նախարարությունh այս տեղեկությունները մերժել է տրամադրել  պետական ու ծառայողական գաղտնիք լինելու հիմնավորմամբ․ եթե պահանջվող տեղեկությունը մերժման ենթակա է, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու պայմանը կիրառելն անօրինական է: 

• Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան

«Առավոտ» պարբերականի (www.aravot.am) լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 2020թ. հուլիսի 2-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել ԱԺ պատգամավորների՝ 2019թ․-ի փետրվարից 2020թ․-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգևավճարների մասին տեղեկություն։ Մասնավորապես, խնդրել է տրամադրել տեղեկություն, թե նշված ժամանակահատվածում որքան գումարի պարգևավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը: ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները՝ նշելով՝ «Պատգամավորների վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր և դրան վերաբերող տեղեկությունները ևս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն։ 
 

• «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել INFOCOM (www.infocom.am) լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ 2020թ. հունվարի 15-ին լրագրողը ուղարկել էր տեղեկություն ստանալու հարցում, որը սակայն մնացել էր անպատասխան։ ԻԱԿ-ը ևս իր անունից նույնաբովանդակ հարցում ուղարկեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ և այդ ընկերության կողմից գործարկվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր նշել՝ քանի տոննա պոչանք կա Արարատի ցիանային պոչամբարում և ինչ նյութեր է պարունակում այդ պոչանքը, ինչպիսի պաշտպանիչ շերտ ունի պոչամբարը և ստորգետնյա հոսքերով արդյոք պոչանքը չի հոսում նաև տարածում առկա ձկնաբուծական լճերը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ստուգել են երբևէ պոչամբարի հարակից հողերի, լճերի և այդ լճերում առկա ձկնեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունը, եթե այո, ապա տրամադրել ստուգումների արդյունքները: ԻԱԿ-ի էլեկտրոնային և գրավոր հարցումները ևս, որոնք կրկնվել են նաև հունիսին, մնացել են անպատասխան: 

 • ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ. ապրիլի 13-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA)՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիային առնչվող զեկույցը և/կամ զեկույցի ամբողջական տեքստի հղումը։ ՔԱԿ-ը հրաժարվել էր տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե զեկույցը հրապարակման ենթակա չէ, սակայն չէր տրամադրել մերժման իրավական հիմքերը (http://www.givemeinfo.am/hy/case/2971/)։ Ուստի ԻԱԿ-ը 2020թ. ապրիլի 15-ին նույն պահանջով Քաղաքացիական ավիացիայի կոմիտե էր ուղարկել կրկնակի հարցում։ ՔԱԿ-ը նորից էր մերժել՝ նշելով, որ զեկույցը ծառայողական օգտագործման համար է և պարունակում է ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։ ՔԱԿ-ի երկրորդ մերժումը ևս ԻԱԿ-ը որակել է անհիմն, քանի որ զեկույցում ծառայողական գաղտնիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն չի կարելի գոնե մասնակի հրապարակել: 

 

• Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Երվանդ Սերոբյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, նշելով, որ 3.09.2019թ.-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՇՊՀ ռեկտորին՝ խնդրելով տրամադրել համալսարանին առնչվող քաղաքական գործերից մեկով փաստաբանի ծառայությունների համար վճարված գումարի վերաբերյալ տեղեկություն։ Համալսարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջված տեղեկությունը՝ այն համարելով հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։ 2020թ. մայիսի 27-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել ՇՊՀ։ Պատասխան գրությամբ 04.06.2020 թ.-ին համալսարանը անհիմն մերժել է տրամադրել տեղեկությունը՝ որպես հիմք նշելով անձնական տվյալների պաշտպանությունը։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: 

• Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյան

2020թ.-ի փետրվարի 27-ին «Հետք» առցանց պարբերականի (www.hetq.am) լրագրող Տիրայր Մուրադյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2020թ․ փերվարի 27–ն ընկած ժամանակահատվածում Զոլաքար համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու կողմից ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Սահմանված ժամկետներում պատասխան չստանալով՝ ապրիլի 14-ին լրագրողն ուղարկել էր կրկնակի հարցում։ Երկու դեպքում էլ հարցումները մնացել են անպատասխան:

 • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի մայիսի 23-ին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքան գումար է ծախսվել 2020 թվականի ընթացքում կառույցի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով և քանի աշխատակից է պարգևատրվել 2019 թ․ ընթացքում։ Պատասխան գրության մեջ տեսչական մարմինը տրամադրել էր միայն  ակտիվ հղում, որը սակայն տանում է դեպի տեսչական մարմնի պաշտոնական կայքի դատարկ էջ և պահանջվող տեղեկությունը ստանալ հնարավոր չէ: 

 • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև ահազանգ է ստացել «Հրապարակ» թերթից։ Մեր գործընկերները նշում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց պարբերականի լրագրողների նկատմամբ տեղեկություն տրամադրելու գործընթացում խտրական վերաբերմունք է դրսևորում և անհիմն մերժում տեղեկություն տրամադրել։  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է՝ Քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել բանավոր և նախընտրում են գրավոր հաղորդակցումը՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։ 
ԻԱԿ-ը 2021 թվականի ընթացքում ամենայն ուշադրությամբ կհետևի Քաղաքապետի աշխատանքին և տեղեկատվության ազատության գործընթացում խտրականության որևէ դրսևորման դեպքում Քաղաքապետը կներառվի Սև ցուցակում։