ԲՈԿ-ը հերքում է՝ Գաբրիելյանին փաստաթուղթ չի տրամադրել

ԲՈԿ-ը հերքում է՝ Գաբրիելյանին փաստաթուղթ չի տրամադրել

Փետրվարի 11-ին մենք լուր էինք հրապարակել, ըստ որի՝ ԵՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոր թեկնածու ունի՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մեզ ԵՊՀ-ից փոխանցել էին, որ Գաբրելյանին ԲՈԿ-ը համապատասխան փաստաթուղթ է տրամադրվել, որով նա կկարողանա մասնակցել ընտրություններին։ Գաբրիելյանը ԱՄՆ-ում ստացել էր դոկտորի գիտական աստիճան, ինչը Հայաստանում հավասարազոր է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի, ինչը վկայում է այն մասին, որ նա չի կարող մասնակցել ԵՊՀ ռեկտորի ընտրություններին, քանի որ դրանց մասնակցելու համար պահանջվում է գիտությունների դոկտորի կոչում։ ԵՊՀ-ում բացասաբար էին վերաբերվում Գաբրիելյանի թեկնածությանը եւ կարծում էին, որ  ԲՈԿ-ը խախտել է օրենքը՝ Գաբրիելյանի համար գիտությունների դոկտորի կոչմանը համապատասխանելու մասին փաստաթուղթ տրամադրելով։

Մեր հրապարակումից 8 օր անց Բարձրագույն որակավորման կոմիտեից ստացել ենք հերքման տեքստ Գաբրիելյանին նման փաստաթուղթ տրամադրելու մասին․ «Տեղեկացնում ենք, որ Վաչե Գաբրիելյանն իր «Դիսկուրսիվ համեմատական կառավարում՝ սեփականաշնորհման օրինակով» ատենախոսությունը պաշտպանել է Նյու Ջերսի նահանգի Ռատգերս պետական համալսարանի Նյուարկի բարձրագույն դպրոցում և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովում համապատասխանեցման արդյունքում 2000 թվականի հունվարի 19-ին ԲՈՀ-ից ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Գիտությունների դոկտորի կամ որևէ այլ վկայագիր նրան չի շնորհվել»,- ասված է ԲՈԿ-ի գրությունում։