Մելքոնյանի թոռանը չեն կարողանում հայտնաբերել

Մելքոնյանի թոռանը չեն կարողանում հայտնաբերել

Երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջ կրթահամալիրում տեղի ունեցած դանակահարությունից հետո իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նույն քոլեջի ուսանող, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին։ 

Մենք նաեւ տեղեկացանք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Մեր տեղեկություններով՝ քննչական կոմիտեն որեւէ գործողություն չի նախաձեռնում՝ ենթադրյալ դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ քննչական կոմիտեից, խնդրեցին՝ սպասել։