Վրաստանում միջազգային այցելուների թիվը գերազանցել է 8 միլիոնը

Վրաստանում միջազգային այցելուների  թիվը գերազանցել է 8 միլիոնը

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստան միջազգային այցելուների կամ ճամփորդողների թիվն առաջին անգամ գերազանցել է ութ միլիոն մարդը։ Աճը կազմել է 6,8 տոկոս։ Ընդ որում, միջազգային այցելուների թիվը կազմել է 6,6 միլիոն, իսկ տուրիստական այցերինը՝ 4,4 միլիոն։

Աճը, համապատասխանաբար 6,2 տոկոս եւ 6 տոկոս։ Միայն հոկտեմբերին Վրաստանում ֆիքսվել է 782,6 հազար միջազգային ճամփորդող կամ այցելու, ինչը 8,8 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Վրացական տուրիզմի պատասխանատուները հայտարարել են, որ ակտիվ գովազդային արշավներ են իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, Բալթիկայի երկրներում, Պարսից ծովի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայում, հատկապես՝ Ուզբեկստանում, Ղազախստանում եւ այլն։ Շարունակվում են ակտիվ արշավները Լեհաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Քուվեյթում, Իսրայելում։ Գովազդային արշավներն ընթանում են National Geographic, Google եւ CNN մեդիա հեղինակավոր ռեսուրսների միջոցով։

Ամենաշատ այցեր եղել են Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից՝ համապատասխանաբար աճը եղել է +12.7%, +7.7%, +15.2%, +16.9%։ Միջազգային ճամփորդողներից ստացված եկամուտը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է մոտավորապես 2,8 միլիարդ դոլար, ինչը 25 միլիոն դոլարով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Միայն հոկտեմբերին այս ոլորտից ստացված եկամուտը կազմել է 267 միլիոն դոլար, որը 13 միլիոնով ավելին է անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ։ Նշենք, որ Վրաստանի ՀՆԱ-ում առաջին եւ երկրորդ եռամսյակների համար տուրիզմի մասնաբաժինը կազմել է 7,7 տոկոս, աճը՝ +19.7%։