Անգամ 2008-ին նման խիստ կանոններ չկային ԶԼՄ-ների համար
Արտակարգ իրադրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ մտցնելը Հայաստանի իշխանությունների համար սովորույթ է դառնում: Նորանկախ Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց 1996 թվականին, սակայն առավել հիշարժանը Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո հայտարարված 20-օրյա արտակարգ դրությունն էր։
Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշումներ միշտ են եղել, սակայն համատարած սահմանափակումներ կիրառվել են միայն 2008-ին, երբ, ի թիվս այլ իրավունքների սահմանափակումների, հստակ ամրագրվեց. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում։ Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացումն արգելվում է»։ Շատ թերթեր նվաստացուցիչ այդ պայմաններին չհամաձայնեցին ու պարզապես դադարեցրին տպագրությունը:
«Ի՞նչ նպատակ են հետապնդում մամուլի գործունեության նման սահմանափակումները» հարցադրումն այն ժամանակ հնչում էր շատերի շուրթերից: Պաշտոնական պարզաբանումն այն էր, թե շիկացած մթնոլորտը թուլացնելու նպատակով է: Մի կողմից՝ արգելում էին ընդդիմադիր թերթերին ներկայացնել պաշտոնականից տարբերվող կարծիք, մյուս կողմից՝ իշխանական ԶԼՄ-ներով հուժկու քարոզչություն էր գնում, որ ոստիկանների կողմից կրակոցներ չեն եղել, որ ցուցարարներն են նախահարձակ եղել եւ այլն: Սակայն ինֆորմացիոն վակուում չառաջացավ, քանի որ ինֆորմացիայի պակասը սկսեցին լրացնել սոցցանցերը, դրսի հարթակները։ Ստեղծվեցին ընդհատակյա թերթեր, նոր կայքէջեր՝ դրսի սերվերների վրա: Սակայն սահմանափակումների պատճառով սկսեց ծաղկել նաեւ հանրային բամբասանքը։ Արտակարգ դրության 20 օրերի ընթացքում իշխանությունը հիմնականում զբաղված էր բամբասանքների միջոցով տարածվող լուրերի հերքմամբ։
Մարտի 10-ին մեկ այլ հրամանագրով նախագահը փոփոխություններ կատարեց արտակարգ դրություն մտցնելու մասին իր նախորդ հրամանագրում։ Պաշտոնապես դա ներկայացվեց որպես սահմանափակումների մեղմացում, ըստ Ռ. Քոչարյանի՝ եթե մինչ այդ գործում էր «ինչ է միայն կարելի հրապարակել» սկզբունքը, ապա այդ փոփոխություններով սահմանվեց, թե «ինչ չի կարելի հրապարակել»։ Բայց սա ԶԼՄ-ների համար ոչ մի նշանակալի փոփոխություն չբերեց, շարունակեցին գործել խաղի նույն կանոնները։ Արտակարգ դրությունից հետո մամուլը սկսեց հրապարակել 20-օրյա ընթացքում չհրապարակված նյութերը, եւ իշխանություններն անցան ընդդիմադիր լրատվամիջոցներին ճնշելու այլ եղանակների՝ հարկային, ֆինանսական, հոգեբանական ճնշումներ։ Սակայն արտակարգ դրության ավարտից հետո որոշ լրատվամիջոցներ դիմեցին Եվրոպական դատարան՝ իրենց իրավունքների սահմանափակման, կրած վնասների փոխհատուցման հայցով:
2020 թվականի մարտի 16-ին էլ Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց՝ կորոնավիրուսով պայմանավորված: Կրկին ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսված լրատվամիջոցների համար:
Մեր օրերում, երբ ողջ աշխարհում կյանքը պտտվում է կորոնավիրուսի առանցքի շուրջ, լրատվամիջոցներին արգելվել է գրել ոչ միայն Հայաստանում, այլեւ այս վիրուսի վերաբերյալ արտերկրում տիրող իրավիճակի, տվյալների, վերլուծությունների մասին: Թույլատրվում է հղում անել բացառապես «պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությանը»: Եվ ո՛չ քաղաքապետերը, ո՛չ մարզպետները, ո՛չ նույնիսկ պատգամավորները չեն կարող համարվել պաշտոնական տեղեկատու:
Սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից, հակառակ դեպքում լրատվամիջոցները կտուգանվեն՝ մինչեւ 800 հազար դրամ։
Իհարկե, գործ ունենք տարբեր իշխանությունների ու տարբեր իրավիճակների հետ, բայց արտակարգ ռեժիմի մի քանի օրերն ու իշխանությունների պահվածքը վկայում են ոչ այնքան իրենց կողմից հանրային անվտանգության եւ առողջության պատասխանատվության, որքան լրատվամիջոցներին նեղը գցելու, նրանց համար խոչընդոտներ ստեղծելու, ֆինանսական վնասներ հասցնելու մոլուցքի մասին: Հակառակ դեպքում ԶԼՄ-ները, գրաքննելու փոխարեն, խանութներում հասարակական կարգի պահապաններ կնշանակվեին, թույլ չէին տա կուտակումներ, համայնքներում չէին շարունակվի հավաքներն ու թաղումները:
Արտակարգ դրության նախագծով սահմանված՝ «խուճապ տարածող հրապարակումների արգելումն» իշխանություններին հնարավորություն է տալիս արգելել տառացիորեն ամեն ինչ։ Անգամ այնպիսի հրապարակումներ, որոնք ոչ մի կապ չունեն կորոնավիրուսի հետ։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, 2008-ին ՀԱԿ մաս կազմող Պետրոս Մակեյանն ասում է, որ իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքն ակնհայտ էր նաեւ մինչեւ արտակարգ դրություն մտցնելու պահը, երբ Հայաստանում կար վարակակիր անձ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով «կորոնավիրուսն ում շունն ա» սկզբունքով, ՍԴ յոթ անդամներին հեռացնելու հարցով հրավիրված հանրաքվեի քարոզարշավ էր իրականացնում՝ վտանգելով հանրության առողջությունը: Մակեյանը լավ է հիշում 2008-ի արտակարգ դրությունը, թեպետ փետրվարի 25-ից արդեն ձերբակալված է եղել, բայց շեշտում է, որ այս եւ նախկին իշխանությունների միջեւ տեսակային էական տարբերություն կա. «Եթե նախկինները մարդակեր էին, սրանք դեռ նոր են մտնում պրոցեսի մեջ, ի՞նչ կստացվի արդյունքում, չեմ կարող ասել»: Իսկ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների մասին կարծում է. «Իրականում, այո, այս իրավիճակում եթե սադրիչ նյութեր լինեն, հնարավոր է պրոցեսներն ապակայունացնեն, բայց ես չեմ կարծում, որ կայացած լրատվամիջոցները կգնան նման քայլի, ու չպիտի օգտվել իրավիճակից եւ այլ կամայականություններ թույլ տալ: Ինչպես, օրինակ, սրանից առաջ էլ նախարարի կենսագրությունը թաքցնելու վերաբերյալ ուղղակի աբսուրդ տեղի ունեցավ, փոխանակ նախարարը պատժվեր կենսագրական տվյալ թաքցնելու համար, այլ գործընթացներ սկսվեցին: Բայց, կրկնում եմ՝ եթե նախկինում իշխանություն պահելու խնդիր էր դրված, այժմ՝ հանրային առողջության»:
ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն էլ բացարձակ անհամեմատելի է համարում 2008-ի եւ այսօրվա իրավիճակը. «Այսօր, երբ դիտարկում եմ «կարելի»-ների եւ «չի կարելի»-ների ցանկը, տպավորություն է, որ, բացառությամբ ԶԼՄ-ների վրա պրեսսինգից, ամեն ինչ կարելի է»։
«Այո, ընդունում եմ, որ արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցները պետք է ցուցաբերեն հնարավորինս զգուշություն, զգոնություն, ձեռնպահ մնան սկանդալային հրապարակումներից, որպեսզի խուճապ չտարածեն։ Սա չի քննվում, սա աքսիոմ է: Սակայն ես փորձեցի «Հրապարակի» հեռացված հրապարակման մեջ, որը պարեկատան կողմից վիճահարույց էր համարվել՝ «Արմավիր» ՔԿՀ-ում բունտ է հասունանում, քանի որ դատապարտյալներին սիգարետ չի հասնում, փորձեցի այստեղ գտնել արտակարգ դրության սահմանված օրենքի վարքականոնի որեւէ խախտում, այդպես էլ չգտա: Գիտեք, այս տրամաբանությամբ ամեն ինչն էլ կարելի է բերել ու կապել կորոնավիրուսի հետ եւ ասել, որ տեղի է ունեցել խախտում: Նույն տրամաբանությամբ ինչ-որ մեկը կարող է գրել, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին հարակից կառուցվող շինությունն այնքան էլ որակյալ չեն անում կամ հապճեպ են անում, ու դա եւս համարվի խախտում: 2008-ին էլ նման խիստ կանոններ չկային, ու չի կարելի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Ես հիշում եմ, որ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմեցին դատարաններ, դիմեցին անգամ ՄԻԵԴ, որովհետեւ այդ ընթացքում հրապարակելով միայն պաշտոնական տեղեկություններ կամ ընդհանրապես չհրապարակելով՝ մեծ վնասներ էին կրել, ընթերցող կորցրել»: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ից մինչեւ 20-ը լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումների հայցով Եվրոպական դատարան էր դիմել «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դեռեւս որոշում չի կայացվել։
Կարծիքներ