Հնդիկների դեմ ստորագրահավաքը կասեցված է. ԱԳՆ-ն բացառում է խտրականությունը

Հնդիկների դեմ ստորագրահավաքը կասեցված է. ԱԳՆ-ն բացառում է խտրականությունը

Այսօր change.org կայքը արգելափակել է հնդիկների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ էլեկտրոնային ստորագրահավաքը, հավանաբար, համարելով այն ռասիզմի դրսևորում: Հունվարի 4-ից, հիշեցնենք, սոցցանցերի հայկական տիրույթում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու պահանջով ստորագրահավաք էր անցկացվում: «Հրապարակը» դիմեց ՀՀ արտգործնախարարություն, խնդրելով արտահայտել ՀՀ արտգործնախարարի դիրքորոշումը ստորագրահավաքի վերաբերյալ: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ փոխանցեց հետևյալ պատասխանը. «Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը»:

Ստորագրահավաքի հեղինակը երևանցի Սարգիս Տեր-Եսայանն է: Հունվարի 4-ին պահանջ-նամակով դիմել էր նորընտիր Ազգային ժողովին, առաջարկելով արգելել աղքատ տերությունների բնակիչների` հնդիկների  և պակիստանցիների մուտքը Հայաստան, քանի որ նրանք մեզ ոչինչ չունեն տալու: «Նկատենք, որ մեզ մոտ գալիս են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքերը: Իրենց ներգաղթով նրանք առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանացնեն ու հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Այս պահին էժան ու սև գումար են աշխատում ջերմոցներում,վարսավիրանոցներում, ավտո լվացման կետերում, շուկաներում, նաև սննդի կետերում, առանց առողջության մասին փաստաթղթի: Սա անհետևանք չի մնա: Աղետալի կլինի նաև դեմոգրաֆիական առումով»:

Նամակագրին երկար ցիտելը նույն ռասիզմի քարոզ կարող է դիտվել: Ի վերջո, քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը ոչ ոք չի չեղարկել, իսկ այն ասում է. «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով»: 
Ուստի սահմանափակվենք այսքանով, համարելով «պահանջատիրական նմակագրությունը» հետհեղափոխական իրողություններից: Օրական տասնյակ նամակներ են հպարտ քաղաքացիները հրապարակում սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, բայց այս մեկը ստորագրեց մոտ 1000 մարդ: Այն  մեծ արձագանք գտավ սոցցանցերում: Պարզվում է, մինչ հայաստանցիների մի ստվար մասը զմայլվում էր հնդկական սերիալներով, մյուսը սուսուփուս ատում էր մեր թխամորդ եղբայրներին և  առիթ էր փնտրում դուրս թափելու ատելությունը: «Թող ինձ անվանեն անհյուրընկալ, բայց այս մի բուռ հողում չեմ ուզում ապրելու, հաստատվելու մտադրությամբ այլազգի տեսնել` պարսիկն, ազերին, թուրքը, վրացին մեզ լրիվ հերիք են, մեր տարածքներում լավ տեղավորվել են, հիմա էլ այլոց աճացնելու նպատակ չունեմ», - գրում է ՖԲ օգտատեր Մարինե Խաչատրյանը: «Մի քանի տարուց մեծամասնություն են դառնալու ու հայերին վտարեն Հայաստանից»,- գրում է հայտարարության տակ ստորագրած մեր հայրենակիցներից ֆեյսբուքյան մի օգտատեր Անի անունով, որը բնակվում է Ֆրանսիայում: Որքան էլ զարմանալի է, սփյուռքահայերն առաջին ստորագրողներն են:  

Թվում էր, թե գոնե նրանք պետք է պաշտպանեն Հայաստանում բնակվող հնդիկներին: Էլ ով ավելի լավ կհասկանա օտարության մեջ մի կտոր հաց հայթհայտողին, եթե ոչ հին ու նոր հայ գաղթականը: Բայց արի ու տես, որ անգամ նրանք են այս օրերին միացել հնկատյացներին: Նույնիսկ Խանտի-Մանսիյսկից մի խումբ խոպանչիներ ոգևորված ստորագրեցին հայտարարության տակ, իրենց հակակրանքը արտահայտելով Երևան «լցված» հնդիկների և պակիստանցիների նկատմամբ: Ինչո՞ւ հատկապես հնդիկների և պակիստանցիների: Ահա ինչպես է բացատրում շարժման «գաղափարական» կողմնակիցներից մեկը`քաղաքագետ Հայկ Բալանյանը. «Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով, հիմնականում Հնդկաստանից, ինչը լուրջ խնդիր է դառնալու մեր համար: Մեջքներին էլ միջուկային տերություն է մեկ միլիարդ բնակչությամբ, քթներիցս գալու է, երբ դառնան քանակ, երբ հրավիրող դեգեներատները գործից հանեն ու դրանք կմնան ստեղ առանց գործ, եկամուտ ու վերադարձի հնարավորության: Ներգաղթյալները կոպեկներով աշխատում են ավտոլվացման կետերում, գյուղատնտեսության մեջ ու փաստացի նպաստում են տնտեսության ամենաարատավոր մոդելի ձևավորմանը», - շարադրել էր նա իր մտքերը դեռևս դեկտեմբերի սկզբին:

Հնդիկների ներհոսքի ավելացման պաշտոնական բացատրությունը այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N1435-Ն որոշմամբ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները 2017 թվականի նոյեմբերի 22-ից սկսած ՀՀ մուտքի արտոնագրեր կարողանում ենք ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև «Էլեկտրոնային վիզա» համակարգի միջոցով: Ահա ինչու վերջին երկու տարում Հնդկաստանի քաղաքացիների աճ է նկատվել: Ըստ ԱԳՆ տվյալների, 2016 թվականին Հնդկաստանի Հանրապետության 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10 642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 659։

Զզբոսավար, «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը վստահեցնում է, որ գրեթե ամեն տարի էլ մի նմանատիպ դեպքի ականատես է եղել: «Մե՛կ իրանցի զբոսաշրջիկներն են ատելության թիրախում, մե՛կ հայ կինը սևամորթ ամուսնու հետ, հիմա էլ հնդիկները, - ասաց նա «Հրապարակին»,- խնդիրը խորքային է, ու այն, ինչ պարբերաբար տեղի է ունենում, լուրջ ազդակ պիտի լինի նաև իշխանությունների համար, որ գործ ունենք մարտնչող տգիտության հետ:

Մյուս կողմից էլ, որպես տուրիզմի պրակտիկ մասնագետ, պետք է նշեմ, որ եվրոպացիների հետ նման խնդիրները համեմատաբար քիչ են: Ճիշտ է, երբեմն այլատյացությունն իրեն զգացնել տալիս է նաև արևմտյան հյուրերի մասով, բայց անհամեմատ ավելի քիչ է: Այստեղ, երևի, մշակութային խնդիր էլ ունենք: Քիչ չէ նաև ԶԼՄ-ների դերը: Մեր քաղաքացիներն ամբողջ օրն ընթերցում են Հնդկաստանում բռնաբարությունների ու բռնությունների մասին, ինչն, իհարկե, անհետևանք չի մնում: Մարդկանց մոտ ձևավորվում է կարծրատիպ, թե եվրոպացիները բոլորը գեյ են, պարսիկները՝ հարբած փղերով, հնդիկներն էլ՝ սեռաքաղց ու բռի: Մեդիան մեծ գործ ունի անելու: Դե ԿԳՆ` էլ չասեմ»: