Նախարարի նորն է լավը, ավանդույթի՝ հինը

Նախարարի նորն է լավը, ավանդույթի՝ հինը

Մեր չնաշխարհիկ նախարարուհիներից մեկը՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, գուժել է, որ շուտով պարեկների մեքենաների գլխին (իր խոսքով՝ տանիքին) հատուկ սարքեր են տեղադրվելու, որոնք կտուգանեն ծխող, հեռախոսով խոսող եւ ամրագոտի չկապող վարորդներին: Ի՞նչ ասեմ, իմ բախտն այդպես էլ չբերեց ներքին գործերի նախարարների եւ ոստիկանապետերի հարցում: Հա՛մ ծխում եմ, հա՛մ հեռախոսով խոսում, հա՛մ էլ ամրագոտի չեմ կապում: Ասա՝ նորանշանակ նախարար ես, չէի՞ր կարող մի բարի լուրով ավետել պաշտոնամուտդ, մենք էլ լսեինք ու ասեինք՝ դե ՆԳ կին նախարարն ուրիշ է, էլի, խղճով է, բարի է, էն եզ, ոչինչ չհասկացող տղամարդկանց նման չէ: Եկած-չեկած, Արփինե ջան (ինչ էլ սիրուն անուն ունես), հայտարարում ես՝ բռնելու եմ, տուգանելու եմ, կաշիներդ քերթելու եմ… Ու, իբր, չգիտես, որ տեսանկարահանող սարքերով չի կարելի «մտնել» ավտոմեքենայի սրահ, բնակարան, մարդկանց անձնական կյանք… Ես իմ ավտոմեքենայի մեջ ամեն ինչով էլ զբաղվում եմ: Եվ, ուրեմն, որքանո՞վ է գեղեցիկ եւ պատշաճ, որ դուք գաղտնալուսանկարեք կամ գաղտնատեսանկարահանեք այդ ամեն ինչը: Եվ կամ՝ այդքանն անելուց հետո ինչո՞ւ պարեկների մեքենաների գլխին գաղտնալսող սարքեր էլ չեք տեղադրում, որ ավելի շատ տուգանեք վարորդներին:

Հլա նախկինների մասին մի բան պատմեմ, լսիր, Արփինե ջան: Ուրեմն մի անգամ, երբ դեռ Վլադիմիր Գասպարյանն էր ոստիկանապետը, իմ ավտոմեքենան նկարել էին սխալ տեղում կայանելու համար եւ ակտը, տեսանյութով հանդերձ, ուղարկել մեր տուն: Ես տանը չէի եղել, հանձնել էին տիկնոջս եւ գնացել: Կինս էլ հետաքրքրության համար բացել էր տեսանյութը… Թվում է՝ դրա մեջ ոչ մի կրիմինալ չկա՝ ինքը, իր ամուսինը, իր ամուսնու մեքենան, բա չիմանա՞ ինչ խախտում եմ արել: Ու մեկ էլ ինչ է տեսնում… Ահա՝ ես կանգնում եմ չթույլատրված տեղում, բացում եմ դուռը, իմ ամբողջ ֆիզիանոմիայով իջնում մեքենայից, իսկ ինձնից հետո մեքենայից իջնում են նաեւ մի խումբ շիկահեր աղջիկներ, որոնց ինքն առաջին անգամ է տեսնում… Քո թույլտվությամբ, սիրելի Արփինե, ես չեմ նկարագրի այն ամենը, թե ինչ տեղի ունեցավ մեր տանը, երբ երեկոյան վերադարձա ու հայտարարեցի, որ սոված չեմ, համ էլ սարսափելի հոգնած եմ… Կնշեմ միայն, որ ես այդ ակտը բողոքարկեցի, իսկ Վլադիմիր Գասպարյանն իր ենթականերին օդերով հանեց՝ վարորդին բացահայտ նկարելու եւ նրա կյանքը հանրայնացնելու համար: Այդ օրվանից էլ տուգանքների տեսանյութերում ավտոմեքենայի դիմապակին փակում են սեւ շերտով, բա՞: Իսկ դու, Արփինե ջան, ասում ես՝ այնպիսի սարքեր եմ դնելու, որ մեքենայի միջից դուրս եկող ծուխն էլ երեւա…

Ես ավելի լուրջ առաջարկ ունեմ: Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանում «Կրթվելը նորաձեւ է» անվանումով շարժում է ստեղծվել, որի հիմնադիրները, հիմնարկից հիմնարկ, կրթօջախից կրթօջախ, մարզից մարզ ընկած, կրթում են ՀՀ հպարտ քաղաքացիներին: Եթե կարելի է կրթել ԵՊՀ-ն, Մատենադարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ամբողջական մարզեր, ինչո՞ւ չի կարելի կրթել մարդկանց անձնական կյանք սողոսկող ՆԳՆ-ն կամ տուգանքի մատերիալ վարորդներին, որոնք ծխում են, հեռախոսով խոսում են ղեկին եւ ամրագոտի չեն կապում: Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանակ չե՞ն գտնի դրա համար: Այ Դուք, տիկին նախարարուհի, կարծում եք, որ վթարների մեծ մասը վարորդների անուշադրության հետեւանք է՝ ղեկին ծխելու, հեռախոսով խոսելու, ամրագոտի չկապելու եւ այլն: Նիկոլն ու Աննան, երբ գան ձեզ մոտ, վստահ եմ, կխոսեն նաեւ այլ տիպի վթարների մասին, որոնք ծագում են բացառապես ՆԳՆ-ի, ոստիկանության եւ պարեկների մեղքով: Դիցուք՝ նշագծումների բացակայությունը, ճանապարհային նշանների վատ տեսանելիությունը, լուսացույցների ոչ ճիշտ աշխատանքն ու դրանց վրայի կեղտը, 300-500 մետր հեռավորությունից վարորդական իրավունք ստացողների թվի հսկայական աճը, մեքենաների տեխզննության ձեւականությունը, մինչեւ խաչմերուկի եզր հասնող կարմիր գծերի ոչ մի կերպ չկարգավորվող բիզնեսը եւ անգամ՝ կողմնակի եկամտից զրկված ավտոբուսների վարորդների կողմից «կազմակերպվող» անիմաստ խցանումները: 

Ասելս ի՞նչ է… Մարդկանց պետք է կրթել, ու կապ չունի՝ ԿԳՄՍ նախարար է, թե ՆԳ նախարար, Mercedes-ի վարորդ է, թե Opel-ի վարորդ: Տուգանելը երբեք էլ նորաձեւ չէ, ավելին ասեմ՝ դա հին սովորություն է եւ տգեղ ավանդույթ: